ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
18.02.2013 13:02

    Փետրվարի 1-ին գործնական այցով մեր շրջան այցելեցին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։ Նրանք նախ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում զոհված ասկերանցիներին՝ թարմ ծաղիկներ դնելով սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշատախտակին։ Ապա շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի, վարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ շրջանում գյուղատնտեսության զարգացման պիլոտային ծրագիր իրականացնելու հարցի շուրջ։ 
Երկրի նախագահը ողջունելով ներկաներին անդրադարձավ մեր հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության զարգացմանը։
  - Ասկերանի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի անհրաժեշտ բոլոր պայմանները։ Շրջանի աշխարհագրական դիրքը հանրապետության կենտրոնական մասում, կարևորագույն խաչմերուկներում տեղակայված լինելը, մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվելը, ջրային պաշարների ու լայն ճանապարհային ցանցի առկայությունը ոլորտի զարգացման համար ստեղծում է հզոր խթաններ։ Բացի դրանից շրջանում նոր թափ է ստացել զբոսաշրջությունը, որը նույնպես դրականորեն է ազդում տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում նաև գյուղատնտեսության զարգացման վրա։ Այս ամենը լավագույնս օգտագործելու համար անհրաժեշտ է տանել քրտնաջան աշխատանք, ինչպես տնտեսվարող սուբյեկտների կողմից, այնպես էլ շրջանային և հանրապետական օղակների մակարդակով։ Հենց դա է հանդիսանում հաջողության ամենալուրջ գրավականներից մեկը։ Այսքանով հանդերձ Ասկերանի շրջանն ունի բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ։ Եվ նման հանդիպումներն առկա խնդիրները վեր հանելու և տեղում քննարկելու նպատակ են հետապնդում։
  2012 թվականի տնտեսական տարին Ասկերանի շրջանում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ է եզրափակվել։ Շրջանում բավականին աճել են գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները։ Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներից հավաքվել է 25500 տոննա բերք։ 2013 թվականի բերքի տակ շրջանում կատարվել է 11500հա հերկ և 8900 հա աշնանացան։ Գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքներն ավելացել են 1000 հեկտարով։ Ավելացել են նաև խոշոր և մանր եղջերավոր անասունների, խոզերի գլխաքանակները։ Բարձր ցուցանիշների արձանագրմանը մեծապես նպաստել է նաև ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից հողի սեփականատերերին տրամադրվող անտոկոս փոխառությունները, արտոնյալ կարգով տրամադրվող տարբեր տեսակի պարատանյութերն ու սերմերը։ 2012թ. շրջանում բարձր են եղել նաև համայնքային բյուջեների կատարման ցուցանիշները։ 27 համայնք գերակատարել է համայնքային բյուջեի եկամտային պլանը։
  Գյուղատնտեսության ոլորտում առաջարկվող նոր մոտեցումները մանրամասնեց գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը։ Գյուղնախարարությունը նպատակ ունի ստեղծել աջակցության այնպիսի մոդել, որը կիրառվում է զարգացած շատ երկրներում։ Նոր մեխանիզմի ներդրման դեպքում կդադարեցվի կանխիկ գումարների տրամադրումը և կխթանվի վերջնական արտադրանքի իրացումը։ Պետությունն ամեն տարի կսահմանի գյուղատնտեսական արտադրանքի երաշխավորվող գին, որն իր մեջ ներառելու է արտադրության ընթացքում կատարված բոլոր ծախսերը։ Եթե շուկայում երաշխավորվածից ցածր գին լինի, պետությունը պարտավորված կլինի վճարել իր կողմից սահմանված գինը։ Բարձր գնի դեպքում, բնականաբար, տնտեսվարողը բերքը կիրացնի բարձր գնով։ Այս ծրագրի ներդրմամբ երկրի ղեկավարները նպատակ ունեն շահագրգռել տնտեսվարող սուբյեկտներին՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ գյուղատնտեսական ապրանքների արտադրման և այն շահեկան գներով իրացնելու համար։ Առանցքային նշանակություն ունի պիլոտային ծրագրերի իրականացումը, որը թույլ կտա ընդլայնելու այդ ծրագրերի շրջանակը, բնականաբար, հաշվի առնելով արդյունքը։ Իհարկե, սրանք դեռեևս առաջարկներ են, որոնք իրագործելու կամ փոփոխությունների ենթարկելու լծակները հողագործների ձեռքերում են։ 
Օրակարգային հարցի շուրջ իրենց մտահոգություններ են հայտնել շրջանի համայնքների ղեկավարները։ Նրանք հողօգտագործողների տեսակետները գրավոր տեսքով կներկայացնեն վարչակազմի ղեկավարին։
- Ծրագիրը ողջունելի է, քանի որ շատ տնտեսվարող սուբյեկտներ ստանալով պահանջվող գումարը, դրանց մի մասը ոչ նպատակային է օգտագործում,- այս տեսակետն է հայտնել Ուղտասարի համայնքի ղեկավար Սամսոն Մեսրոպյանը։
  Խնդիրը բավականին բարդ ու պատասխանատու է, ուստի ավելորդ շտապողականությունը վերջնական եզրակացություններում կարող է միայն խանգարել գործընթացի արդյունավետությանը։ Քանի որ հողերի մշակությանը մեծապես աջակցում է պետությունը՝ տրամադրելով տարբեր տեսակի վարկեր, ապա համայնքների ղեկավարներն իրենց մտավախությունը հայտնեցին հողերն անմշակ մնալու կապակցությամբ։ 
  - Կառավարության կողմից հողօգտագործողներին տրամադրվող մի շարք ծրագրեր կշարունակվեն, մասնավորապես պարատանյութերի, թունաքիմիկատների, սերմերի ձեռքբերման համար,- մտավախություններին ի պատասխան ասաց գյուղնախարարը։
  Հանրապետությունում գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով իրականացվող պիլոտային ծրագրերն առաջիկայում առավել ընդգրկուն կքննարկվեն։
  Վերջում համայնքի զարգացման, բնակչության բարեկեցության բարելավման, բյուջեի կատարման գործում ունեցած բարձր ցուցանիշների համար Ռևի, Նորագյուղի, Վարդաձորի, Ներքին Սզնեքի և Խնձրիստանի համայնքների ղեկավարները պարգևատրվեցին շրջվարչակազմի պատվոգրերով։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter