ՆՐԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԻՏՅԱՆ Է |
18.12.2012 10:30 |
Վաղնջական ժամանակներից կինը հավերժական հանելուկ է իր էությամբ, որի բացահայտումն առայսօր մնացել է որպես առեղծված: Նա միշտ եղել է գեղեցիկի, լույսի, մաքրության, մարմնացումը: Հայ կինն այդ ամենի հետ մեկտեղ ավանդապահ է, համեստ, նազելի, աշխատասեր, ցանկացած տանջանք ու զրկանք կրող, ամեն մի հարցում իր ամուսնու թիկունքին կանգնած: Հայ կինը կարողացել է իր կեցվածքով միշտ բարձր պահել իր ազգի արժանապատվությունը և հարկ եղած դեպքում զենք վերցնել ու պաշտպանել հողը հայրենի: Փոխվել են ժամանակները, փոխվել են նաև կանանց աշխարհաընկալումները, հոգեբանությունը, սակայն իսկական հայուհին մնացել է նույնը` գեղեցիկ, պատվասեր և արիասիրտ:
Եվ, երբ պատահաբար ծանոթացա այդ ժպտադեմ և փխրուն կնոջ հետ, նրա հանդեպ մի առանձին ջերմությամբ լցվեցի, իմ առջև ծառացավ իսկական հայ կնոջ մի կերպար: Թեպետ, կյանքի դժվարությունները դրոշմվել էին նրա դեմքին, սակայն դեռևս պահպանվել էր երիտասարդ կնոջ վաղեմի գեղեցկությունը: Տեղեկանալով նրա կյանքի մանրամասնություններին` իմ մոտ անմիջապես ցանկություն առաջացավ անդրադառնալ նրա կյանքի պատմությանը: Նայելով նրա շողացող դեմքին` կռահեցի, որ այդ կինը երջանիկ մարդ է` կատարյալ երջանիկ: Նա մայր է, որ իր կրծքի տակ կրել և լույս աշխարհ է բերել տասը զավակների` Աննային, Սամվելին, Արաքսյային, Աշոտին, Հարութին, Մարիամին, Գոհարին, Օքսաննային, Իրինային, Նարեկին: Նա իսկական հայուհի է, դիմացկուն մարդ, հոգատար ծնող, որից օրինակ պետք է վերցնեն մեր երիտասարդ մայրերը: Իսկ ինչպիսի¯ անսքող ուրախությամբ ու գորովանքով է խոսում իր երեխաների մասին, որոնց ամեն մի ժպիտն իրեն լիարժեք երջանկություն է պարգևում: Տասը երեխաների մայրը չի կարող ներկա պայմաններում հոգսեր և մտահոգություններ չունենալ, սակայն տիկին Աիդայի շուրթերից մի հոգոց, մի դժգոհություն անգամ չլսվեց: Թեև, ճակատագիրը ոչ այնքան բարեհաճ էր գտնվել նրա հայրական ընտանիքի հանդեպ, սակայն նրա կամքի ուժը, ինչպես և վայել է հայ կնոջը, մնացել էր նույնը: Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում էր ծնվել իմ հերոսուհին: Ապրում էին խաղաղ, բարեկեցիկ կյանքով, աշխատավոր էին ու պատվասեր: Ամեն անգամ այդ գյուղի ճակատագրի մասին հիշելիս, սիրտդ մի անվերջ կսկիծով է պատվում, անիծում ես այն դաժան օրերը, երբ թշնամու վայրագութ-յունը գագաթնակետին էր հասել և նա անսրտորեն ոչնչացնում էր երբեմնի հարուստ հայկական գյուղը: Անիծյալ պատերազմի հետևանքով Աիդայի հարազատները, ինչպես և բոլոր համագյուղացիները, թողեցին հարազատ օջախները և սփռվեցին աշխարհով մեկ: Այդ ժամանակ նա ամուսնացած և ապրում էր Ասկերանի շրջանի Լուսաձոր գյուղում: Այսօր տիկին Աիդայի հարազատներն ապրում են հեռավոր Ուկրաինայում և Գերմանիայում: Նա ևս ուներ հնարավորություններ միանալու հարազատներին, սակայն արցախցի մայրը, որ իր երկրի համար ծնել և դաստիարակել է 10 զավակների, որի ամուսինն արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է և ԱԱՄ անդամ, չի կարող թողնել իր երկիրը: Ինչպես մի իսկական հայուհի, նա կանգնեց իր ամուսնու թիկունքին, գերադասեց փոքր-ինչ դժվարությամբ, բայց ապրել ու բազմանալ հարազատ հողում: Իհարկե, հայրենի Չայլուի մասին խոսելիս նրա աչքերում միանգամից միահյուսվում էին թախիծ ու կարոտ, մեղմ ու բարեգութ մի ժպիտ է թևածում նրա երազկոտ դեմքին: Անվերջ հիշողությունները հաճախ են արթնանում տիկին Աիդայի մոտ, մտքերը տանում են դեպի հեռուներ, դեպի անմոռանալի երիտասարդություն, դեպի հայրենի բնությունն ու անմահական ջրերը: Սակայն 10 զավակների մայրն իրավունք չունի ապրելու երազներով և նա վերադառնում է իրական կյանք` իր ընտանիք և արդեն իրեն հարազատ Լուսաձոր: §Ամենամեծ հարստությունն ինձ համար իմ երեխաներն են, նրանցով եմ ես երջանիկ ու նաև ապահովված: Ճիշտ է, դժվար է 10 երեխաների ուսման, դաստիարակման հարցերը լուծել, սակայն երբեք չեմ հուսահատվում: Համոզված եմ, որ իմ դաստիարակած երեխաներն Արցախի արժանի զավակներ կլինեն և կարդարացնեն իմ հույսերը: Երկու աղջիկներս արդեն իրենց երեխաներին են դաստիարակում, տղաներս ծառայում են ԼՂՀ ՊԲ շարքերում, փոքրերս սովորում են դպրոցում, իսկ ամենափոքրիկ տղաս 5 տարեկան է` մեր տան լուսավոր կետն ու ուրախությունը: Երախտապարտ եմ մեր երկրի կառավարությանը` մշտապես աջակցելու, տարբեր օգնություններ ցուցաբերելու համար: Պետական միջոցներով գյուղում մեզ համար կառուցվել է բնակարան՝ բոլոր հարմարություններով: Համոզված եմ, որ դեռևս կշարունակվեն նմանատիպ օգնությունները: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանինª առողջական լուրջ խնդիրներիս պատճառով պարբերաբար ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Չեմ կարող չհիշատակել, որ չորրորդ տարին է, ինչ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արսեն Միքայելյանն իր աջակցությունն է ցուցաբերում և իմ ընտանիքին հատկացնում է ամսեկան օգտագործման ալյուր, ասել է, թե նրա շնորհիվ տանը միշտ հաց կա, իսկ §Արցախէներգո¦ ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Ծատրյանի կողմից մարտի 8-ի կապակցությամբ ստացել ենք թանկարժեք հեռուստացույց: Մեծ է նաև մեր համայնքի ղեկավար` Միքայել Այվազյանի բարոյահոգեբանական օգնությունը: Երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր ամեն կերպ սատարում են իմ ընտանիքին: Ուզում եմ հայ մայրերին կոչ անել շատ երեխաներ ունենալ, քանզի դրա մեջ եմ տեսնում մեր բարեկեցիկ ապագան: Հոգեկան մեծ բավականություն է շրջապատված լինել երեխաներով ու թոռներով¦,- խանդաղատանքով նշում է Աիդա Ավանեսյանը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |