ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ
18.02.2013 12:27

   Արցախյան շարժումը համաժողովրդական գործ է։ Յուրաքանչյուր ոք իր հնարավորությունների սահմանում նպաստել է նրա ոտքի կանգնմանն ու զարգացմանը։
Շատերը հեշտությամբ շրջանցում են նախապատրաստական փուլը հաշվի չառնելով, թե ինչպիսի վտանգավոր կամ ճակատագրական հետևանք կարող էր այն ունենալ։ Հիրավի, Ասկերանի շրջանը՝

ՀՀ եւ հետագայում էլ ԼՂՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր Սլավիկ Առուշանյանի ակտիվ գործունեության, ինչու չէ նաև սեփական նախաձեռնությունների շնորհիվ դարձավ դարբնոց, որտեղ կոփվեց տասնամյակներ շարունակ այնքան երազած ազգային-ազատագրական Շարժումը։
Փաստորեն Շարժումը երկու փուլից էր բաղկացած՝ ընդհատակյա, որի արմատները շատ խորն են և 88-ի փետրվարի 13-ից հետո, երբ այն դուրս եկավ ընդհատակից ու դարձավ համաժողովրդական գործ։ Չնայած Ղարաբաղում պետական մակարդակով իրականացվող §սպիտակ եղեռնը¦ սեղմում էր յուրաքանչյուրիս սիրտը, բայց եւ այնպես, խիզախություն, ինչո՞ւ չէ, նաեւ անձնուրացություն էր պետք խորհրդային ամբողջատիրական հսկա ռեժիմին դեմ դուրս գալու համար։ Եվ գտնվեցին նման մարդիկ, որոնք սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին ազգային խնդրին, բազում վտանգներ հաղթահարելով՝ ժողովրդին նախապատրաստեցին 88-ի Վերազարթոնքին։

 

- Պարոն Առուշանյան, թեկուզ համարվում է, որ Շարժումը սկսվել է 1988-ին, սակայն մինչ այդ բավականին նախապատրաստական աշխատանքներ են տարվել, որոնց համոզված ենք, շատերը տեղյակ չեն։ Ինչպե՞ս է դա եղել։
- Դեռևս 1987թ. մայիսին, երբ պարզ դարձավ, որ շարժումն սկսելու գործընթացը ձախողված է, քանի որ ստորագրահավաքը ճիշտ չէր կազմակերպվել, Իգոր Մուրադյանը թիմ ստեղծեց Երեւանում եւ որոշեց, որ Արցախի ամեն մի շրջանում նույնպես համապատասխան թիմեր ստեղծվեն՝ Շարժմանը նոր թափ հաղորդելու նպատակով։
- Ինչո՞ւ առաջինը հենց Ասկերանում ստեղծվեց նախաձեռնող խումբը և ովքե՞ր էին ակտիվիստները։
  - Չեմ կարող պնդել, որ առաջինն Ասկերանում ստեղծվեց նախաձեռնող խումբ, բայց որ Շարժմանը համաժողովրդական բնույթ հաղորդած մի շարք նախաձեռնություններ ծնվեցին Ասկերանում՝ դա փաստ է։ Այս հարցին պատասխանելու համար լավ կլինի մեջբերեմ Կ. Դանիելյանի §Արցախը չսանձած նժույգ¦ գրքից մի հատված. §Երևի թե դեռևս շատերը չգիտեն, որ մեր աշխարհը ցնցած ազգային-ազատագրական պայքարի մեկնակետը եղել է Ասկերանը։ Սա մատնանշում եմ ոչ թե առաջնության դափնու ակնկալիքով, այլ՝ սոսկ տարեգրության, վաղվա ուսումնասիրողների համար։ Այսօր կարող է տարօրինակ թվալ, բայց այս շրջանի ներկայացուցիչն է §խաղի մեջ ներգրավել¦ մայրաքաղաք Ստեփանա-կերտի մտավորականու-թյանը, ի դեմս մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) դասախոսների. Առաջինը նրանք են իրենց ստորագրությունները դրել Մոսկվա ուղարկված փաստաթղթի տակ¦։ 
  Նախաձեռնող խմբի անդամներից էր լուսահոգի Սլավիկ Միրզոյանը՝ շրջանային §Կարմիր դրոշ¦ թերթի բաժնի վարիչ, Կոմիտաս Դանիելյանը՝ նույն թերթի խմբագիր, Ալբերտ Ավանեսյանը՝ շրջանի գլխավոր ճարտարապետ, ում շփումները շրջանի բնակչության հետ շատ սերտ էին ու նա ոչ միայն քաղաքացիներին էր ճանաչում, այլ ցանկացած գյուղի ներքին ու արտաքին ճանապարհները։ Դա առանձնապես կարևոր նշանակություն ունեցավ, երբ մշակվում էին Խոջալուի և այլ բնակավայրերի ազատագրման պլանները։ Նախաձեռնող խմբի անդամներից էին նաև երջանկահիշատակ Մարատ Հակոբջանյանը, ով այդ տարիներին շրջանային կապի հանգույցի տնօրենն էր, որի ենթակայության տակ էր գտնվում հեռախոսակապը, փոստը և հեռագրատունը, Ալյոշա Գաբրիելյանը՝ շրջանի ժողկրթբաժնի վարիչ, Սեմյոն Հայրիյանը՝ Շոշի գյուղական սովետի նախագահ, վաստակաշատ բժիշկ Գեորգի Մնացականյանը Ավետարանոցից, ով մեծապես օգնեց վերին ենթաշրջանում Շարժումը ոտքի կանգնեցնելու գործում և ես՝ կոմունիստական կուսակցության շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ, ով կոորդինացնում էր կուսակցական քաղաքական և տնտեսագիտական ուսուցման ողջ գործընթացը։ Շարժումը ոտքի կանգնեցնելու գործում հաջողության ենք հասել օգտագործելով գաղափարախոսական աշխատանքի բոլոր լծակները, այն կազմակերպել ենք գիտականորեն՝ հաշվի առնելով աշխարհի մյուս պետություններում հեղափոխական շարժումների փորձերը։
- Ինչպես հայտնի է, դժվարն առաջին քայլն անել էր, ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում համազգային շարժում կազմակերպելուն։ Արդյոք դժվար չէր ձեզ համար մարդկանց համոզելը, չէ որ գիտենք, որ այդ ամենն արվում էր հույժ գաղտնիության պայմաններում։
- Իհարկե, ամեն մի նոր սկիզբ զուգորդվում է տարատեսակ խոչընդոտներով, սակայն մեր գործն արդարացի էր ու մարդիկ մեզ հետևում էին։ Բնակավայրերում եւ խոշոր ձեռնարկություններում նույնպես նախաձեռնող խմբեր են ստեղծվեցին եւ նշանակվեցին խմբի ղեկավարներ։
Երբ 1988-ի հունվարի վերջին Շարժումը մտավ փակուղի՝ հանդիպելով Գիշի գյուղի ակտիվի հետ, առաջ քաշեցինք Շարժումն առաջ տանելու նոր ուղղություն։ Նախ նշեցինք, որ Ղարաբաղի փրկության հարցում ղեկավարության վրա հույս դնել չի կարելի և պետք է ոտքի կանգնեցնել ժողովրդին։ Վերակառուցման քաղաքականությունը մեր վերջին հնարավորությունն էր Լեռնային Ղարաբաղը §սպիտակ եղեռնից¦ փրկելու համար։ Եվ դրա ամենակարճ ճանապարհը ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու Հռչակագրի համաժողովրդական քննարկումն էր։ Տեղի ակտիվը շատ լավ ընդունեց մեր առաջարկությունը։ Տեսնելով նրանց բոցավառ աչքերը հասկացա, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, ինքս էլ ոգևորվեցի։ Գալով Ասկերան ստեղծված իրավիճակը ներկայացրեցի Շարժման նախաձեռնող խմբին, ովքեր հավանություն տվեցին այդ գաղափարին։ Ապա ձեռնամուխ եղանք օրինակելի որոշման նախագծի մշակմանն ու ժողովների անցկացման ժամանակացույցի կազմմանը։
- Ստորագրահավաքների ժամանակ որևիցէ խտրականություն դրվո՞ւմ էր։
- Իհարկե, հիմնականում ուշադրություն էինք դարձնում որակին, այսինքն՝ այնպիսի մարդկանց էինք համոզում ստորագրել, որոնք ներկայացնում էին որեւէ կազմակերպություն, Հայրենական պատերազմի վետերաններ, տարբեր մասնագիտությունների գծով առաջատարներ, մի խոսքով՝ այնպիսի մարդկանց, որոնք հեղինակություն էին վայելում շրջանում եւ կարող էին իրենց հետեւից տանել շատերին։
- Որքանով ինձ հայտնի է, առաջին ժողովն անցկացվեց Նորագյուղում։
  - Պետք էր ժողովրդին մասնակից դարձնել Շարժմանը։ Ուստի նախաձեռնող խմբի անդամներից կատարեցինք ամրացումներ տարբեր բնակավայրերում և աշխատանքային կոլեկտիվներում ընդհանուր ժողովների անցկացման համար։ Աշխատանքը հեշտացնելու նպատակով որոշեցինք այդ հայրենանվեր գործին մասնակից անել շրջանի ղեկավարությանը, քանի որ այդ տարի փետրվարին կոլտնտեսությունների հաշվետու ընտրական ժողովներ էին անցկացվում, ուստի ժամանակացույցը համընկեցրել էինք այդ ժողովների հետ։ Առաջին ժողովը փետրվարի 1-ին էր, որն անցկացվեց Նորագյուղի կուսկոմիտեի քարտուղար Հակոբ Պետրոսյանի աշխատասենյակում։ Անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ Հ. Պետրոսյանը բավական ակտիվ մասնակցություն ունեցավ այդ ժողովին։ Ժողովներ անցկացվեցին նաև մեծ ձեռնարկություններում և տնտեսություններում։ Քանի որ Աստղաշենում բավականին ադրբեջանցիներ էին բնակվում, իրավիճակը չսրելու նպատակով ժողովն անցկացրեցինք Պատարայում։ Հանդիպումների ժամանակ ժողովականներին ներկայացնում էինք հռչակագրի որոշման նախագիծն ու կազմակերպում քննարկումներ։ Եվ ամենուր այն հավանության էր արժանանում։ Այդ գործընթացը նոր հույսեր արթնացրեց մարդկանց մեջ Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու գործում։ 
  - Ի՞նչ եղավ հետո, վախի մթնոլորտը զիջե՞ց արդարացի պահանջին։
- Այո, հրապարակայնությունն արդեն իրական արժեք էր իրենից ներկայացնում, քանի որ ժողովներ կազմակերպելու և անցկացնելու համար ոչ մեկին չտուժեցին։ Քննարկումների ընթացքում մարդիկ շփվելով իրար հետ և առանձնապես քվեարկության ժամանակ տեսան, որ բոլորը միակարծիք են, ուստի վերացավ կասկածը մեկը մյուսի նկատմամբ։ Ամենուրեք Հայաստանի հետ վերամիավորման մասին մարդիկ խոսում էին անկաշկանդ։
- Ադրբեջանն էլ ամեն կերպ փորձում էր խոչընդոտել Շարժմանը…
  - Անկասկած, խուճապի մեջ ընկնելով Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմը որոշեց Շարժումը խեղդել իր բնում։ Փետրվարի 12-ին Ադրկենտկոմի ներկայացուցիչները գալիս են Ղարաբաղ, որպեսզի կուսակցական ակտիվներ գումարեն՝ կուսակցական կազմակերպության միջոցով կասեցնելու շարժումը՝ այն որակելով մի խումբ անպատասխանատու ծայրահեղականների գործ։ Բայց ակտիվի անդամները և հանրահավաքի մասնակիցները կարողացան կասեցնել նրանց գործողությունները եւ մեր Շարժման պատմության մեջ բարձրացվեց է առաջին ցուցապաստառն Ասկերանում՝ հետեւյալ բովանդակությամբ §Կեցցե՜ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Հայկական ԽՍՀ-ին¦։ 
  Տեսնելով, որ այդ օրը նրանց չհաջողվեց այն կասեցնել, որոշեցին փետրվարի 13-ին ժամը 11.00-ին անցկացնել Մարզկոմի բյուրոյի ընդլայնված նիստ։ Իմիջիայլոց 1960-ական թվականներին Մարզկոմի բյուրոյի ընդլայնված նիստը դատապարտեց Ղարաբաղը Հայաստանին վերամիավորվելու պահանջը։ Եվ կարծես թե պատմությունը կրկնվում էր։ Բայց այս անգամ դա նրանց չհաջողվեց։ Շատերը չէին կարող պատկերացնել, որ Խորհրդային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդը դեն կշպրտի Կենտկոմի որոշումը եւ անհնազանդություն կցուցաբերի իշխանություններին։

- Պարոն Առուշանյան, վերջերս Արցախի հանրային հեռուստատեսության «Կլոր սեղան» հաղորդաշարի ժամանակ բավականին թեժ բանավեճ էր ծավալվել փետրվարի 13-ի դեպքերի շուրջ։ Ի՞նչ կասեք այդ մասին։ 

 - Այո, շատ ցավալի է, որ մեր ժամանակներում որոշ մարդիկ փորձոււմ են դեպքերն ու դեմքերն աղավաղել։ Եթերում էլ ասացի իրականությունը, թե փետրվարի 13-ի առաջին հզոր հանրահավաքն ինչպես է տեղի ունեցել և ինչքան մարդ էր հավաքվել։ Հանրահավաքի կազմակերպիչներն էլ մենք էինք և իմ առաջարկով հանրահավաքի միակ նկարահանողը §Կարմիր դրոշ¦ թերթի լուսանկարիչ (այժմ՝ §Բերդ¦ շրջանային թերթի գլխավոր խմբագիր) Վալերի Պետրոսյանն էր և այդ լուսանկարներն էլ պահպանվում են։ Առաջարկում եմ այն տպագրել, որպեսզի մարդիկ տեսնեն և իմանան իրականությունը։ Իսկ հանրահավաքի կազմակերպման հանգամանքներին կարելի է ծանոթանալ Կ. Դանիելյանի §Արցախը չսանձած նժույգ¦ գրքում։
- Շատ լավ։ Ասկերանն առաջին լուրջ վտանգը զգացել է դեռևս 1988թ. փետրվարի 22-ին, երբ զինված թուրք խառնամբոխը հարձակվեց Ասկերանի վրա և արժանի դիմադրության հանդիպելով՝ համոզվեց, որ Ասկերանն անառիկ ամրոց է։ Պատմեցեք, խնդրեմ այդ դեպքերի մասին։
  -1988թ. փետրվարի 22-ին Ասկերանում, փաստորեն կանխվեց ցեղասպանությունը։ Իմ կարծիքով դա մեր սերնդի Ավարայրն էր, որը ցավոք խեղաթյուրվում է մերոնց և այլոց կողմից։ Հենց այդ օրը սկիզբ դրվեց մեր Անկախ պետականությանը և մեր ինքնապաշտպանությանը։
- Շնորհակալություն։ 

Հարցազրույցը վարեց Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter