Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն Արցախում բարեգործական է։ Ընկերակցությունը հովանավոր է մանկապարտեզների, մանկական խաղահրապարակների ու բազում այլ ծրագրերի։ Ու այս ամենն արվում է արցախցու հոգսը փոքր-ինչ թեթևացնելու, նրա կյանքը բարեկեցիկ դարձնելու նպատակով։ Ասկերան քաղաքի մանկապարտեզի հովանավորն էլ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունն է։ Սկզբում այստեղ գրասենյակ բացվեց,
որտեղ դպրոցականների համար կիրակնօրյա դասընթացներ էին կազմակերպվում ու զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքներին որոշակի օգնություններ ցուցաբերվում, մանկական սննդով ապահովում նորածիններին՝ մինչեւ 1 տարեկանը լրանալը, ապա նաև բոլոր չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզ բացվեց։ Այստեղ տոն օրերին գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվում. Նոր տարի, Մարտի 8, Սուրբ զատիկ, Ոսկե աշուն։ Իսկ մանկապարտեզի սաների առօրյան հագեցած է, այստեղ են նրանք տառաճանաչ դառնում ու ծանոթանում մանկական Աստվածաշնչին, ինչը շատ կարևոր է քրիստոնեական կեցվածքով բարեգութ քաղաքացիներ դաստիարակելու համար։ Ինչն էլ ընկած է բարեգործական ընկերակցության ծրագրերի հիմքում։ Չէ որ բարեգործությունը մեր մեջ ներթափանցված է դեռևս 4-րդ դարասկզբից՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու հետ մեկտեղ։ Դեկտեմբերի 27-ին մանկապարտեզում տեղի ունեցավ Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին նվիրված միջոցառում։ Բացման խոսքով հանդես եկավ տնօրեն Անահիտ Դանիելյանը։ Նա շնորհավորեց ներկաներին գալիք տոների կապակցությամբ, իսկ իր սանիկներին մաղթեց անհոգ ու բազում հաճելի անակնկալներով լի տարի։ Ապա բեմահարթակը տրամադրվեց փոքրիկներին, ովքեր ցուցադրեցին §Ձմեռ պապիկներ¦ ներկայացումը, որտեղ փոքրիկ ձմեռ պապիկները գալով մեկը հեռավոր Ամերիկայից, մյուսը Կանադայից, Ռուսաստանից ու հեռավոր այլ երկրներից բազում նվերներ ու խաղալիքներ էին բերել։ Իսկ ղարաբաղցի ձմեռ պապիկը բերեց փոքրիկ Հիսուսին, որին գտել էր մսուրի մեջ։ Նրանք հասկացել էին Սուրբ ծննդյան տոնի խորհուրդը՝ Հիսուսի ծննունդը, որից էլ մենք ենք ծնվել։ Սակայն նրանք սրտատրոփ սպասում էին օրվա ամենացանկալի հյուրին՝ Ձմեռ պապիկին, ով իրեն երկար սպասեցնել չտվեց։ Ու միահյուսվեցին խինդն ու բերկրանքը։ Տոնածառի շուրջը շուրջպար բռնելով դաստիարակ Իննա Հարությունյանի հետ Նոր Տարվա տարեմուտը գովերգեցին գեղեցիկ արտասանություններով։ Ապա Հրաշք պապիկը նրանց նվերներ բաժանեց՝ յուրաքանչյուրին ցանկանալով առողջություն ու հրաշալի տրամադրություն։ Վերջում իր խոհերը մեզ հետ կիսեց Անահիտ քույրը. - Երկար տարիներ տնօրինելով մանկապարտեզը, բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացվել այստեղ։ Ու որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ մենք լինելով բարեգործական կազմակերպություն, նաև մեզ են բարեգործություն անում։ Խոսքս ծննդով ասկերանցի, երևանաբնակ Սամվել Գաբրիելյանի մասին է։ Արդեն երրորդ տարին է, ինչ նա անակնկալներով շնորհավորում է մեր փոքրիկներին ամենասրբազան տոներից մեկի՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Ավելի մոտիկից ծանոթանալով պարոն Գաբրիելյանին, հասկացա, ինչքան մեծ է նրա սերը հարազատ բնօրրանի՝ Ասկերան նկատմամբ ու ինչպիսի ջերմ ուրախությամբ է ընդունում ծննդավայրի ցանկացած ձեռքբերում։ Առավել ևս, երբ խոսքը փոքրիկների մասին է։ Մենք երիցս երախտագիտությամբ ենք լցված մեծ հայրենասերի ու Ասկերանի պատվավոր քաղաքացու հանդեպ։ Թող նրա բոլոր ձեռնարկումները միմիայն հաջողությամբ պսակվեն՝ Աստծո հովանավորության ներքո։ Այո՛, խոսքերը տեղին են ու ճիշտ հասցեով։ Սիրտդ բերկրանքով ու խանդաղատանքով է լցվում, երբ տեսնում ես երեկոյան Ասկերանը՝ ամբողջությամբ լուսավորված, տոնական շքեղ տեսք ստացած։ Մեծ բարերարին ամենայն հավանականությամբ, հոգեհարազատ է §Գեղեցիկ է Երևանը՝ նամանավանդ գիշերով¦ թևավոր արտահայտությունը, ուր ամենայն հայոց մայրաքաղաքը նրա աչքերով Ասկերանն է։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |