Արցախյան պատերազմն ասես մի կործանարար հրաբուխ լիներ, որ հանկարծակի բռնկվեց ու մարեց… Սակայն ինչպիսի՜ ավերվածություններ, խողխողված հոգիներ և ցավից վառվող սրտեր թողեց: Թողեց, որ մշտապես հիշվի այն զարհուրելին, այն ողբերգականը, որ կոչվում է պատերազմ: Այն չարանենգ երազ լիներ ասես, որը սոսկ մղձավանջ, կորուստ, մորմոք էր հիշեցնում: Որքա՜ն երիտասարդներ անմռունչ զենք վերցրին ու ելան ի պաշտպան Հայրենիքի: Նրանք արժանապատվորեն դիմավորեցին արցախահայությանը պարտադրված պատերազմը: Տղաները նետվեցին մարտադաշտ՝ առանց երկմտելու, նրանց մեջ արթնացել էր հայի երբեմնի և երբևէ չմարող անձնազոհության զգացումը, մարտական
աննկուն ոգին և հայրենասիրությունը: Նույնիսկ վիրավոր և դեռևս չապաքինված նրանք նորից շտապում էին կռվի դաշտ: Ոչինչ վտանգավոր չէր թվում նրանց, ոչ մի ուժ ի զորու չէր կանգնելու հայ զինվորի առջև: Չէ որ, Արցախն օրհասական, ծանր վիճակում էր, այն փրկելն ու պահպանելը գերխնդիր էր դարձել: Ավա՜ղ, ազատատենչ տղաներից շատերը չտեսան սպասված հաղթանակը՝ իրենց իսկ արյան գնով ձեռք բերված ազատությունն ու խաղաղությունը… Հիրավի, պարծանք է գրել նվիրյալ տղաների մասին: Սակայն, ամեն անգամ տրտմությամբ է լցվում հոգիս, երբ հիշում եմ նրանց, մտածում, թե ինչպիսի հերոսներ ու անհատներ ենք կորցրել, որոնք այնքա՜ն պետք էին մեր ազգին ու նորանկախ երկրին: Մի անտանելի ցավ է կեղեքում հոգիդ, իսկ ինչպիսի՜ կսկիծներ են վառվում նրանց հարազատների մշտաբորբոք սրտերում, դժվար է ասել: Գալիս է այն պահը, որ մտածում ես. երանի՜ նրան, ով գոնե մի մանուկ է թողել իր օջախում, որի երակներում հերոսացած հոր արյունն է հոսում: Հազա՜ր երանի: Ափսոս, բազում տղաներ անմահացան քաջ զինվորի բարի անուն վաստակելով սոսկ: Այդ քաջազուններից մեկն էլ Ազատ Սուրենի Հովսեփյանն էր: Նա ծնվել է 1964 թվականին Ասկերանում: 1982 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Բաքվի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը: 1983-85թթ. ժամկետային ծառայությունը կատարել է Ջավախքում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը: Հայ-ադրբեջանական սրացված հարաբերությունների պատճառով տեղափոխվել է Երևան, և ուսումը շարունակել Երևանի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում և ստացել ռուսաց լեզվի ուսուցչի մասնագիտություն: Ինստիտուտն ավարտելուց հետո, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Նորագյուղի միջնակարգ դպրոցում, իսկ 1991 թվականին աշխատանքի է անցել Ասկերանի միջնակարգ դպրոցում: Ազատը ծնվել և դաստիարակվել է այնպիսի օջախում, ուր մեծ հարգանք կար դեպի գիրն ու գրականությունը: Իզուր չէ, որ ընտանիքի բոլոր զավակներն էլ ստացել են բարձրագույն կրթություն: Ազատի մեջ դեռևս մանկուց իմաստավորվել էին հայրենասիրական գաղափարները, որն էլ ավելի էր ամրապնդվել Բաքվում սովորելու տարիներին, երբ համոզվել էր, որ ադրբեջանցիների մոտ չէր մարել երբեմնի թշնամությունը հայի հանդեպ և, որ հայը միշտ էլ պետք է զգոն լինի ու պաշտպանի իր հավատքը, լեզուն և Հայրենիքը: 27-ամյա երիտասարդ ուսուցիչը, երբ մտավ իր հարազատ դպրոց, նրան միանգամից սիրեցին և հարգեցին: Այստեղ դասավանդում էին նրա երկու քույրերը և իրեն ուսուցանող սիրելի ուսուցիչները: Ասել է թե, Ազատը մտել էր մի մեծ համերաշխ ընտանիք: Թեպետ երիտասարդ, սակայն արդեն իսկ հասունացած մարդ էր, գերազանց տիրապետում էր իր մասնագիտությանը, գիտակցում էր Ղարաբաղում ստեղծված կացությունը և ճիշտ գնահատելով այն՝ դասերից ազատ ժամերին աշակերտների հետ հայրենասիրական ոգով զրույցներ էր ունենում: Նա չափազանց համեստ էր, միաժամանակ՝ կարգապահ, ինչն էլ պահանջում էր սովորողներից: Այդ տարիներին արդեն կազմավորվել էին Ասկերանի ինքնապաշտպանական առաջին ջոկատները, որոնք պահպանում էին իրենց խիստ գաղտնիությունը: Նա արդեն անդամագրվել էր այդ ջոկատներին: Ազատ Հովսեփյանը բարձր դասարանցիներին սովորեցնում էր ադրբեջանական խուժանի դեմ պայքարի և պաշտպանության ձևերը: Նա օրինակ էր հանդիսանում իր զինակից ընկերների համար և իր խելքով, քաջությամբ ու հնարամտությամբ արժանանում էր բոլորի սիրուն ու վստահությանը: Մասնակցել է Խրամորթի, Փառուխի և Աղդամի շրջանի Շելլի գյուղի համար մղվող մարտերին: Ասկերանի համար դժվար այդ ժամանակահատվածում, իր նման անվեհեր զինվորների հետ միասին կարողանում էին ետ մղել ադրբեջանական հետևակի գրոհները՝ ոսոխին պատճառելով մեծ կորուստներ: 1992 թվականի հունվարի 30-ն էր: Ասկերանի ջոկատը պաշտպանում էր Խոջալու գյուղի մատույցները: Լարված և ցրտաշունչ օրեր էին: Օրեր՝ աննկարագրելի անողոք, սահմռկեցուցիչ և ճակատագրական: Ազատը վերադարձել էր դիրքերից, սակայն որոշեց տուն չգնալ, այլ միանալ հերթափոխի մեկնող ընկերներին. պետք է թշնամու դիրքերն ավելի լավ հետախուզեին: Քանի՜, քանի՜ նվիրյալ ասկերանցիներ էին նույն կերպ վարվում հանուն հայրենի հողի: Ազատը գնաց ու էլ չվերադարձավ… Մի՞թե նա չէր ցանկանում վերջին անգամ տեսնել ծնողներին, հարազատ քույրերին, միթե չէր ցանկանում ստանալ մայրական վերջին համբույրը, կամ էլ ընդունել քրոջ՝ Մարինեի քնքշագին հայացքը, սակայն Հայրենիքի զինվորը չէր կարող տուն գնալ, քանի դեռ չէր լուծել իր առջև դրված խնդիրը: Գուցեև զգում էր իր մոտալուտ օրհասը, որի դեմ ոչինչ չի կարող անել ոչ ոք: Ի՞նչ իմանաս… Օջախի մինուճար տղա էր Ազատը: Անգութ պատերազմը խլելով նրան իր հարազատներից՝ ոչնչացրեց նաև այն մեծ հույսերը, որ կապում էին որդու հետ: Նա պետք է Հովսեփյանների շեն օջախը շենացներ: Ավա՜ղ, նա գնաց միախառնվելու այն բյուր հայորդիներին, որոնց թափած արյան գնով ստեղծվեց նոր երկիր՝ ազատ և անկախ Արցախ: Ազատը թողեց բարի և անբիծ անուն: Այսօր նրա կրտսեր քույրը՝ Մարինեն մի անհուն թախիծով ու կարոտով է հիշում մինուճար եղբորը. - Ազատը սոսկ եղբայր չէր ինձ համար: Նա նաև հավատարիմ և վստահելի ընկեր էր, որի հետ կարելի էր կիսվել ամեն մի հարցով, նրա խորհուրդներն ու բարի խոսքերն առայսօր հնչում են իմ ականջներում: Թերևս, մեր միասին ունեցած ուսանողական կյանքն է, որ ավելի էր մտերմացել մեր քույր-եղբայրական հարաբերությունները: Հիշում եմ, թե ինչպիսի ատելությամբ էր խոսում թշնամու մասին և ինչպիսի բերկրանքով՝ գալիք օրերի, ազատության մասին: Նա երազում էր մեր նախնիների հողերն ազատագրված տեսնել ու ձերբազատվել այդ զազրելի թուրքերից: Ցավոք, եղբայրս չտեսավ մեր փառահեղ հաղթանակը, այն պարզ և վճիտ երկինքը, որի ներքո ապրում ենք մենք: Այնպես կուզենայի, որ նա լսեր իմ սրտի խոսքը և իմանար, որ մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր անմնացորդ նվիրումով պայքարեցին հանուն Հաղթանակի, իսկ, քանի դեռ հիշում ենք, ուրեմն նրանք ողջ են: Որպես քույր հպարտանում եմ նրանով և գիտակցում, որ նա ուրիշ կերպ վարվելու իրավունք չուներ: Անշուշտ, այսօր էլ Ազատ Հովսեփյանի աշակերտները, զինակից ընկերներն ու բարեկամները հիշում են նրա ողբերգական մահվան օրը, երբ թաղման արարողությունն անգամ հնարավոր չէր կազմակերպել, երբ նրա հայրը թախանձում էր ամենքին չներկայանալ և վտանգի տակ չդնել իրենց կյանքը: Սրտակեղեք պատերազմ… Սակայն, ամենաանգութ հրաբխից հետո անգամ ծաղկում են ծառերը, արեգակն ավելի մեծ ուժգնությամբ է լուսավառվում, գետերը հոսում են իրենց ամենօրյա հունով, թռչունները շարունակում են սրտաճմլիկ դայլայլը և զուտ ճշմարտություն է թվում, որ մարդը կարող է ծիծաղել նաև արցունքների միջից: Այդպիսին է կյանքը և՝ մարդ արարածն առհասարակ: Դիմանալ, տոկալ և շարունակել ապրել: Հիրավի, բոլորիս համար Ազատ Հովսեփյանը կմնա հավերժ 28-ամյա մի երիտասարդ՝ իր թախծոտ և խոսուն հայացքով, երազկոտ և արտահայտիչ աչքերով: Արդարև, մենք՝ խաղաղ երկնքի տակ ապրողներս երախտապարտ ենք քեզ և քո բախտակիցներին: Այսօր մեր գերխնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի ձեր շնորհիվ ստեղծված այս երկիրն ավելի բարգավաճի, շենանա, և գալիք սերունդները հավետ հիշեն և բարձր պահեն Ձեր վեհ հիշատակը: Մեր պարտքն է նաև հարգել ու աջակցել Ձեր հարազատներին, քանզի նրանք մշտապես զգում են մեր ուշադրության ու օգնության կարիքը: Նրանց հանդեպ լինենք մեծահոգի և ցուցաբերենք հային հատուկ արժանավայել կեցվածք: Փա՜ռք Արցախյան պատերազմում ընկած բոլոր քաջորդիներին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |