ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25 - ԱՄՅԱԿԸ
25.02.2013 21:45

   Այս օրերին ողջ հայությունը մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշում է Ղարաբաղյան Շարժման 25-ամյակը։  
Ցույցեր ու շքերթներ, մշակութային և մարզական միջոցառումներ են կազմակերպվում ամենուր։
1988-ի փետրվարին սկիզբ առած արցախահայության հաղթարշավը շարունակվեց մինչև 1994 թվականի մայիսը, երբ թշնամին ծնկի էր եկել ու հրադադար էր խնդրում։ Ու զինադադար կնքվեց։ Սակայն թշնամին երբեք քնած չէ։ Մենք միշտ պետք է զգոն լինենք, քանի որ սաֆարովներ կան դեռ, որոնք ընդունակ են կռվելու միայն քնած հայ զինվորի դեմ։ Քանզի թուրքը երբեք քաջություն չի ունեցել առճակատելու համար։
Նշելով Շարժման 25-ամյակը մենք երիցս հպարտության ու երախտագիտության զգացումով ենք լցված մեր ավագ սերնդի նկատմամբ, ում միասնականության ու ազգանվեր անկոտրում կամքով կռվեց մեծ հաղթանակը։ Ուստի լինենք արժանի հետնորդներն ու հերթափոխն ընդունելով՝ Արցախը բարգավաճում տանող ուղին բռնենք։
Փետրվարի 22-ին մարդաշատ էր Ասկերանը: Վաղ առավոտից ամբողջ քաղաքում թևածում էր հայրենասիրական խրոխտ երգ-երաժշտությունը, ապա շարասյուններով հաղթական երգով ու խորխտ քայլքով դեպի հրապարակ շարժվեցին զինվորականները, որոնց միացան դպրոցականների հոծ շարքերը զինված հայկական եռագույնով, ՙՄիայն Հայաստանի հետ՚, ՙԱրդար պահանջ՝ ոչ մի նահանջ՚, ՙՈգին ամենազոր է՚, ՙՀայկական հողերը՝ Հայաստանին՚ պաստառներով, Շարժման 25-ամյակը խորհրդանշող դրոշակներով, փուչիկներով։ Հավաքվել էին ասկերանցիներն ու շրջակա գյուղերի բնակիչները տոնելու արցախահայության կարևորագույն պատմական իրադարձություններից մեկի՝ Ղարաբաղյան Շարժման 25-ամյակը: Տոնական միջոցառմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, աշակերտական և ուսուցչական կոլեկտիվներ: 
Հյուրերը նախ այցելեցին Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան, ուր բացվել էր Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ սկսած շարժման ակունքներից մինչև փայլուն հաղթանակի մասին պատմող բացառիկ լուսանկարներով և տեսաֆիլմով: Ցուցահանդեսի հեղինակը 1988-ին Ասկերանի շրջանային ՙԿարմիր դրոշ՚ թերթի ֆոտոթղթակից, այժմ՝ ՙԲերդ՚ շրջանային թերթի գլխավոր խմբագիր, Շարժման ակտիվիստ Վալերի Պետրոսյանն է։
Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին հարգանքի տուրք մատուցելուց, նրանց անմար հիշատակին խոնարհվելուց հետո պետական պաշտոնյաները շարժվեցին դեպի քաղաքային հրապարակ, ուր տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ։ Ողջունելով ներկաներին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ասաց.
  - Քսանհինգ տարի առաջ Արցախի ժողովուրդը ոտքի ելավ վերականգնելու պատմական արդարությունը՝ վերամիավորվելու Մայր Հայաստանի հետ։ Մենք լավ ենք հիշում, թե ինչպիսի հավատ ու ոգևորություն կար ժողովրդի մեջ այդ օրերին։ 25 տարվա ընթացքում մենք ունեցանք հզոր ու մարտունակ բանակ, պետական զինանշան ու դրոշ, օրհներգ ու սահմանադրություն։ Այսուհետ մենք պետք է ամրապնդենք մեր պետականությունը, ավելի հզոր դարձնենք մեր հայրենիքը։ Իսկ դրան կարող ենք հասնել պահպանելով 88-ի փետրվարի հերոսական ոգին։

Սիրելի ժողովուրդ, ուզում եմ հատուկ հիշել նաև 25 տարի առաջ, հենց այս օրը տեղի ունեցած ևս մի կարևոր իրադարձություն, որն ավելի ամրապնդեց մեր պայքարի ոգին։ ԻՆչպես հիշում եք, 1988 թվականի փետրվարի 22-ին Ասկերանի մոտ տեղի ունեցավ հայ - ադրբեջական առաջին զանգվածային բախումը։ Մենք կարողացանք արժանի հակահարված տալ թշնամուն և պատահական չէ, որ Ասկերանի քաղաքապետարանի որոշմամբ  փետրվարի 22-ը համարվում է Ասկերանի Վերածննդի օր։

Հպարտ լինենք մեր անցյալով ու վստահ նայենք ապագային։

Բոլորիդ շնորհավորում եմ այս հրաշալի տոնի առթիվ։

Ելույթի համար խոսքը տրվեց Ասկերանի քաղաքապետ, Շարժման ակտիվիստ Ալյոշա Գաբրիելյանին.
  - Հայ ժողովրդի ազգային - ազատագրական պայքարի տարեգրության մեջ ոսկե էջերով պետք է առանձնացնել արցախյան ազգային - ազատագրական պայքարի՝ անցյալ դարի 80-ական թվականների վերջերին բռնկված ղարաբաղյան շարժումը: Դարեր շարունակ պետականությունից զրկված հայրենիքի մի փոքրիկ մասում պատմական արդարության շնորհիվ հաջողվեց ստեղծել երկրորդ հայկական պետական կազմավորումը: Հայը կարողացավ ազատագրել պատմական հայրենիքի թեկուզև չնչին, սակայն մեծ արժեք ունեցող մասը: Ղարաբաղյան Շարժման շնորհիվ համախմբվեց աշխարհով մեկ սփռված հայությունը և ի դեմս Հայաստան - Արցախ - Սփյուռք օրգանական միասնության՝ այսօր արդեն հանրավոր է դարձել լուծելու ազգային ու պետական հիմնահարցեր և տեր կանգնել հայոց պահանջատիրությանը:
Ընդամենը 25 տարվա բարձունքից նայելով և արժևորելով 80-ական թվականներին բռնկված արցախյան ազգային - ազատագրական պայքարի ողջ ժամանակահատվածը, անհրաժեշտաբար առաջին պլան են մղվում 88-ի փետրվարյան իրադարձությունները:
Փետրվարի 12-ին Ասկերանում, ինչպես նաև այլ շրջկենտրոններում շարժման ակտիվիստներին հաջողվեց ոտքի հանել բնակչությանը և կազմակերպել հանրահավաքներ, որին հաջորդեց փետրվարի 13-ին կայացած առաջին հզոր հանրահավաքը Ստեփանակերտի Լենինի հրապարակում, որից էլ կախված էր հետագա գործողությունների ընթացքը, այդ թվում նաև, փետրվարի 20-ին տեղի ունեցած ժողովրդական դեպուտատների 20-րդ գումարման մարզային խորհրդի 4-րդ արտահերթ նստաշրջանի կայացրած պատմական որոշման ընդունումը:
Փետրվարի 22-ը ասկերանցիներիս համար կարևորվում է նաև 22-ի իրադարձություններով: Այդ օրը ադրբեջանցիների կողմից կատարվեց առաջին լայնածավալ հարձակումն Ասկերանի ուղղությամբ և մեզ հաջողվեց կանգնեցնել տարաբնույթ սառը զենքերով զինված տասնյակ հազարների հասնող թուրք ելուզակներին: Ցավոք, օրեր անց պարտված գազանն իսկական եղեռն կազմակերպեց Սումգայիթ հայաշատ քաղաքում և էլի Ադրբեջանի հայաբնակ մի շարք բնակավայրերում:
Փաստորեն՝ 1988 թվականի փետրվարի 22-ի հայ-ադրբեջանական առաջին զանգվածային բախումը և հայերիս հաղթանակը կարևոր դերակատարություն ունեցավ Արցախի ինքնապաշտպանության գործը շուտափույթ կազմակերպելու հարցում: Վճռորոշ եղավ հայերիս բարոյահոգեբանական պատրաստականության բարձր վիճակը և վճռորոշ կամային հատկանիշների դրսևորումները: Այս գործոնի շնորհիվ հայությունը կարողացավ ապահովել իր առավելությունները մարտական բոլոր գործողությունների ժամանակ:
Փա՜ռք բոլոր նրանց, ովքեր կարևորագույն ներդրում ու դերակատարություն ունեցան 88-ի համաժողովրդական շարժման ալիքի վրա հայոց պետականությունը վերականգնելու գործում, ովքեր արյան գնով ազատագրեցին հայկական հողը և նպաստեցին, որ հայությունը ազատագրված հայրենիքում, իր պատմական հողի վրա ուրվագծի ու կերտի իր երազած ու ապագայի ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի Հանրապետությունը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորելով միտինգի մասնակիցներին օրվա կապակցությամբ մասնավորապես ասաց.
- Հարգելի ասկերանցիներ, այսօր իրոք, բոլորիս համար մեծ տոն է։ Ասկերանցիները Ղարաբաղյան Շարժմանը և ազգային-ազատագրական պայքարին անմնացորդ են նվիրվել։ 1988 թվականի փետրվար ամիսը բախտորոշիչ եղավ մեր ապագայի համար։ Շնորհավորելով բոլորիդ այս մեծ տոնի կապացությամբ մաղթում եմ ուժ, կամք ու եռանդ։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ 88-ի ամենակարևոր խորհուրդը մեր միասնականության մեջ էր։ Երբ ժողովուրդը մի բռունցք դարձած դուրս եկավ հրապարակ իր արդար պահանջն առաջ տանելու՝ նույնիսկ Խորհրդային պետության նման ուժեղ պետությունն ի զորու չէր դիմակայելու։
Շարժման Ասկերանի շրջանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանն անդրադառնալով պատմական այն օրերին փետրվարի 22-ը որակեց որպես մեր սերնդի Ավարայր։
- 1988թ. փետրվարի 13-ին Ղարաբաղյան Շարժումն ընդհատակից դուրս բերելուց հետո ուշադիր հետևում էինք ներքին և արտաքին արձագանքներին։ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցները քար լռություն էին պահպանում։ Մինչ այդ հատուկ կոչով դիմել էինք ՀԽՍՀ ղեկավարությանը՝ պահանջելով սատար կանգնել մեր պայքարին, որը նույնպես անպատասխան էր մնացել։ Կոմիտաս Դանիելյանի հետ որոշեցինք պատվիրակություն ուղարկել Երևան։ Այդ մասին հայտնեցինք Սլավիկ Միրզոյանին, նա մեծ ոգևորությամբ ընդունեց առաջարկը և ստանձնեց պատվիրակությունը ղեկավարելու պատասխանատու գործը։ Պատվիրակության կազմում ընդգրկվեցին կուսակցական և տնտեսական ղեկավարներ, կրթության, մշակույթի ու շրջանային թերթի աշխատողներ, ՀՄՊ վետերան, բանվորներ։ Այդ կազմում էր նաև շրջանային թերթի ֆոտոլրագրող Վալերի Պետրոսյանը, ում հաջողվել է լուսանկարել Երևանում կայացած հանրահավաքները և, առհասարակ, Շարժման ողջ ընթացքը։ Երևանում Ս. Միրզոյանը հանդիպեց Իգոր Մուրադյանին և այցելեցին Վազգեն Մանուկյանի տուն, որտեղ հավաքվում էր շարժման ակտիվը։ Կապ ստեղծվեց գրողների միության հետ և 1988թ. փետրվարի 20-ին ներկայիս ազատության հրապարկում մեր պատվիրակությանն աջակցելու նպատակով կազմակերպվեց առաջին հանրահավաքը։ Հավաքվածները մեծ խանդավառությամբ դիմավորեցին 70 տարվա տարանջատումից հետո մայր Հայաստանին վերամիավորման նպատակով Արցախից ժամանած ՀԽՍՀ պատմության մեջ առաջին պատվիրակությանը։ Ոգևորիչ ելույթներ ունեցան Սիլվա Կապուտիկյանը, Վաչե Սարուխանյանը, Իգոր Մուրադյանը, մեր պատվիրակներից Սլավիկ Միրզոյանը և Լաուրա Մարտիրոսյանը։ Հանրահավաք անցկացվեց նաև ՀԿԿ կենտկոմի շենքի դիմաց, որտեղ ելույթ ունեցավ Ավետարանոցից ժողովրդական բժիշկ, պատվիրակ Գեորգի Մնացականյանը։ Հանդիպում կազմակերպվեց նաև Կարեն Դեմիրճյանի հետ։ Ս. Կապուտիկյանը պահանջեց, որ այն լուսաբանվի Հայաստանի ԶԼՄ-ներով։ Անվճռականությունը համակել էր իշխանավորներին և նրանք այդպես էլ չհամարձակվեցին լուսաբանել։ Փետրվարի 21-ի հանրահավաքն ավելի բազմամարդ էր։ Հանրահավաքի մասնակիցները ցնծությամբ ընդունեցին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի մասին լուրը։ Ելույթ ունեցողները պահանջեցին կոնկրետ պատասխան տալ պատվիրակության պահանջին։ Կ. Դեմիրճյանը ստիպված էր նորից ընդունել մեր պատվիրակությանը, սակայն նա կրկին լսողի դերում էր։ Տեսնելով իշխանավորների սառը պահվածքը, Ս. Կապուտիկյանը դառնացած խնդրեց, որ օգնեն Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում, այլապես հայ ժողովուրդը երբեք չի ների։ Մեծ բանաստեղծի խոսքը, հիրավի, մարգարեական էր։
Պատմական առաքելություն կատարած մեր պատվիրակությունը հաղթահարելով բազմաթիվ վտանգներ, Ասկերան հասավ 25 տարի առաջ այս նույն օրը առավոտյան և անմիջապես ձեռնամուխ եղավ ԽՄԿԿ Քաղբյուրոյի՝ փետրվարի 21-ի ՙԼեռնային Ղարաբաղում իրադարձությունների մասին՚ որոշման դեմ հանրահավաքի կազմակերպմանը և դահլիճում մեր ու դրսեկ էմիսարներին հակահարված տալուն։ 25 տարի առաջ այս նույն օրը և համարյա այս նույն ժամին, երբ կուսշրջկոմի բյուրոյի 5 անդամները հավանություն էին տալիս մեր հիմնավորված պահանջի մերժման մասին ԽՄԿԿ կենտկոմի Քաղբյուրոյի որոշմանը, Ռև գյուղից կուսշրջկոմի բյուրոյի անդամ Մարալ Արզումանյանը ձեռքը հրացանի փողի պես ուղղած Հասանովի սառը ակնոցներին ոչ ավել ոչ պակաս ասաց. ՙԹաղեմ ձեզ, 70 տարի է մեզ ուտում եք, տանջում, վե՛րջ, հերի՛ք է, ձեզանից կշտացել ենք, ուզո՛ւմ ենք մեր ժողովրդի հետ ապրել, ուզում ենք միանա՛լ մեր Մայր Հայաստանին՚։
Եվ ոգևորված նման ազնիվ ու հայրենասեր մարդկանց սխրանքով առաջին անգամ դեն շպրտվեց ԽՄԿԿ Քաղբյուրոյի որոշումը և Ասկերանի մատուցյներում թաղեցինք մեր քաղաքացիներին ցեղասպանության ենթարկելու թուրքերի մուրազը,- ելույթն այսպես եզրափակեց Ս. Առուշանյանը։
  Զեկույցներն ընդմիջվում էին ոգևորված դպրոցականների վանկարկումներով՝ Մի՛-ա՛-ցո՛ւմ, ճա՛-նա՛-չո՛ւմ, հա՛ղ-թա՛-նա՛կ: 
Շարժման 25-ամյակի կապակցությամբ նախօրեին Ասկերանում կազմակերպվել էին մի շարք մարզամշակութային միջոցառումներ: Մրցանակային տեղեր զբաղեցրածները շրջվարչակազմի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի, դրամական պարգևների և նվերների:
Ապա հանդիսավոր քայլերթով անցան Ն զորամասի զինվորները:
Ղարաբաղյան Շարժման 25-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Արցախի պարի պետական և Ասկերանի ՛՛Բերդ՛՛ պետական համույթների գեղեցիկ կատարումներով ու տոնական համերգով:
Օրվա խորհուրդն ամփոփվեց դպրոցականների, զինվորների և հյուրերի ոգեշնչված պարով:
Հիրավի հայ ժողովրդի ճակատագիրն էր մաքառել ու պայքարել գոյատևության համար։ Փետրվար ամսով սկսվեց մեր դարավոր փափագը՝ առաջին հաղթանակը, երբ Աղդամի կողմից թուրք խառնամբոխը ճանապարհին ավերելով բոլոր հայկականը շարժվեց դեպի Ասկերան, նպատակ ունենալով հասնել մինչև մարզկենտրոն Ստեփանակերտ։ Պատմական այդ օրը միաբանությամբ ու միակամությամբ թշնամին ետ շպրտվեց՝ դարավոր նենգ մտադրությունն անկատար թողած։ Դա 1988-ի փետրվարի 22-ն էր։ Պատմության մեջ այդ օրը մեր հիշողություններում մնաց անջնջելի, իսկ Ասկերանի քաղաքապետարանի որոշմամբ այն հռչակվեց Ասկերան քաղաքի Վերածննդի օր։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter