ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
03.12.2012 15:15

  Հասարակության կերտած  արժեքներից կարևորագույնը միշտ եղել և մնում են կրթօջախները: Այդպիսի յուրօրինակ կրթօջախներից է Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, որն իրականացնում է օրինակելի գործունեություն ի օգուտ մատաղ սերնդի և մեր պետության զարգացման: Այստեղ սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով իրականացվում է լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեություն, ստեղծված են պայմաններ նրանց հետաքրքրությունների զարգացման համար, զբաղվում են ստեղծագործական ունակությունների զարգացմամբ, ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Ասկերանի ՄՊՍԿ-ն իր առաքելությունն է համարում կրթել և դաստիարակել Արցախի անկախության և հզորացման համար արժանի անհատների: Կրթօջախը հիմնվում է ժողովրդավարական, մարդասիրական, ազգային ու համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա: Համերաշխ կոլեկտիվն ունի նաև իր նշանաբանը. աշխատել թիմով, օգնել միմյանց, աջակցել և սովորեցնել` հանուն ընդհանուր գործի: Այստեղ բոլոր մասնագետները ջանք ու եռանդ չեն խնայում իմացածը երեխաներին հաղորդելու գործում:

   Îենտրոնում գործում է 36 խումբ` 340 աշակերտի ընդգրկմամբ, գործում են մասնաճյուղեր 10 համայնքում (Ասկերան, Նորագյուղ, Խնապատ, Խրամորթ, Իվանյան, Այգեստան, Պատարա, Շոշ, Ավետարանոց, Ակնաղբյուր): Սաների և ուսուցիչների ուժերով անցկացվում են բազմաբնույթ մրցույթներ, ստուգատեսներ, ցուցահանդեսներ: Կենտրոնն ակտիվ մասնակցություն է ունենում նաև շրջանային և հանրապետական տարբեր մրցույթ - փառատոններին: Մեծ է դերակատարությունը կենտրոնի շրջանային և քաղաքային հիշարժան տոն օրերին նվիրված միջոցառումներին մասնակցելու գործում: Այդ միջոցառումների ժամանակ կազմակերպվում են ցուցահանդես - տոնավաճառներ, որտեղ ներկայացվում են սաների և ուսուցիչների ձեռքերով ստեղծված հրաշալի ստեղծագործություններ: Գոյացած գումարով  կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի պատմական Արցախի տեսարժան վայրեր։

  Վերջերս առիթ ունեցա լինելու մշակութային այդ կրթօջախում և մոտիկից տեսնելու այն ահռելի աշխատանքը, որը ստեղծվում է սաների և ուսուցիչների հմուտ ձեռքերով: Մի զարմանահրաշ տեսարանի հանդիպեցի. միջանցքի պատերին փակցված էին երեխաների տարաբնույթ ստեղծագործությունները: Ասես մի փթթուն այգում լինեի, ուր կարելի է զմայլվել Արցախի չքնաղ բնությամբ, անուշահոտ մրգերով, այստեղ Արցախի երկնակամարը բարձր էր, կապույտ ու խաղաղ, իսկ կենտրո-նում փառահեղորեն իրենց տեղն էին զբաղեցրել Սիսն ու Մասիսը: Կրթօջախի երեխաներն  ազատ ու անկաշկանդ էին և շրջապատված հոգատար և ուշադիր ուսուցիչներով: Այդ օրը կազմակերպվել էր լավագույն խմբակի մրցույթ, որի չափորոշիչներն էին երեխաների հաճախելիությունը, մեթոդական անկյունը, խմբակի կահավորությունը, ձեռքի աշխատանքները: Ութ խմբակի (խմբակավարներ` Հասմիկ Եսայան, Լիանա Գասպարյան, Մերի Գաբրիելյան, Էվելինա Ստեփանյան, Լուսինե Ավանեսյան, Նարինե Ներսիսյան, Ալյոնա Ենգիբարյան, Նարինե Մանասյան) սաներ մասնակցեցին մրցույթին: Ամեն մի խմբակ մտնելիս, զգացվում էր, թե ինչպիսի ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին նախապատրաստվել և՛ սաները, և՛ խմբակավարները: Բոլոր խմբակներում էլ առկա էին մեթոդական և ձեռքի աշխատանքների անկյունները: Ստեղծված էին այնպիսի գործեր, որ թվում է, թե մեծ վարպետներ էին իրականացրել: Ակնհայտ էր, թե ինչպիսի նրբությամբ ու խնամքով են ստեղծվել ու պահպանվել այդ աշխատանքները: Երեխաներն ազատ պատասխանում էին տնօրինության կողմից տրված հարցերին: Մրցույթն ավարտվեց պարի խմբակի ներկայացրած հիանալի հանդեսով: Հնչեցին երգեր և հմտորեն ներկայացվեցին պարեր: Մեծ եղավ երեխաների զարմանքը, երբ խոհանոցի խմբակի սաները հաճելի անակնկալ մատուցեցին ներկաներին՝ հյուրասիրելով նրանց իրենց հմուտ ձեռքերով պատրաստված քաղցրավենիքով: Քննարկումների արդյունքում առաջին տեղը կիսեցին ձեռագործության և պարի, երկրորդ տեղը զբաղեցրեց կվիլինգ և կանզաշիի խմբերը, որոնք արժանացան պատվոգրերի ու նվերների (խմբակավարներ` Լիանա Գասպարյան, Մերի Գաբրիելյան, Լուսինե Ավանեսյան):

   Ասկերանի ՄՊՍԿ աշխատախումբը՝ տնօրեն Հասմիկ Եսայանի գլխավորությամբ, միահամուռ ուժերով ստեղծելով այն ամենն ինչ ունի այսօր, նպատակ ունի էլ ավելի ընդլայնելու, զարգացնելու իր գործունեությունը: Քանզի խմբակավարները կարևոր են համարում մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության և հոգևոր զարգացման գործը: Եթե երեխան լինի նրբաճաշակ ու ճկուն, սովորի միշտ տեսնել ու գնահատել գեղեցիկն ու բարին, ուրեմն նա կդառնա հասարակության համար պիտանի անդամ և մենք շրջապատված կլինենք բարյացակամ, քաղաքակիրթ մարդկանցով:

   Խմբակավարները չեն դժգոհում, որ կան խնդիրներ կապված նյութատեխնիկական սարքավորումների, ջերմամատակարարման հետ, և կրթօջախի շենքը կապիտալ վերանորոգման կարիք ունի, նրանք իրենց աշխատանքը կատարում են անվերապահորեն, պատրաստակամությամբ: Չէ որ գործ ունեն անարատ երեխաների դաստիարակության հետ …

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter