ԽՈՍՔ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ |
03.12.2012 16:04 |
Յուրաքանյուր մարդ ծննդավայր ունի, սակայն ոչ բոլորն են կապված իրենց այրմատներին, մայր հողին ու ժողովրդին։ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրն էլ ունի գյուղից դուրս բնակվող համագյուղացիներ, ովքեր հոգով ու սրտով միշտ իրենց ծննդավայրի ու նրա բնակիչների հետ են։ Այդ երախտապարտ զավակներից մեկն էլ Արշավիր Սուրենի Ղարամյանն է, ով աշխատում և բնակվում մայրաքաղաքում։ Չնայած նրա բարդ ու պատասխանատու աշխատանքին, նա միշտ ժամանակ է գտնում հետաքրքրվելու գյուղի առօրյայով, պակաս-պռատով, իսկ հայրենակիցների համար ամենածանր պահերին միշտ նրանց կողքին է։ Արշավիր Ղարամյանի և Էդուարդ Աղաբեկյանի ջանքերով և սեփական միջոցներով գյուղում Արցախյան ազատամարտում զոհված ակնաղբյուրցիների հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցվեց։ Արշավիր Ղարամյանի ուշադրությունից դուրս չմնացին նաեւ Հայրենական պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին կանգնեցված հուշարձանի տարածքի բարեկարգման, վերանորոգման և սանիտարական մաքրման աշխատանքները։ Հենց նրա շնորհիվ է, որ գյուղը տարեց-տարի բարգավաճում է, կատարվում են նորանոր աշխատանքներ։ Հին գերեզմանատնից մինչև նորը, որն ունի ահագին հեռավորություն, պատ է շարվել ու ցանկապատվել։ Խորհրդային տարիներից հուշ մնացած հանդիսությունների տան մաշված ու կոտրատված նստարանները փոխեց ժամանակակից աթոռներով, տեղադրեց 250 հատ ժամանակակից կախիչներ։ §Հանդիսությունների տանը դեռևս անելիքներ շատ կան¦,- ասել է Արշավիր Ղարամյանը։ Ա. Ղարամյանի ջանքերով բարեկարգվել են գյուղամիջյան ճանապարհները, ինչը բավականին թեթևացրել է գյուղացիների հոգսերը։ Բայց սա դեռ բոլորը չէ։ Այսքանով հանդերձ նա հասցնում է ձեռք մեկնել նաև հարևան գյուղի բնակիչներին։ Ահագին աշխատանքներ է կատարել Մադաթաշենում։ Ավետարանոցում կառուցվող հուշարձանի նախաձեռնողներից առաջինն է հանդիսանում։ Ա. Ղարամյանի համար արդեն սովորություն է դարձել ակնաղբյուրցիների մասին հոգ տանելը, նրանց առօրյայով հետաքրքրվելը։ Հերթական անակնկալը, որն այս անգամ մատուցվեց գյուղի փոքրիկներին պարգևելով նրանց մեծ ուրախություն, մանկապարտեզի բակում մանկական խաղահրապարակի կառուցումն էր, որտեղ իրենց հանգիստն ու ժամանակն են անցկացնում նաև մեծերը։ Նա ակնաղբյուրցի մանուկների համար ոչ միայն Արցախի հերոս է, այլ նաև հեքիաթի հերոս, ով իրականացնում է նրանց երազանքները։ Հիրավի Արշավիր Ղարամյանի սերն իր բնօրրանի հանդեպ անշահախնդիր է ու, միևնույն ժամանակ, պարտավորեցնող։ Նա անտարբեր չէ և՛ ոչ մեկի նկատմամբ, յուրաքանչյուրին հուսադրում է, որգևորում, ուղղորդում։ Նա կարողանում է իր շուրջը համախմբել ողջ ակնաղբյուրցիներին։ Ասել է թե, գյուղ կանգնի՝ գերան կկոտրի։ Ես ՝ որպես ակնաղբյուրցի մշտապես ուրախանում եմ իմ հարազատ գյուղում կատարվող նույնիսկ ամենաննշան աշխատանքով և հպարտանում, որ մեր գյուղն էլ ունի նման բարեգործ ի դեմս Արշավիր Ղարամյանի, ինչով և հպարտ ու երախտապարտ ենք մենք։ Բարի գործին՝ բարի խոսք։ Միայն այսպես՝ ձեռք-ձեռքի տալով, մեջք-մեջքի կանգնելով կարող ենք շենացնել մեր գյուղը, ինչու չէ նաև Արցախ աշխարհը։
Անժելա Գրիգորյան, ք. Ասկերան |