ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՌԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
18.02.2013 12:05

    Նշելով Շարժման 25-ամյակը մենք մեկ անգամ ևս արժևորում ենք ավագ սերնդի կատարած վեհ գործերը։ Պատկերացնելն անգամ դժվար է, թե ինչպիսին կլիներ մեր ազգի ճակատագիրը, եթե չլիներ 1988-ի փետրվարը, երբ ժողովուրդը մի բռունցք էր դարձել ու իր արդար պահանջն ու դարերի փափագն էր առաջ քաշում՝ վերամիավորում Մայր Հայաստանին։ Քանզի արդեն անհնար էր տանելու դարերի լուծը, որը ծանր բեռի նման կորացրել էր հայի

մեջքը։
Ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց ու հայահալած քաղաքականության արդյունքում մեր գյուղերն ու քաղաքներն աստիճանաբար հայաթափվում էին։ Մեր եկեղեցիները սրբապղծվում ու վերածվում էին անասնագոմերի ու պահեստների, դարերի պատմություն ունեցող խաչքարերն անողոքաբար ոչնչացվում։ Համբերության բաժակն արդեն լցվել ու ափերից դուրս էր հորդում, ու լռելն այլևս անհնարին էր...
  Փետրվարի 1-ից շրջանում սկսվել ու շարունակվում են Ղարաբաղյան Շարժման ակտիվիստների հանդիպումները համայնքների բնակիչների հետ։ Հանդիպումներին մասնակցում են Սլավիկ Առուշանյանը, Ալբերտ Ավանեսյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Շահեն Աղաբաբյանը, Վալերի Պետրոսյանը՝ Ղարաբաղյան Շարժման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումների անցկացման շրջանային հանձնաժողովի նախագահ Սամվել Հայրիյանի գլխավորությամբ։ Դրանք ընթանում են ըստ 1988 թվականին կազմված ժամանակացույցի, ուստիև առաջին հանդիպումն էլ կայացավ Նորագյուղում։ Հավաքվել էին նորագյուղցիները գյուղական ակումբում, այն նույն շենքում, ուր 25 տարի առաջ Նորագյուղի կուսկոմիտեի քարտուղար Հակոբ Պետրոսյանի առանձնասենյակում տեղի ունեցավ առաջին գաղտնի ժողովը։ 
Նմանատիպ հանդիպումներ տեղի ունեցան Պատարայում, Ավետարանոցում, Ակնաղբյուրում, Խնապատում։ Շարժման ակտիվիստները նախ իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհված ազատամարտիկների պատվին կանգնեցրած հուշատախտակին։ Ամենուրք նրանց ընդունում էին որպես հայրենիքի փառապանծ զավակների, ովքեր մեծապես նպաստել են Արցախյան ազգային-ազատագրական պայքարի հետագա զարգացման ընթացքին։ Հանդիպումների ընթացքում խոսվում էր պատմական այնպիսի իրադարձությունների մասին, որոնք վճռորոշ դեր խաղացին Արցախի պատմության մեջ։
Ղարաբաղյան Շարժման ակունքները սկիզբ են առնում մեր շրջանից ու դրա մասին պարտավոր են իմանալ բոլորը։ Շարժումը ոտքի կանգնեցնելու առաջին հանրահավաքն Ասկերանում էր՝ 1988-ի փետրվարի 12-ին, որին հաջորդեց փետրվարի 13-ի առաջին հզոր հանրահավաքը Ստեփանակերտում, ապա փետրվարի 20-ի բազմահազարանոց հանրահավաքը Երևանում։
1988-ի փետրվարի 22-ին ադրբեջանական բազմահազարանոց խաժամուժը զինված տարատեսակ զենքերով Աղդամից շարժվեց Ասկերանի ուղղությամբ՝ նպատակ ունենալով բռնի ուժով կասեցնել Շարժումը։ Ասկերանցիների ու մոտակա գյուղերից օգնության հասածների շնորհիվ այդ օրը կանխվեց ցեղասպանությունը ու թշնամին շպրտվեց իր որջը՝ անառիկ ու անսասան էին Ասկերանի դարպասները։
Ելույթ ունեցողների խոսքն ազդեցիկ է, հասու բոլորին, նրանց գործերի մասին դեռ խոսվելու են, իսկ հերոսական արաքների ու անձնուրացության մասին գրքեր են գրվելու։ Դպրոցականներն էլ հանդես են գալիս գեղեցիկ հայրենասիրական երգով և ազգային պարով։ Հանդիպումներն ավարտվում են Ասկերանի §Բերդ¦ ժողգործիքների պետական համույթի գեղեցիկ կատարումներով։
  Այսօրվա սերունդը մեծ ժառանգություն է ստացել՝ Անկախ Արցախի Հանրապետություն, ու ավագ սերնդի ձեռքբերումները պարտավորեցնող պիտի լինեն՝ ավելին ձեռք բերելու, մեր պատմական հողերի իրավական տերը դառնալու, ինչու չէ նաև բոլորիս բաղձանքն իրականացնելու՝ Մասիսի սեգ կատարին Հայոց եռագույնը փողփողացնելու։
Նման հանդիպումները յուրահատուկ հայրենասիրական դասեր են, որոնք և ոչ մեկն իրավունք չունի աղավաղելու, մոռացության մատնելու։
Յուրաքանչյուր ժամանակաշրջանում պատմության առանցքում մարդն էր՝ իր դերակատարությունով։ Ու մարդու կատարածի մասին խոսում են փաստերը, քանի որ պատմությունը չի հիմնվում §գուցեների¦ վրա։ Ի՞նչ երեսով պիտի նայենք §Հայոց պատմությունը¦ կերտած Մովսես Խորենացու աչքերին, ի՞նչ պիտի պատասխանենք Խրիմյան Հայրիկին, եթե պատմության ընձեռած այս հնարավորությունների դեպքերում էլ սկսենք կեղծել այն, բա՛վ է հայոց պատմությունը կեղծողների բանակն առանց այդ էլ ստվար է։ Արդ Գրիգոր Լուսավորչի վառած լույսի ու հույսի կանթեղն անմար պահե՛նք, Վարդան Մամիկոնյանի ու հայոց քաջերի բազկի զորությունը մեզ ապանվեն անելով՝ մեր երկիրը դեպի բարգավաճում տանող վճիտ ճանապարհը բռնենք։
Եկե՛ք պատմությունից դասեր քաղենք, ավագ սերնդից ամենայն լավն ընդօրինակենք՝ ապագա սերունդներին ժառանգելու հպարտ ու վեհ զգացումով, քանզի քաջերի սերունդները՝ քաջերն են։

 

 

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter