ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ - ՄՐՑՈՒՅԹ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
18.12.2012 11:16

  Ասկերանի շրջանի կրթության բաժնում և դպրոցներում ավանդույթ է դարձել ինտելեկտուալ մրցույթների կազմակերպումը, որոնց նպատակն է աշակերտների ինտելեկտուալ մակարդակի բարձրացումը, նրանց մտավոր կարողությունների զարգացումը, երիտասարդության համախմբումը: Վերջին տարիներին աշակերտներն ավելի մեծ պատրաստակամությամբ են մասնակցում նմանատիպ մրցույթներին: Նման մի գեղեցիկ միջոցառում էլ կազմակերպվեց նոյեմբերի 28-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, որին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ուսուցիչներ, աշակերտներ: 
  §Քույրեր և եղբայրներ¦ ինտելեկտուալ-խաղ մրցույթին մասնակցում էր 9 զույգ, որոնց մեջ ընդգրկված էին տարբեր տարիքի աշակերտներ: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը.
  - Հայը միշտ էլ տարբերվել է այլ ազգերից իր ինտելեկտով, մտավոր կարողություններով և ունակություններով։ Դրա վառ ապացույցը, թերևս, այն է, որ դարեր ի վեր հայ ժողովորդն ունենում է անվանի մարդիկ` ակադեմիկոսներ, նկարիչներ, քիմիկոսներ, տիեզերագնացներ, գրականագետներ… Այսօր մտածել ենք կազմակերպել մի այնպիսի խաղ, որպեսզի իմանանք, թե տարբեր ընտանիքներում ինչպես են կրթում ու դաստիարակում երեխաներին և ինչպիսի մտավոր ունակություններ ունեն նրանք: Մասնակիցներին մաղթենք հաջողություններ և իհարկե, համոզված ենք, կհաղթի ամենախելոք զույգը: 
  Իր խոսքն ասաց նաև շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը.
  -Նման ինտելեկտուալ խաղերը մեծ նշանակություն ունեն սովորողների համար և ողջունելի է, որ պարբերաբար կազմակերպվում են մրցույթներ, որոնց մակարդակ օրեցօր ավելի է բարձրանում: Այսօր մեր ուսուցիչները մասնագիտական և մանկավարժական աջակցություն են ցուցաբերում յուրաքանչյուր աշակերտի, ուղղորդում նրանց, ինչի արդյունքում ունենք նման բազմակողմանի զարգացած աշակերտներ: Մեր երեխաներն արդեն ունեն ազգային մտածողություն, ինքնուրույն մտածելակերպ, նրանք կարողանում են տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել, հարգել համամարդկային արժեքները և սեփական ուժերի հանդեպ ունեն վստահություն: Այսօրվա մրցույթը ցույց կտա, թե ինչ կարողությունների տեր սովորողներ կան դպրոցում:  
  Մրցույթն սկսվեց վիճակահանությամբ, երեխաներն ընտրեցին տարբեր բնագավառներից հարցեր և ակտիվորեն պատասխանեցին տրված հարցերին: Ակնհայտ էր, որ լավ էին նախապատրաստվել: Այնուհետև, երկրորդ փուլ անցած զույգերին տրվեցին տրամաբանական հարցեր, որոնք նույնպես տարբեր բնույթի էին և հետաքրքիր: Երեխաների դատողությունները հիացմունք և աշխուժություն հաղորդեցին ներկաներին: Երրորդ փուլ անցան երեք զույգ` Արեն և Նարեկ Աղաջանյանները, Դավիթ և Հասմիկ Հակոբյանները, Դավիթ և Աշոտ Գաբրիելյանները: Վերջնական ադյունքում առաջին մրցանակային տեղն զբաղեցրին Արեն և Նարեկ Աղաջանյանները և արժանացան շրջվարչակազմի ղեկավարի կողմից սահմանված թանկարժեք նվերի, երկրորդ տեղն զբաղեցրին Դավիթ և Աշոտ Գաբրիելյանները, իսկ երրորդ տեղը` Դավիթ և Հասմիկ Հակոբյանները: Նրանք պարգևատրվեցին նվերներով գործարար Գարիկ Շահրամանյանի և Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանի կողմից: Իսկ մրցույթի մյուս մասնակիցներն արժանացան հուշանվերների: Վերջում դպրոցի տնօրեն Կառլեն Մաիլյանը հանդիսավոր պայմաններում փոխանցիկ գավաթը հանձնեց հաղթող եղբայրներին, միաժամանակ շեշտեց.
  -Այսօրվա միջոցառումն, իրոք կայացավ: Այն բարձր մակարդակով և մեծ ջանքերով էր կազմակերպվել: Ուրախալի է, որ ունենք նման երեխաներ` բարձր ինտելեկտով, հիանալի տրամաբանությամբ, մտավոր կարողություններով, որոնք դաստիարակվում են համեստ և օրինակելի ընտանիքներում: Հարցերն ընտրված էին դպրոցական դասագրքերից, բոլոր մասնակիցներն էլ ակտիվ էին, սակայն հաղթեցին ամենաարժանիները: Մրցույթում պարզ երևաց, որ մրցակիցների մեջ պայքար կար, որն էլ շատ կարևոր է հաղթանակի հաղթանակի համար: Շնորհակալություն հայտնենք բարեգործ, դպրոցի նախկին շրջանավարտ Սասուն Բարսեղյանին, ով մշտապես մասնակցում է դպրոցի ներքին կյանքին ու նրա համար ավանդույթ է դարձել հարազատ կրթօջախի համար բարեգործություններ կատարելը և այսօր էլ նրա կողմից հաղթող ճանաչված Արեն և Նարեկ եղբայրներն արժանացան փոխանցիկ գավաթի: 
  Միջոցառման վերջում քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն իր սրտի խոսքն ուղղելով ներկաներին, նշեց.
  -Հիրավի, մեծ բավականություն ստացանք այսօրվա միջոցառումից: Ինչու չէ, նաև հաճելի զարմացած ենք երեխաների պատրաստվածության մակարդակից: Խրախուսելի է նաև, որ երեխաներն այդքան համարձակ են ու նրանց մեջ երևում է հաղթելու, առաջինը լինելու ցանկությունը: Հարկ է նշել, որ մեծ և նվիրական աշխատանք է կատարել դպրոցի կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը և բոլորս պետք է մեր գոհունակությունը հայտնենք նրան: Այն, որ երեխաներն այսօր փայլեցին իրենց կարողություններով, նաև մեր ուսուցիչների անխոնջ աշխատանքի արդյունքն է: Շնորհավորելով հաղթող եղբայրներին` ցանկանում եմ նրանց մաղթել նորանոր ձեռքբերումներª համոզված լինելով, որ նրանք, ուր էլ լինեն, բարձր կպահեն դպրոցի պատիվը:
  Ինչ խոսք, հետաքրքիր և ողջունելի մրցույթ էր կազմակերպվել` հերթականն այն միջոցառումներից, որ կազմակերպվում է Ասկերանի միջնակարգ դպրոցում: Կազմակերպիչ Աիդա Գյանջումյանին հաջողվում է ամեն անգամ մի յուրահատուկ մրցույթ կազմակերպել` դրանով իսկ համախմբելով աշակերտներին և նրանց մեջ առաջացնելով մրցակցություն և սեր դեպի գիտելիքը, հետաքրքիրն ու հանելուկայինը:

Կարինե Բախշիյան 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter