Տրամաբանական ավարտին է մոտենում 2012 թվականը։ Ընդհանրացնելով կարող ենք փաստել, որ տարին մշակութային էր, հագեցած բազմապիսի միջոցառումներով։ Յուրաքանչյուր միջոցառման հիմքում մեր գեղեցիկ ավանդույթներն էին ու նաև ավանդականի ու արդիականի
համատեղումը։ Մշակույթն, ի սկզբանե հայերիս համար ապրելու կերպ էր, ու շատ կարևոր ռազմավարական զենք։ Այն սահմաններ չի ճանաչում, քանզի անսահմանափակ է։ Չէ որ փողոցով քայլելը, խոսելը, շրջապատը մաքուր պահելը, ամեն ինչը մշակույթ է։ Մշակույթն է, որ հային հայ է պահել, չնայած կրած դառնություններին։ Ճակատագրի բերումով ընդմիշտ մեր ազատության ու անկախության համար պայքար ենք մղել։ Ու այսօր էլ սիրով ենք լցված դեպի կյանքը և գնահատում ենք գեղեցիկի թագավորությունը, ուր ամեն ինչ ներդաշնակ է մեր արտաքին ու ներքին նկարագրին։ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և շրջվարչակազմերի ու քաղաքապետարանների համապատասխան բաժինների աջակցությամբ, առաջին անգամ Արցախի Հանրապետությունում կազմակերպվեց §Մշակութային խաչմերուկ¦ միջոցառումը։ Այն տեղերում մշակութային կյանքն աշխուժացնելու, գյուղական մշակութային օջախներում գործող գեղարվեստական խմբակների աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, Արցախի մշակութային ներուժը պահպանելու, ինչպես նաև նոր տաղանդներ փնտրելու ու կատարելագործելու նպատակ էր հետապնդում։ Մրցույթն ընթացավ երկու փուլով։ Առաջին փուլը կայացել էր հանրապետության շրջակենտրոններում՝ գյուղական համայնքների միջև։ Հաղթանակած թիմերն անցել են երկրորդ փուլ և իրավունք նվաճել մասնակցելու հանրապետական մրցույթին։ Միջոցառման եզրափակիչ փուլ են դուրս եկել լավագույն չորս գյուղական՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ եւ Նախիջևանիկ, Մարտակերտի շրջանի Առաջաձոր եւ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքները։ Մրցույթի մասնակիցները ներկայացել են մշակութային խճանկարով՝ ասմունք, երգ, երաժշտություն, պար, թատերական արվեստ, հումոր, հնարամիտ լուծումներ։ Այս ամենից զատ յուրաքանչյուր համայնք ներկայացել էր իր գյուղը բնորոշող տաղավարով՝ հիմնականում ձեռքի աշխատանքներ և §Իմ համայնքն իմ աչքերով¦ սիրողական լուսանկարներով։ Միջոցառման արդյունքներն ամփոփվել են դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած գալա-համերգով։ Գյուղական համայնքներից առաջին մրցանակային տեղը տրվել է Շահումյանի Նոր Բրաջուր համայնքին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են մեր շրջանի Նորագյուղի և Նախիջևանիկի համայնքները։ Մրցանակակիրները ստացել են վկայագրեր և արժանացել դրամական պարգևների։ Քաղաքային համայնքներից լավագույն տաղավարներ են ճանաչվել Ասկերանի ու Շուշիի տաղավարները։ Ասկերանի տաղավարում ներկայացված էին §Վարպետաց տուն¦ մշակութային բարեգործական կազմակերպության կավագործ-վարպետ Արման Ղազարյանի և §Ասկերանի մանպատապանեկան ստեղծագործական կենտրոն¦ ՊՈԱ կազմակերպության սաների հմուտ ձեռքերով պատրաստված բարձրակարգ աշխատանքները, ինչպես նաև լուսանկարիչ Վալերի Պետրոսյանի Ասկերանի բնությունն ու առօրյան պատկերող տպավորիչ լուսանկարները։ §Սուր աչք¦ անվանակարգում հաղթող են ճանաչվել Ակնաղբյուրի և Քարին տակի համայնքները։ Հանձնաժողովի անդամ, Շուշիի Մկրտիչ Խանդամիյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանի խոսքերով վերջապես եկել է ժամանակը, որ կարողանանք մեր մեջ գտնել մշակութային այն ներուժը, որը քնած էր կամ մեզանից հեռացել էր։ Ու հիմա եկել է ժամանակն այն արթնացնելու ու նոր թափով կյանքի կոչելու։ Այլ կերպ ասած, եկել է բաց թողածը լրացնելու ժամանակը։ Բոլոր համայնքների ելույթները տպավորիչ էին, սակայն ուզում եմ առանձնացնել Նոր Բրաջուրի համայնքը, որի ելույթում տեսանք իսկական հայեցի արվեստի նշույլն ու ցոլանքը և՛ մեծերի և՛ փոքրերի մեջ։ Այս տեսակետը կիսեց նաեւ Ստեփանակերտի §Գյուրջան¦ կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր, հանձնաժողովի անդամ Յուրի Հովհաննիսյանը։ - Ահռելի աշխատանք էր կատարել Նոր Բրաջուրի խմբի գեղարվեստական ղեկավարը, ինչն արժանի է մեծ գնահատանքի։ Ընդհանրապես նման միջոցառումները հետպատերազմյան Արցախում ոչ միայն արձանագրային իմաստ ունեն այլև բնակչությանը կենսունակություն հաղորդելու նշանակություն։ Առանձնապես այն համայնքների համար, որոնք մայրաքաղաքից հեռու են գտվում ու այստեղ կարևոր է շփման գործակիցը։ Ուրախալի է մեզ համար, որ բոլոր ելույթներում առկա է ձգտումը դեպի մեր ավանդականը։ Մրցութային հանձնաժողովը մրցանակներ է հանձնել նաև երգի լավագույն կատարում, դերասանական լավագույն վարպետություն, լավագույն ասմունք, լավագույն տաղավար, Արցախյան հումոր, լավագույն քաղաքային և գյուղական մշակութային համայնք անվանակարգերում։ ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|