Դեկտեմբերի 25-ին Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց միջոցառում նվիրված մեծն արցախցի Գուրգեն Գաբրիելյանի 85-ամյակին: Նա անհատ է, որով հպարտանում է ամեն մի արցախցի, նա լրագրող -հրապարակախոս էր, քաղաքական գործիչ, մանկավարժ, շնորհալի երգահան, բանաստեղծ և սիրված մանկագիր: Նա որպես մանկագիր գրեթե անմրցելի է, իսկ նրա բազմաշնորհ տաղանդի մասին գիտեն շատ երկրներում: Գուգեն Գաբրիելյանի բանաստեղծություններից շատերը երգերի վերածված հնչում են արցախցիների
շուրթերին: Միանգամայն ուրիշ են նրա ստեղծագործությունների համն ու հոտը, և նրանց պատճառած բերկրանքն ու հույզերը: Գուրգեն Գաբրիելյանին նվիրված միջոցառումը կազմակերպել էր դպրոցի գրադարանավար Մարիետտա Արզումանյանը: Նրա ու 5-րդ դասարանի դասղեկ Մարիետտա Ղարիբյանի ջանքերով կրտսեր դպրոցականներն ականատես եղան մի հիանալի հանդեսի: Հինգերորդցիները վարպետորեն ներկայացրին ականավոր բանաստեղծի և մանկագրի կյանքն ու գործունեությունը: Նրա ստեղծագործությունները, որոնք լի էին անմիջականությամբ, հայրենասիրությամբ, ազգասիրությամբ, մի առանձին ոգևորություն հաղորդեցին ներկաներին, իսկ Լեոն Սարգսյանի և Դենիս Դանիելյանի հրաշալի կատարումները մեկ անգամ ևս բարձրացրին մեծն արցախցու անունը, ցույց տվեցին նրա անսահման սերն աշխատավոր ժողովրդի և հողը պաշտող ու սիրող մարդու հանդեպ: Հինգերորդ դասարանցիները սիրով ու գիտակցումով էին նախապատրաստվել միջոցառմանը: Ակնբախ է, որ նրանց համար մեծություն էր անվանի մանկագիրը, նրանով հիանում և հպարտանում են մանուկները: Նորից վերապրելով բանաստեղծի անցած ուղին ու գնահատելով նրա տաղանդը՝ Գուրգեն Գաբրիելյան մեծությունն ավելի ակնհայտ դարձավ, և նա կարծես կենդանացավ: Միջոցառումն անցավ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում: Գրադարանավարուհի Մարիետտա Արզումանյանի և դասղեկ Մարիետտա Ղարիբյանի շնորհիվ մենք վայելեցինք արցախցի տաղանդավոր և հանրաճանաչ մարդուն նվիրված հանդեսը, ապրեցինք հպարտություն ներշնչող, անմոռանալի պահեր: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |