SPFA հայ-ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը բավականին հագեցած ծրագրերով է հանդես գալիս Արցախում։ Ծրագրերն ու միջոցառումները բազմաբովանդակ են ու բազմապիսի։ Այդ ծրագրերում մեծ տեղ է հատկացված մեր շրջանին։ Կազմակերպության խնդիրներն են մշակութային և դաստիարակչական ծրագրերի կազմակերպում և իրականացում, ֆրանսախոս երկրների և Հայաստանի երիտասարդների միջև հարաբերությունների
ամրապնդում, ֆրանսերեն լեզվի զարգացում և տարածում, համագործակցության ստեղծում Հայաստանի և Ղարաբաղի երիտասարդների միջև, երիտասարդների համար ամառային ճամբարների կազմակերպում։ Կազմակերպության հիմնական նպատակներն են` նպաստել երիտասարդների ստեղծագործական մտքի և կամավորականության զարգացմանը, մասնակցել հասարակական կյանքին և դառնալ ակտիվ քաղաքացի: Բարեգործական կազմակերպության անելիքներն Արցախում շատ են և նրանք միշտ ճիշտ տեղում են և ճիշտ ժամանակին։ Ամանորին ընդառաջ Հայ - Ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործունեությունը շատ է հագեցած։ Ուստի կազմակերպիչներն էլ իրենց ամանորյա անակնկալները որոշել են մատուցել դեկտեմբերի երրորդ տասնօրյակից սկսած, մտածելով, որ ինչքան շուտ սկսեն, այնքան ավելի շատ տեղերում կհասցնեն լինել։ §Ամեն լավը մեր մանուկներին¦ սկզբունքն էլ հարիր է հենց այս կազմակերպությանը։ Նրանց ուշադրության կենտրոնում են մեր ամենաթանկագին գանձերը՝ մանուկները։ Ու պատահական չէ, որ կազմակերպության ծրագրերում մեծ տեղ է հատկացված երեխաների հանգիստն ու առօրյան բազմաբովանդակ կազմակերպելուն։ Հերթական անակնկալը, որ մատուցել է բարեգործական կազմակերպությունը, Խնապատի և Խաչենի պետական մանկապարտեզների սաների համար էր։ Դեկտեմբերի 22-ին բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները Ամանորյա հագեցած ծրագրով նախ Խնապատի մանկապարտեզ այցելեցին։ Փոքրիկներին հյուր էին եկել Ամանորի ամենասպասված ու ամենացանկալի հյուրերը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Ֆրանսիական ակումբի ուսանողները, կերպարանափոխված հեքիաթային հերոսների, մանուկների համար բեմականացրին §Պապն ու շաղգամը¦, ինչը հիացմունքի մեծ ալիք բարձրացրեց հանդիսատեսների մոտ։ Այնուհետև փոքրիկները բաժանվեցին երկու թիմի, որոնց զանազան հետաքրքրաշարժ առաջադրանքներ տրվեցին, օրինակ՝ ով առաջինը կնկարի գեղեցիկ եղևնի։ Աշխույժ մրցակցություն ծավալվեց փոքրիկների մեջ, ուր յուրաքանչյուրը ցանկանում էր լինել առաջինը։ Նրանք իրենց գեղեցիկ երգ ու պարով, արտասանություններով, անմիջականությամբ հիացմունք պատճառեցին հյուրերին։ Անժխտելի էր այն փաստը, որ փոքրիկները վաղուց էին սպասում այդքան ցանկալի հյուրերին՝ իրենց բարեգործներին։ Վերջում փոքրիկներին Ամանորյա նվերներ բաժանվեցին ու հնչեցին բարեմաթղանքներ։ Մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մանվելյանն իր շնորհակալական խոսքն ասաց բարեգործական կազմակերպության ողջ անձնակազմին, մասնավորա-պես նշելով. - Այսօր բոլոր չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզ ունենք ի շնորհիվ այս կազմակերպությանը։ Եվ արդեն չորրորդ տարին է, ինչ նրանք առաջինն են շնորհավորում մեր մանուկներին Ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Ասենք, որ միշտ մեծ ակնկալիքներով ենք սպասում նրանց, և դրանք միշտ արդարացվում են։ Ինչի համար ողջ անձնակազմի եւ թոթովախոս մանուկների անունից մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում SPFA կազմակերպությանը ու մաղթում նրանց այս աստվածահաճո նախաձեռնությունների համար հավետ սիրված ու շոյված լինեն Ամենաբարձրյալի կողմից։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Օրվա երկրորդ կեսին բարեգործական կազմակերպությունը նույն առաքելությամբ եղավ Խաչենի մանկապարտեզում։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |