Յուրաքանչյուր հայ սրտի մորմոքով է հիշում 1990 թվականի Բաքվի աղետալի իրադարձությունները, երբ հազարավոր հայեր դարձան դաժան հաշվեհարդարի զոհեր: Հունվարի 13-ից Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվեց և իրականացվեց Բաքվի հայ բնակչության ահավոր կոտորածը: Սպանդը և թալանը շարունակվեցին մինչև
հունվարի 20-ը: Պաշտոնական տվյալներով հայկական կոտորածի արդյունքում զոհվել էր 100 հայ, սակայն զոհերի թիվն ավելի մեծ էր: Այդ օրերին քաղաքը լիքն էին ցուցարարներով, որոնք պահանջում էին ոչնչացնել հայերին, իսկ հաշվեհարդարի միակ պատճառն այն էր, որ նրանք հայ էին և պարտավոր էին վճարել դրա համար: Ակնհայտ էր, որ ջարդերն ու բռնությունները կազմակերպվել էին վաղօրոք: Չափազանց դժվար է բառերով վերարտադրել այն, ինչ տեղի է ունեցել այդ օրերին Բաքվում: Սահմռկեցուցիչ իրողությունների մասին խոսելիս կամ հիշելիս ամենաառողջ և ուժեղ մարդն անգամ ի զորու չէ դիմանալ, իսկ ականատեսների հիշողություններն այնքան արյունոտ ու սրտաճմլիկ են, որ ինքնին սարսուռով ես պատվում, երբ լսում ես նրանց ահավոր պատմությունները: Բաքվում մնացած հայերի նկատմամբ իրականացվեց ամենասարսափելին, ամենաողբերգականը: Աներևակայելի դաժանությամբ լցված ամբոխը բացահայտելով հայերի տեղերը, մանրակրկիտ ուսումնասիրելով բոլորի հասցեները՝ իրականացրեցին սոսկալի կոտորած: Պատուհաններից շպրտում էին ողջ մարդկանց, որոնց ներքևում ծեծամահ էր անում խաժամուժը: Չէին խնայում ծերերին, կանանց, երեխաներին և նրանց հանդեպ գործադրում էին անասելի գազանություններ: Գազազած ադրբեջանցիների համար ասես սովորական բան էր թալանելը, առևանգելը, բռնաբարելն ու խոշտանգելը: Նրանք շարունակում էին իրենց պապերի «սուրբ» գործը: Կատաղած ամբոխի վայրագությունները ցնցում էր Բաքվի ոչ ադրբեջանցի մյուս ազգություններին, որոնք, թերևս ոչնչով չէին կարող օգնել համաքաղաքացիներին: Ով էլ օգնելու փորձեր էր անում, իսկույն բացահայտվում և հայի ճակատագրին էր արժանանում:Ադրբեջանցիները Բաքուն §մաքրում էին¦ հայերից: Այն, որ տարիներ ի վեր ապրել էին կողք-կողքի, աշխատել միասին, հարևանություն արել, մի կտոր հաց կիսել, բոլորովին չէր մտահոգում նրանց և մի կաթիլ անգամ խղճմտանք չէր արթնացնում: Ահեկեզ այդ դեպքերից ողջ մնացածներն՝ արդեն խոշտանգված, խեղված, մի կերպ դուրս եկան Ադրբեջանից, թեպետ նրանցից շատերը մնացին ճանապարհներին: Այո՛, հայի վշտալի ճակատագիրը, թերևս միշտ կրկնվում է, և դա է տխրալի փաստը: Սակայն մենք այնքան տոկունություն և կամքի ուժ ունենք, որ միշտ էլ կարողանում ենք դիմակայել ու հավատով լցվել դեպի ապագան: Անցյալի հիշողությունները պահելով մեր մեջ՝ մենք պարտավորվածություն ենք զգում Բաքվից, Սումգայիթից և Ադրբեջանի հայաբնակ մյուս բնակավայրերից եկած փախստականների հանդեպ: Նրանք առայսօր զգում են բոլորիս աջակցության, բարոյական օգնության կարիքը: Այսօր ԼՂՀ-ում գործում է ղարաբաղյան շարժման տարիներին ձևավորված փախստականների հասարակական կազմակերպությունը: Ադրբեջանից վտարված փախստականների գլխավոր խնդիրը փախստականի միջազգային կարգավիճակ ստանալն է: Արցախի իշխանությունների կողմից փախստականների խնդիրները շարունակվում են մնալ ուշադրության կենտրոնում: Թեպետ այս տարիների ընթացքում որոշ չափով լուծվել են նրանց բնակարանների հետ կապված հարցերը, սակայն կան բնակարանային խնդիրներ, որոնց լուծումը առաջնայիններից է ԼՂՀ իշխանությունների համար: Հինգերորդ տարին է, ինչ Ասկերանի շրջանում նույնպես գործում է փախստականների հասարակական շրջանային կազմակերպություն: Այսօր կազմակերպության ներկայացուցիչը Նոննա Թամրազյանն է: Նրա ակնհայտ պատասխանատվության ու նվիրված աշխատանքի շնորհիվ շրջանի փախստական հայերն ասես մի համախմբված ընտանիք լինեն, որոնք ապրում են միմյանց ցավերով, գիտակցում են, որ իրենց կարգավիճակն արժանի է ընդունման և իհարկե, ապրում՝ լավատեսությամբ տրամադրված. -Երբ հիշում ենք այն դառն ու ողբերգական օրերը, երբ լքեցինք տուն ու տեղ, տեղափոխվեցինք տարբեր տեղեր, կորցրեինք ընկեր -բարեկամներին, մի ահավոր տրտմությամբ ենք պատվում: Երբևէ հնարավոր չէ մոռանալ այն, ինչ կարելի է ավերիչ արհավիրք անվանել: Սակայն տեղափոխվելով Հայաստան, Արցախ և այլուր կարողացել ենք հարմարվել և մերվել տեղացիների հետ: Երևի դա նրանից էր, որ դաժան ճակատագրի արժանացած մարդկանց ամենուր ընդունել և օգնության ձեռք են մեկնել: Միշտ էլ գորովանքով եմ հիշում, թե ինչպես էին մեզ վերաբերվում. կարեկցանքով, սրտացավորեն, հարգանքով: Հենց այդ էլ մեզ ուժ էր տալիս և ստիպում՝ շարունակել ապրել: Այսօր Ասկերանի շրջանում բնակվում է 500 փախստական ընտանիք: Վերջերս ԼՂՀ սոցապ նախարարության և ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ բոլոր շրջաններում ստեղծվել են հանձնաժողովներ՝ վեց անդամից բաղկացած: Հանձնաժողովներն ուսումնասիրել են փախստական ընտանիքների բնակարանային պայմանները, ապրելակերպը: Ցավալի է նշել, որ դեռևս կան անապահով ընտանիքներ, որոնք ապրում են անմխիթար և վատթար պայմաններում: Մեր հանձնաժողովը կազմել է անապահով ընտանիքների համապատասխան ցուցակ և ներկայացրել ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարինյանին: Վերջերս կայացել էր ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հանդիպում Արցախ ժամանած Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ: Հյուրերն առաջին անգամ էին լսում, որ Արցախում փախստականներ են ապրում, այն էլ առանց որևէ կարգավիճակի, և հայտարարել են, որ վերադառնալով Ուրուգվայ կանեն հնարավորն՝ այս գործընթացին ընթացք տալու համար: Մենք՝ փախստականներս բարձր ենք գնահատում անգամ այն փոքրիկ դրամական օգնությունները, որ Ս. Սարինյանի կողմից ստանում են ամենաանապահով ընտանիքները: Միաժամանակ գիտակցում ենք, որ ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության գործունեության ուղղվածությունը գլխավորապես քաղաքական է, այն է՝ ստանալ փախստականի միջազգային կարգավիճակ և փոխհատուցում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Համոզված ենք, որ կլուծվեն փախստականներին մտահոգող առկա խնդիրները և բոլոր դժվարությունները կմնան հեռու անցյալում, սակայն Բաքվի ողբերգական դեպքերը չեն մոռացվի երբեք,- շեշտեց Ասկերանի շրջանի փախստականների հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նոննա Թամրազյանը: Անշուշտ, այս կազմակերպության դերն ու նշանակությունը մեծ է փախստականների համար: Նրանք ինքնին ապահովված են զգում, երբ գիտակցում են, որ իրենց ճակատագրերի մասին հոգացողներ կան: Ինչ խոսք, մենք նույնպես համոզմունք ենք հայտնում, որ սոսկալի փորձությունների ենթարկված ժողովրդի կարգավիճակը պիտի փոխվի և նրանք պետք է փոխհատուցում ստանան Ադրբեջանի իշխանությունների կողմից: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |