ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁ
03.12.2012 15:23

  Նոյեմբերի 26-ին Ասկերանի շրջանային զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: Աշնան առաջին զորակոչն էր հայտարարված: 20 նորակոչիկներ պատրաստվում էին ծառայելու ԼՂՀ ՊԲ-ի շարքերում: Հավաքվել էին նրանց հարազատները, ընկերները, նրանց դասավանդող ուսուցիչները: Թեպետ, հարազատների համար տղաները դեռևս մի մատ երեխաներ են, ովքեր ցանկանում են մայրերի կողքին լինել, ճաշակել կյանքի քաղցրությունները, սակայն նրանք, միաժամանակ գիտակցում են, որ ամեն ոք պարտավոր է կատարել իր սուրբ պարտքը Հայրենիքի հանդեպ:   

  Նորակոչիկները ոգևորված էին ու նաև` մտազբաղ: Նրանք ցանկանում են այնպես նվիրել Հայրենիքի պաշտպանության գործին, որ միայն դրական արձագանքներ հասնեն ծննդավայր, միայն նրանց օրինակելի վարքի մասին խոսեն հարազատ կրթօջախներում: Հիրավի, ավելի դժվար է մայրերի համար, որոնց համար այդ երկու տարիները, թերևս շատ երկար կանցնեն: Երբ խոսեցի նորակոչիկի մայր Ալինա Հովսեփյանի հետ, հպարտությամբ լցվեցի բոլոր հայոց մայրերի հանդեպ: Արցունքներն իր մեջ խեղդելով ու միմիայն լավատեսորեն տրամադրվելով` մայրն առաջին հերթին բարի ծառայություն մաղթեց աշնանային առաջին զորակոչի բոլոր նորակոչիկներին.

  -Այո՛, մեր տղաները պետք է ծառայեն ՊԲ շարքերում, դա նրանց անժխտելի պարտքն է: Այսօր իմ առաջնեկին եմ ուղարկում ծառայելու, իհարկե փոքր-ինչ տխրում եմ` մտածելով, որ որդուս փորձություններ են սպասվում, միաժամանակ զգում եմ, որ նա այնտեղ կկոփվի, իսկական տղամարդ կդառնա և օրինակ կհանդիսանա կրտսեր եղբոր համար: Հպարտ եմ և համոզված, որ իմ տղաները Հայրենյաց արժանի պաշտպաններ կդառնան: Ցանկանում եմ բոլոր մայրերին կոչ անել լինել համբերատար և հպարտ, որ ունենք նման տղաներ:

  Ինչ խոսք, ուրախալի է, որ մեր տղաների մայրերն այդ կերպ են մտածում և համոզված ենք, որ նրանց դաստիարակած երեխաները պատվով կկատարեն իրենց սուրբ պարտքը: Քանի դեռ մեր ազգի ոխերիմ թշնամին քնած չէ, ուրեմն պետք է լինենք զգոն ու մշտարթուն և պահպանենք մեր պապերի և հայրերի արյան գնով ձեռք բերված խաղաղությունն ու ազատությունը:

  Բարի՛ ծառայություն և բարի՛ վերադարձ, սիրելի՛ տղաներ:

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter