Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումները և շարժման ակտիվիստների հանդիպումները շրջանի բնակչության և դպրոցականների հետ մեծ թափ են ստացել մեր շրջանում: Նման մի յուրօրինակ հանդիպում կազմակերպվեց նաև Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, որին մասնակցում էին շարժման ակտիվիստներ Սլավիկ Առուշանյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Ալբերտ Ավանեսյանը, Շահեն Աղաբաբյանը, Վալերի Պետրոսյանը, դպրոցի տնօրեն Կառլեն Մաիլյանը, ուսուցիչներ, աշակերտներ: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Կառլեն Մաիլյանը. -Գիտենք, որ փետրվարը հայ ժողովրդի համար ճակատագրական ամիս էր՝ հագեցած տարբեր պատմական իրադարձություններով: Հենց այս ամսում արցախահայությունը բռունցք դարձավ և սկսվեցին կազմակերպվել, ցույցեր, միտինգներ: Իսկ 88-ի փետրվարի 22-ը յուրահատուկ
տեղ ունեցավ հայոց ազգային - ազատագրական պայքարի տարեգրության էջերում: Այն ցույց տվեց, որ ասկերանցին և ամբողջ արցախահայությունը տրամադրված է վճռականորեն և պատրաստ է հայրենի հողը ամեն գնով պաշտպանելու վեհ գործին: Հետագայում հայը կարողացավ ապացուցել իր նախնիներից ավանդած քաջությունը, կամքի ուժն ու հաստատակամությունը և կռել փառահեղ հաղթանակ: Մենք տոնում ենք մեր ազգային զարթոնքի հետ կապված ամենամեծ տոնը՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Այսօր պետականորեն մտածված հանդիպումներ են տեղի ունենում ամբողջ Արցախում: Իհարկե, մեզ համար պատիվ է հանդիպել շարժման նախաձեռնող խմբի ակտիվի հետ, լսել նրանց, իմանալ ճշմարտությունը: Մարդիկ, որոնք արհամարհելով վախը, զբաղեցրած պաշտոնները՝ գաղտնի գործունեություն են ցուցաբերել և հիմք դրել այսօրվա մեր ձեռքբերումներին: Նման հանդիպումները մեծ խորհուրդ են կրում և հետապնդում են հայրենասիրական գաղափարների ամրապնդում: Հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող այն տարիներին մեր շրջանի ակտիվիստները կարողացան միաձայն իրենց խոսքն առաջ տանել և շրջանի հասարակությանը ոտքի կանգնեցնել: Ղարաբաղյան շարժման Ասկերանի շրջանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանն իր խոսքում նշեց. -Ինձ համար անչափ ուրախալի է, որ առաջին անգամ հնարավորություն է ընձեռնվել ողջ ճշմարտությունը ներկայացնել ամբողջ արցախահայությանը: Հանրային հեռուստատեսությամբ և թերթերի միջոցով ժողովուրդը կտեղեկանա այն տարիների իրավիճակի մասին: Մատաղ սերունդը պետք է քաջ գիտակցի, թե ինչպես է եղել ամեն ինչ իրականում և ինչպիսի դժվարությամբ ենք սկսել ղարաբաղյան շարժումը, երբ գտնվում էինք ՊԱԿ-ի հսկողության տակ, երբ հնարավոր չէր ազատ գործել և, որ ցավալի էր, մեր շարքերում կային նաև մատնիչներ: Չվախենալով ոչնչից՝ սկսեցինք գաղտնի ստորագրահավաքներ, կազմակերպեցինք բազմամարդ հանրահավաքներ, որտեղ մեր ժողովուրդը ցույց տվեց իր համաժողովրդական պոռթկումը, ազատատենչ ոգին և կարողացանք կերտել հայ ժողովրդի ամենամեծ նվաճումը: Եվ ամենակարևորը կարելի է համարել այն, որ հայոց ամենամեծ զարթոնքը սկիզբ է առել հենց Ասկերանից, և Ասկերանը միշտ էլ եղել է հայ ժողովրդի ազգային - ազատագրական պայքարի սոցիալ-քաղաքական գաղափարների բնօրրանը: Այսօր մենք պարտավոր ենք վերհիշելու և իմաստավորելու, ինչպես նաև սերունդներին փոխանցելու մեր հազարամյա պատմության ընթացքում վճռորոշ և անխուսափելի նշանակություն ունեցած բոլոր իրադարձություններին: §Իմ առջև նստած են անմեղ երեխաներ, որոնք, իհարկե, գիտեն ղարաբաղյան շարժման, արցախյան պատերազմի մասին: Պարզապես, ցանկանում եմ ձեզ ասել, որ 25 տարի առաջ այս դպրոցում սովորում էին ձեր ծնողները, որոնք ականատես էին այն ամենին, ինչ կատարվում էր Ասկերանում և ամբողջ Ղարաբաղում: Այն ժամանակ մենք ապրում էինք դժվար և ճակատագրական պահեր: Հենց դպրոցի շենքի մոտով էին անցնում ադրբեջանական այն շարասյունները, որոնք շինանյութ էին փոխադրում հարևան Խոջալու՝ շուտափույթ մեծ բնակավայր կառուցելու համար: Աշխատում էին օր ու գիշեր: Իհարկե, աշակերտները գաղտնի կերպով քարկոծում էին մեքենաների այդ շարասյունները: Նրանց մոտ, արդեն իսկ, ամրապնդվում էին հայրենասիրական գաղափարները: Հետագայում ձեր ծնողներն արդեն զենք վերցրած պայքարում էին թշնամու դեմ ու ցավոք, նաև զոհեր տվեցինք հանուն մեծ Հաղթանակի: 25 տարի առաջ մեր բոլորիս նպատակն էր վերամիավորվել Մայր Հայաստանի հետ: Ղարաբաղի ժողովուրդը հաղթահարելով բազմաթիվ արհավիրքներ կարողացավ համառ ու անհավասար պայքարով պահպանել իր ինքնությունը, կրոնական և մշակութային ինքնատիպությունը: Եվ այսօր, այն ինչ ձեռք ենք բերել, փոխանցվում է ձեզ, սակայն դուք պետք է իմանաք, որ պայքարն ավարտված չէ և այդ ազգն իրավունք չունի քաղաքակիրթ կոչվելու, քանզի նրանց վայրագություններն անվերջ են: Հայրենիք պահողը և մեր իղձերն ու ցանկություններն առաջ տանողը դուք պետք է լինեք, սիրելի՛ երեխաներ¦,-պատգամեց շարժման ակտիվիստ Ալյոշա Գաբրիելյանը: Այնուհետև ելույթ ունեցավ Ալբերտ Ավանեսյանը: Նա իր խոսքում նշեց, որ, իրոք դժվար տարիներ էին, սակայն շրջանի մտավորականները ոտքի էին կանգնել, որովհետև Ղարաբաղը օրհասական վիճակում էր հայտնվել: Ակնառու էր, որ ադրբեջանական իշխանությունները վարում էին հակահայկական քաղաքականություն: Արդյունքում Նախիջևանը հայաթափվել էր և իրենց մտահղացմամբ եկել էր Ղարաբաղի հերթը, որը ենթարկվում էր ՛՛սպիտակ եղեռնի՛՛: Բնական էր, որ հայությունը չպետք է լռեր: Շրջանի ակտիվ խումբը շարժմանը նախապատրաստվեց գիտականորեն և իրավաբանորեն: Ամեն ինչ հիմնավորված էր: Հաղթեց հայի անկոտրում ոգին և միասնականությունը: Այսօր, Արցախն արդեն անկախ և ազատ երկիր է: Երկիր, որը զարգանում է տարեցտարի, որտեղ նկատվում է բարգավաճում, բնակչության աճ: Մնում է, որ վայելենք շարժման հաղթանակն ու երիտասարդ սերունդների հետ մեկտեղ տեր կանգնենք մեր երիտասարդ երկրին: Կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը իմաստավորելով օրվա խորհուրդը տեղեկացրեց նաև, որ ընթացող տարին նվիրված է լինելու Շարժման 25-ամյակին: Պատահական չէ, որ այս հանդիպումը կայանում է փետրվարի 12-ին: Ուղիղ 25 տարի առաջ այս օրը Ասկերանում կազմակերպվել է առաջին հանրահավաքը և հիմք է դրվել արցախահայության միասնական ժայթքմանը: Այսօր նաև մի այլ երևույթ է առաջին անգամ արձանագրվում: Շարժման ակտիվիստ, §Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանի ջանքերով և շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ պատրաստվել է բացառիկ տեսաֆիլմ՝ նվիրված շարժման 25-ամյակին: Ներկաները հետաքրքրությամբ դիտեցին տեսաֆիլմը, ուր ներկայացված էր Ղարաբաղյան շարժման սկիզբը, դրան հաջորդած պատերազմի ամբողջ ուղին, հայ ժողովրդի պանծալի հաղթանակն ու մեզ սպասվող մարտահրավերները: Հանդիպման մասնակիցները վերապրեցին հուզմունքի պահեր, կադրերում ճանաչեցին իրենց հարազատներին՝ ներքուստ հիանալով ու հպարտանալով նրանցով: Թերևս, երեխաների մեջ ավելի մեծացավ հայկական դրոշը Մասիսի գագաթին ծածանելու փափագը: Այնուհետև, երեխաները ներկաներին ուրախացրին հայրենասիրական ոգով տոգորված երգերով: Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումներ մինչ այդ էին մեկնարկել Ասկերանի միջնակարգ դպրոցում: Կազմակերպվել էր հայրենասիրական երգերի մրցույթ: Կրտսեր դպրոցում հաղթող են ճանաչվել 4-րդ և 3-րդ §բ¦ , միջին դպրոցում՝ 7-րդ և 5-րդ, իսկ ավագ դպրոցում՝ 10-րդ և 11-րդ դասարանները: Կարինե Բախշիյան
|