02.11.2012 16:52 |
Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իսկական տոն էր՝ բերքի տոն։ Արցախի 21-ամյա պատմության մեջ առաջին անգամ էր նշվում գյուղատնտեսի օրը, ու նաեւ առաջին անգամ էր նման մակարդակով բերքի
տոն կազմակերպվում։ Գյուղատնտեսական բոլոր բնագավառների համար տարին նպաստավոր էր ու ինչպես սպասվում էր՝ բերքն էլ առատ։ Բերքի տոնին մասնակցում էին հանրապետության բոլոր շրջանները։ Կողք-կողքի շարված անվերջ թվացող վաճառասեղաններ էին՝ բերք ու բարիքով լեցուն, մարդիկ էլ առավել բարի, խանդավառված։ Վաղ առավոտից շատերն արդեն հասցրել էին գնումներ կատարել։ Ի դեպ, գները շուկայականից բավականին ցածր էին՝ մատչելի բոլորին։ Բերքի այսչափ առատությունն էլ՝ ուրախալի ու ոգևորիչ։ Չէ որ այլ պարենամթերքների թանկացմանը զուգահեռ միրգն ու բանջարաղենը կպահպանեն իրենց կայուն գները ու դեռ հուսով ենք, նախորդ տարվա համեմատ կէժանան։ Տարեց-տարի մեր հասարակությունն առավել վստահորեն ու լրջորեն է մոտենում գյուղատնտեսական աշխատանքներին, քանի որ անչափ գիտակցում է, հենց հողն է իրեն կերակրողը, բերք ու բարիք տվողը։ Ու այսօր, մայրաքաղաքի Վերածննդի հարապարակում հպարտորեն կանգնած են մի ամբողջ հանրապետություն կերակրողները։ Այո, նրանց բազկի ուժով Արցախի սահմաններից անդին վտարվեց թշնամին, եւ այդ նույն բազուկներն այսօր հաց են արարում։ Ասկերանի շրջանն ամենայն պատասխանատվությամբ ու պարտքի բարձր գիտակցումով էր նախապատրաստվել բերքի տոնին։ Ներկայացել էին շրջանի տարբեր գյուղերից և գնորդներին էին ներկայացրել իրենց գյուղում առավել լավ աճող այս կամ այն բերքը։ Բավականին հարուստ տեսականիով էր ներկայացել մեր շրջանը՝ §Արցախ Բրենդի¦ ՓԲ ընկերությունն իր աշխարհահռչակ թթի օղիով եւ այլ խմիչքների տեսականիով, §Վարանդան¦ իր կաղնե տակառներով, §Արցախ ֆրուտ¦-ն իր բազմապիսի պահածոներով, §Տոհմային Կայան¦ ՓԲԸ ցեղային հորթերով և այլն։ Օրը հագեցած էր նաեւ տարբեր մշակութային միջոցառումներով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|