18.02.2013 10:07 |
Ղարաբաղյան Շարժման 25- ամյակին մեծ շուքով են նախապատրաստվում Արցախում: Կազմակերպվում են բազմապիսի մշակութային և մարզական միջոցառումներ, որոնց անմասն չէ նաև մեր շրջանը: Մարզական միջոցառումների մեկնարկն Ասկերանում տրվեց հունվարի 22-ին՝ շախմատ մարզաձևից, որին մասնակցում էին
Ալյոշա Գաբրիելյանը, Էդիկ Գաբրիելյանը, Ալբերտ Գաբրիելյանը, Սլավիկ Առուշանյանը, Միքայել Առստամյանը և Թաթուլ Շեկյանը (Ասկերան), Գուրգեն Ղուլյանը և Շահեն Հայրապետյանը (Իվանյան): Շրջվարչակազմի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Գրիշա Մարտիրոսյանը ողջունելով մասնակիցներին՝ մաղթեց հաջողություններ իմաստուն խաղի մրցապայքարում: Եռօրյա համառ պայքարում առաջին տեղը զբաղեցրեց Շահեն Հայրապետյանը, իսկ Թաթուլ Շեկյանը և Էդիկ Գաբրիելյանը հավաքելով հավասար միավորներ՝ կիսեցին մրցանակային երկրորդ եւ երրորդ տեղերը։ Հերթական մարզական միջոցառումը վոլեյբոլ մարզաձևից էր, որին մասնակցում էին Ասկերանի քաղաքապետարանի և միջնակարգ դպրոցի, Իվանյանի եւ Նորագյուղի համայնքների հավաքական թիմերը։ Այս մարզաձևում մրցանակային առաջին տեղը զբաղեցրեց քաղաքապետարանի թիմը, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Նորագյուղի համայնքի և Ասկերանի միջնակարգ դպրոցի թիմերը։ Շարժման 25-ամյակին նվիրված մարզական միջոցառումների շարքը շարունակվեց բասկետբոլի ընկերական հանդիպումով՝ Ասկերանի և Խնապատի միջնակարգ դպրոցների տղաների մասնակցությամբ։ Անզիջում պայքարում 43։36 հաշվով հաղթեց Խնապատի տղաների թիմը։ Մարզական միջոցառումների մրցանակակիրների պարգևատումը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ Շարժման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Սեփ. լրատվություն |