Շնչում եմ, նշանակում է սիրում եմ, սիրում եմ, նշանակում է ապրում եմ… Վլադիմիր Վիսոցկի Հունվարի 25-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում կազմակերպվեց դաս - միջոցառում նվիրված Վլադիմիր Վիսոցկու
ծննդյան 75-ամյակին: Ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լիանա Կարապետյանը. - Խորհրդային տարիներին մեր սերունդը բախտ չի ունեցել դպրոցներում ուսումնասիրելու Վլադիմիր Վիսոցկու կյանքն ու գործունեությունը: Սակայն ես իմ ավագ եղբորից հաճախ լսում էի նրա երգերն ու իմ մեջ ակամայից հետաքրքրություն ու սեր էր առաջանում երգչի հանդեպ: Որոշ ժամանակ հետո հասկացա, որ նա նաև գերազանց դերասան էր ու լիովին սիրեցի նրա արվեստը: Այսօրվա սերունդը բացառիկ երջանիկ է, որ կարող է ճանաչել հայտնի մարդուն և ծանոթանալ նրա գործունեությանը: Այսօր բանաստեղծը, երգիչն ու դերասանը կդառնար 75 տարեկան: Նա ոչ այնքան մշակութային, որքան սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խոշոր երևույթ էր: Նրա խռպոտ ձայնը թևածում էր ամբողջ երկրում որպես բողոքի գեղարվեստական արտահայտություն: Վիսոցկու երգերում կերտված կերպարներից յուրաքանչյուրը նրա կյանքի սեփական առասպելն է հյուսում: Նրա կյանքը, որ կենդանության օրոք արդեն առասպել էր դարձել՝ այժմ համակ առասպել է ու կա: Աշակերտները ներկայացրին բանաստեղծի և հայտնի երգչի կյանքն ու գործունեությունը: Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում: Բացառիկ երաժշտական լսողություն ունենալով՝ ստացել է երաժշտական կրթություն և սովորել նվագել դաշնամուրի վրա: Առաջին բանաս-տեղծությունը գրել էր 8-րդ դասարանում ու դրան հաջորդել են բազում ստեղծագործություններ, որոնք նվաճել են միլիոնավոր մարդկանց սրտերը: Նրա ստեղծագործությունները լսվում էին ամբողջ երկրում, համարյա ամեն հարկի տակ՝ օրեցօր ավելի մեծ հետքրքրություն առաջացնելով դեպի զարմանալի այդ անձը: Ամենատարբեր մասնագիտության ու զբաղմունքի, ամենատարբեր տարիքի մարդիկ առաջին իսկ հնչյուններից ճանաչում են նրա անսովոր, հավատ ու վստահություն ներշնչող հզոր ձայնը, որը մերթ խաղաղ է ու մեղմիկ, մերթ պոռթկուն ու ահեղ, մերթ անհոգ ու թեթև… Նա երգում է պատերազմի և սիրո մասին, հումորով շաղախված կենցաղային հավաստի պատմություններ հորինում, փիլիսոփայական խորը մտորումներ հանձնում թղթին և ամենուր առկա է պոեզիայի շունչը, բանաստեղծական թարմ, յուրովի մտածողությունը: Նրա անհատականությամբ զարմանում և հիանում էին, նրա ողջ ստեղծագործական տաղանդի և ապրած կյանքի առջև ակնածալից գլուխ էին խոնարհում շատ ու շատ մարդիկ: Գրեթե բոլոր մուսաների հովանու տակ ծնված բազմաշնորհ այս մարդու ստեղծագործությունների ամենաբնորոշ հատկանիշներն էին անմնացորդ այրումն ու ստեղծագործական կիրքը, ուժն ու համարձակությունը, բացարձակ անկեղծությունն ու անմիջականությունը: Նա գիտեր, որ իր խոսքը զուր չի անցնի և նա խոսում էր ոչ միայն իր անունից, և ոչ այնքան իր համար: Ըմբոստ, շիտակ, անձնազոհ ու մարտնչող բանաստեղծը քչերից մեկն էր, որ համարձակ խոսում էր այնպիսի բաներից, իր ստեղծա-գործությամբ ընդվզում մեր կյանքն ու առօրյան աղճատող, հոգիներ պղտորող այնպիսի երևույթների դեմ, որի համար ոչ մեկի գլուխը չէին շոյում: Սակայն Վիսոցկին այլ կերպ չէր կարող, որովհետև էությամբ, խառնվածքով, հոգեկան կերտվածքով մարտիկ էր՝ ճշմարտության ու արդարության երդվյալ զինվոր: Միջոցառման մասնակիցները լսեցին նաև Վիսոցկու երգերը և դասասենյակում թևածեց նրա հուժկու և ծխախոտախանձ ձայնը, որին ձայնակցում էին դասարանի տղաները: Դաս-միջոցառումն ավարտվեց հեղինակի վերջին բանաստեղծությամբ, որը ներկայացրեց ուսուցչուհի Լիանա Կարապետյանը: Անշուշտ, տպավորիչ միջոցառում էր կազմակերպվել: Գնահատելին այն է, որ աշակերտները գիտակցեցին օրվա խորհուրդը: Այսօր նրանց համար բացահայտվեց մի նոր աշխարհ, մի մեծություն, նրանք ճանաչեցին բացառիկ տաղանդավոր մի մարդու և համոզված ենք, որ սիրեցին նրա արվեստը: Ինչու չէ, մեծ է ռուսաց լեզվի ուսուցչուհի Լիանա Կարապետյանի նվիրված աշխատանքը, նրա մասնագիտական վարպետությունը: Առհավատչյան կայացած դաս-միջոցառումն էր: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |