ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
06.03.2013 18:25

    Փետրվարի 14-ին Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդաշատ էր: Հավաքվել էին մեծ ու փոքր համախմբորեն տոնելու ՛՛Տեառնընդառաջ՛՛ ազգային տոնը: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի  տնօրեն Կառլեն Մաիլյանը, ուսուցիչներ, դպրոցականներ:
՛՛Տյառնընդառաջը՛՛ քառասնօրյա Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայելու օրն է, որը Հայ առաքելական եկեղեցին տոնում է անխախտ: Եվ քանի որ եկեղեցում օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ տոնը սկսվում է փետրվարի 13-ից:
Այն հայ ժողովրդի ամենասիրված Տերունական տոներից մեկն է: Ժողովուրդն այս տոնն անվանում է նաև Տըրընդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, որոնք ՛՛Տերն ընդ Ձեզ՛՛ արտահայտության ձևափոխված տարբերակներն են, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ Տերն տես, այսինքն Տիրոջ տեսնելու իմաստն ունի:
Համաձայն մովսիսական օրենքի, ամեն մի առաջնեկ տարվում էր տաճար և ընծայվում Աստծուն: Պահպանելով այս սրբազան ավանդությունը՝ Հիսուսի ծնողները քառասնօրյա մանուկին տարան տաճար Աստծուն ընծայելու համար: Նրան ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին և ասում,-՛՛Տեր, իմ աչքերը տեսան քո փրկությունը, Իսրայելի փրկությունը և հիմա կարող ես ինձ արձակել խաղաղությամբ՛՛: Ավանդության համաձայն, այդ ժամանակ մարդիկ նույնպես դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ ջահերով ու լուսավորել են նրա գալը:
Մարդ արարածն աստվածային ստեղծագործության կատարելատիպն է և անսահմանորեն կարիք ու պահանջ պետք է ունենա լուսավորելու Քրիստոսի լույսով՝ հավատարիմ մնալով տիրավանդ պատգամներին: Տոնը կրկին անգամ յուրաքանչյուրիս հիշեցնում է մեր հավատարմությունը Աստծուն: Այսօր ամենքիս հրավերքն է ուղղված՝ Տիրոջն ընդառաջ գնալու և ընդունելու կենսապարգև լույսը, ապրելու քրիստոնավայել կյանքով: Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Այն առավելաբար առնչվում էր նորահարսերի և բերքի օրհնության հետ և նրա շուրջը կատարվող բոլոր արարողությունները հեթանոսական բնույթ են կրում: Խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որպեսզի օջախը հաջողակ լինի, թուխսի տակն էին լցնում, որպեսզի ճտերն անվնաս դուրս գան:
Տրնդեզը նաև բնության զարթոնքն է խորհրդանշում, կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ՝ հիշեցնելով, որ ժամանակն է տեղը զիջելու գարնանը:
Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Էմանուել քահանա Վարդանյանը մատուցեց Ս.Պատարագ, որի ընթացքում տրվեց Ս. Հաղորդություն: Այնուհետև, եկեղեցու կանթեղներից վերցված կրակով Տեր Էմանուելը վառեց եկեղեցու բակում գտնվող խառույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջի տոնը ճշմարիտ լույսի տոնն է՝ աստվածային լույսի: Նա՛, որ լուսավորեց ամբողջ տիեզերքը, նա՛, որ փարատեց խավարը, նա՛, որ ծնվեց լույսի փառքերի մեջ, այսօր կրկին լուսավորում է մեզ…
Ազգային տոնին նվիրված միջոցառման մասնակիցները շուրջպար բռնեցին խարույկի շուրջը: Այնուհետև ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկավ ՛՛Բերդ՛՛ ժողգործիքների համույթը: Միջոցառումը վեր էր ածվել իսկական տոնակատարության, բոլորը հյուրասիրում էին միմյանց ազգային քաղցրավենիքներով ու աղանդերով: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, վարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի և բաժնի աշխատողների ջանքերով կազմակերպված միջոցառումը մի առանձնակի ոգևորության և ուրախության պահեր պարգևեց ներկաներին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter