1988 թվական, փետրվարի 22: Արցախահայության ազգային - ազատագրական շարժումը հասել էր իր գագաթնակետին: Հարևան ազգի բազմահազարանոց ամբոխը շարժ-վում էր Աղդամից Ասկերանի ուղղությամբ՝ ցանկանալով §բարի երթ¦ կատարել դեպի Ստեփանակերտ: Ամբոխը հասել էր քո նախադուռը Ասկերա՛ն, պետք է անցներ քո դռներով, սակայն դու կռահելով §բարի երթի¦ տակ թաքնված դավադրությունը, կարողացար
փակել քո մեծ դռները թշնամու առջև, որպեսզի նա չխուժի Արցախի սիրտը՝ մարզկենտրոն Ստեփանակերտ: Ասկերա՛ն, դու փակեցիր քո երկաթե դռները, որպեսզի չապականվի հողդ, չպղծվեն քո նախնիների սուրբ գերեզմանները: Դու պինդ փակեցիր դռներդ, որպեսզի Արցախում չկատարվի այն դժոխայինը, այն սարսափելին, այն անմարդկայինը, ինչ որ կատարվեց փետրվարի 27-ին, 28-ին և 29-ին Սումգայիթում: Ասկերա՛ն, դու այն փոքրիկ քաղաքը եղար, որ թշնամին չկարողացավ բանակցել քեզ հետ §խաղաղ ճանապարհով¦՝ զենքի դիմեց: Աղդամի կողմից հազարավոր արկեր և ռումբեր էին թափվում՝ բզկտելով հողդ, ավերելով շենքերդ, մոխիր դարձնելով արտերդ ու անտառներդ: Սակայն կարծր էր քո հողը, պինդ էր և քար՝ դիմացավ: Ավելի պինդ, ապառաժից էլ կարծր եղան քո որդիները, որ ուս-ուսի տված, միասնական դիմակայեցին թշնամուն և թույլ չտվեցին անցնելու նախաշեմդ: Ոտքի ելավ ամբողջ Արցախը: Երկար պատնեշի նման կանգնեցին ասկերանցիները քո սահմանի վրա՝ դիմադրելով թշնամուն՝ մեկը տասի դեմ: Ասկերա՛ն, քո հողի վրա ընկան առաջին հերոսներդ և հողդ արյունոտվեց: Արնաշաղախ հողիդ խառնվեցին որբացած մանուկների, որդեկորույս մայրերի արցունքները և հողդ բոսորագույն դարձած ավելի ուժ տվեց զավակներիդ: Անհավասար մարտեր էին մղվում թշնամու դեմ: Վրեժի ցասումով լցված արցախցիները հետ շպրտելով թշնամուն քո սահմաններից՝ փրկե-ցին քեզ՝ Ասկերան, փրկեցին իրենց ծնողների կյանքը, քույրերի և կանանց պատիվը, մանուկների ապագան, փրկեցին Արցախ հայրենիքը: Ծնունդդ շնորհավո՛ր, Ասկերա՛ն։ Այսօր մենք խոնարհվում ենք մեր սարերի նման որդիներ կորցրած և մեր սարերի պես հպարտ ու դիմացկուն մայրերի առջև: Մենք խոնարհվում ենք բոլոր նահատակների շիրիմների առջև, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին հող-հայրենին: Այսօր խաղաղ է քո երկինքը, Ասկերա՛ն: Դու դարձել ես մի գեղեցիկ քաղաք, լուսավորված փողոցներով, գեղեցիկ ու հարմարավետ շենքերով, Էդմոն Բարսեղյանի սուրբ անունը կրող նորակառույց դպրոցի շենքով, քո ժողովրդի խաղաղ աշխատանքով ու վարչական շենքերի տանիքների վրա ծածանվող եռագույն դրոշներով: Այսօր քո մոտիկ բլրակի վրա կանգնեցված սուրբ խաչը, որը կարծես խաչված կանթեղ լինի երկնքից, գիշեր ու զօր լուսավորում է քո ճանապարհները և իր պայծառ աչքերով §բարի գալուստ¦ ասում աշխարհին: Այսօր հպարտ է քո ամեն մի բնակիչը, որ ապրում է մեր հայրենիքի՝ ազատ ու անկախ Արցախի հաղթական քաղաք Ասկերանում: Ծնունդդ շնորհավոր, Ասկերան Բերդերիդ պես ամուր ու անսասան, Անհաղթ ու զորավոր Ասկերան, Մեր հայրենիքի՝ Արցախի համար Անկոտրում դարպաս, Ասկերա՛ն: Վերա Արամյան ք. Ասկերան, թոշակառու |