ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ, ԱՅԼ ՆԱԵՎ ԲԱՆԻՎ
18.02.2013 11:44

   Հետպատերազմյան Արցախում բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացվում։ Բարեգործությունն անհատի ինքնադրսևորումն է, նրա ցանկությունների ու ազգին անմնացորդ նվիրվածության կամաարտահայտումը։ Հայ ժողովուրդը ողջ պատմության ընթացքում ունեցել է անվանի մեկենասներ, որոնց շնորհիվ բազմաթիվ եկեղեցիներ են կանգնեցվել, կրթարաններ կառուցվել ու բազմաթիվ այլ ազգասիրական ծրագրեր իրականցվել։ Չէ որ ամեն ինչ չէ, որ պետք է մեր նորաստեղծ պետությունից պահանջել։ Սեփական երկիրը բարգավաճ տեսնելու ու նրա վերելքին նպաստելու համար մեզանից յուրաքանչյուրն էլ պարտավոր է իր լուման ներդնել։
Վերջերս մեր շրջապատում մեծ թափ է ստացել բազմաբնույթ բարեգործական ծրագրերի իրականացումը։ Մեր թերթի յուրաքանչյուր համարում գրեթե անպակաս են իրականացված բարեգործական ծրագրերի համար շնորհակալագրերն ու դրանց մասին պատմող հոդվածները։
  2013 թվականն Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում սկսվել է ուրախալի առիթով։ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հերթական բարեգործական նախաձեռնությամբ հանդես եկավ՝ դպրոցի աշակերտներին մարզական հագուստ և բասկետբոլի գնդակներ նվիրելով։ Նվերները հանդիսավոր պայմաններում աշակերտներին հանձնեց բարեգործի եղբայր Գարիկ Շահրամանյանը։ 
Լինելով նույն դպրոցի շրջանավարտ Կ. Շահրամանյանն ապրում է հարազատ քաղաքի ու կրթօջախի հոգսերով։ Մարտի դաշտում հաղթած զինվորը հաղթանակներ է կռում խաղաղ պայմաններում։ Սա կոչի մի տեսակ է միջազգային ատյաններին ու համաժողովներին ապացուցելու, որ հայ ազգը քաղաքակիրթ է, ազատատենչ ու սեփական երկիրը զորացնելու ավյունով լեցուն։ Ի տարբերություն մեր §հարևանների¦ որոնք դադար ու հանգիստ չեն ունենում, նույնիսկ իրենց երկրի ներսում՝ գազազած ամբոխի վերածված իրար միս են կրծում։ Տեղին եմ համարում հիշատակելու Նժդեհի խոսքերը. §Հոգու հիվանդություն ունեն այն ժողովուրդները, որոնք դժգոհում են սեփական հայրենիքից¦:
  Մեր ազգին բնորոշ գեղեցիկ ավանդույթները շարունակվում են, դրանք վերջ չեն ունենալու, քանզի Կարեն Շահրամանյանի նման անհատներ կան մեր շրջապատում։ Նրանցից յուրաքանչյուրին մեր երախտագիտությունն ենք հայտնում և բարեգործների հայաշահ ձեռնարկումներին մաղթում աստվածային օրհնությամբ եւ զորությամբ պսակված լուսավոր ընթացք:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter