1988 թվականին սկիզբ առած ու ողջ հայությանն իր հորձանուտն առած Արցախյան Շարժումով մեր հետագա հաղթարշավների սկիզբը դրվեց։ Բազմաթիվ ցույցեր կազմակերպելով մենք կրկին հույս ունեինք, որ Արցախը Հայաստանին վերամիավորելու արդար պահանջը խաղաղ ճանապարհով կլուծվեր։ Իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն էլ ավելի
համախմբեց ու մի բռունցք դարձրեց հայերիս: ... Խրամորթը սահմանամերձ այն գյուղերից է, որի ամեն մի սարը, ձորը, քարն ու քոլը կրում է բարբարոս ցեղերի ավերածությունների ծանր դրոշմը։ Գյուղը գտնվելով հետզհետե իր տարածքները մեծացնող Աղդամի հարևանությամբ բազմաթիվ անգամ ասպատակությունների է ենթարկվել։ Պատանեկության տարիներիցս եմ հիշում գյուղի մեծերի զրույցները, թե ինչպիսի անողոքությունների ու անգթությունների է ենթարկվել Խրամորթը ընդամենը 100 տարվա մեջ՝ սկսած 1918-20-ական թվականներից։ Գյուղի ճակատագիրն էր՝ պայքարել։ Այն, փաստորեն, թափառական, բարբարոսմ ու ավարառու ցեղերի թիրախում էր գտնվում։ Խրամորթը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է հրկիզումների, ավերածությունների ու ալան-թալանի։ Սակայն խրամորթցին միշտ ամուր կառչած էր մնում իր արմատներից ու ամեն անգամ փյունիկի նման վեր հառնում մոխիրներից... Արցախյան ազգային - ազատագրական պայքարը չէր կարող անտարբեր թողնել նաև խրամորթցիներին։ Նրանք գիտակցում էին, որ կորուստներն անխուսափելին են լինելու, սակայն չերկմտեցին։ Մեր շրջանից առաջինը Խրամորթը տնքաց հակառակորդի արձակած ծանր արկերի տակ։ Հանկարծակիի եկած չգիտեինք ինչ է կատարվում, ցնորային երազ է, թե՞ իրականություն։ Այնուհետև գյուղը պարբերաբար հրետակոծությունների էր ենթարկվում։ Իսկ 1991թ. նոյեմբերի 15-ին հերթական հրետակոծության ժամանակ էլ թշնամու արձակած ականը պայթեց մեր թաքստոցի հարևանությամբ։ Ամեն ինչ տեղի ունեցավ իմ աչքերի առաջ։ Այդ դաժան օրը երեք տասնյակից ավելի մարդ վիրավորվեց, իսկ բոլորիս կողմից սիրված բուժքույր Ռոզա Սահակյանը դարձավ գյուղի առաջին զոհը։ Մեկ վայրկյանում տակնուվար արվեցին բոլորիս ճակատագրերը։ Բազում երազանքներ էի հարազատ գյուղիս հետ կապում։ Երանելի այն ժամանակները մտածում էի՝ ահա կավարտեմ դպրոցը, ռուսաց լեզվի ուսուցչուհի կդառնամ ու կդասավանդեմ հարազատ կրթօջախում՝ շրջապատված իմ սիրելի ուսուցիչներով։ Ուսուցչուհի դարձա, սակայն այլ դպրոցում դասավանդելու ցանկություն այդպես էլ չունեցա։ Երազանքս մնաց անկատար, իսկ դու՝ իմ բնօրրա՛ն, հարատևել ես միշտ ու ես երիցս հպարտ եմ քեզանով ու քո բազմաչարչար, հյուրասեր ու հայրենասեր բնակիչներով։ Դեռևս 1988-ին ձևավորվեցին գրեթե անզեն պահակախմբեր, տղամարդիկ գիշերները հսկում էին գյուղի սահմանները։ Հետագայում այդ պահակախմբերը վերածվեցին պաշտպանական ջոկատների, որից էլ ձևավորվեց Խրամորթի վաշտը՝ դառնալով Ասկերանի գնդի առանցքային ստորաբաժանումներից մեկը։ Վաշտի կազմում խրամորթցիները մասնակցեցին ոչ միայն իրենց գյուղի կամ Ասկերանի շրջանի, այլ Արցախի ամենատարբեր բնակավայրերի պաշտպանությանն ու ազատագրմանը։ Փառուխ, Քարագլուխ, Աղդամ, Քարվաճառ, Օմարի լեռնանցք. սա Խրամորթի վաշտի քաջազունների անցած մարտական ուղին է։ Այդ դժվարին ճանապարհին խրամորթցի 33 զոհված քաջորդիների անունները փառքով պսակվեցին։ Նրանք մարտիրոսվեցին, իսկ նրանց անունները ոսկե տառերով գրվեցին Արցախի հերոսական պատմության մեջ։ Չնայած գյուղի պաշտպանների եւ օգնության շտապած ուժերի համառ դիմադրությանը, այնուամենայնիվ, թշնամին մտավ Խրամորթ։ Դժնդակ այդ օրերին տասնյակից ավելի խրամորթցի խաղաղ բնակիչ զոհվեց։ Արյունով ներկվեցին փողոցները, վայրագ թշնամին հրդեհեց ու քարուքանդ արեց բոլոր տները։ Գյուղը տնքաց օտար լծի տակ, իսկ խրամորթցիները ստիպված ապաստանեցին հարևան գյուղերում ու լավատեսությամբ զինված սպասում էին նրա ազատագրմանը։ Ավա՜ղ շատերն էլ ընդմիշտ լքեցին այն, սակայն համոզված եմ, որ աշխարհի որ ծայրում էլ գտնվեն՝ ապրում են իրենց հարազատ գյուղի կարոտը սրտներում։ Ասկերանի գնդի պաշտպանական ուժերի կազմակերպած փայլուն օպերացիայի արդյունքում թշնամին ընդմիշտ վտարվեց Խրամորթից։ Գյուղն ազատագրելուց հետո բնակչության մեծ մասն իսկույն վերադարձավ՝ հայրենի եզերքը շենացնելու, նոր դժվարություններին դիմագրավելու վճռականությամբ։ Ու այսօր էլ, անսալով առօրյա հոգսերը, շարունակում են ապրել ու շենացնել հայրենի գյուղը, հեշտ թե դժվար՝ վաստակում են իրենց հանապազօրյա հացը՝ դրանով իսկ հաստատելով իրենց հավատարմությունը զոհված հայրերի, որդիների ու ընկերների ընտրած ուղուն։ Իսկ գյուղի մուտքում կանգնեցված զոհված խրամորթիցների հիշատակը հավերժացնող հուշարձանն էլ մի յուրօրինակ ուխտատեղի է գյուղաբնակների համար։ Պայքարն այժմ քաղաքական ու տնտեսական դաշտ է դուրս եկել։ Ներկայումս Խրամորթն ունի 514 բնակիչ, 128 տնտեսություն։ 2012 թվականին գյուղում 6, իսկ ընթացիկ տարում արդեն 3 ծնունդ է գրանցվել։ Տարեցտարի գյուղաբնակների թիվն ավելանում է։ Գյուղում բնակվելու ցանկություն ունեցողների թիվն շատ ավելին է, սակայն բնակարանային պայմաններից ելնելով, ստիպված են բնակվել Արցախի այլ բնակավայրերում։ Հավատարիմ մնալով իրենց լավագույն ավանդություններին՝ խրամորթցիներն այսօր արարում ու ստեղծագործում են խաղաղ պայմաններում։ Խրամորթն ապահովված է ջրով, բնական գազով, ունի գյուղապետարանի, դպրոցական հարմարավետ շենքեր, ինչպես նաև բուժկետ և ակումբ։ Գյուղի տարածքում է տեղակայված ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի §Ագրոմիավորում թիվ 1¦ մեքենա-տրակտորային կայանը, «Արցախ Բրենդի կոմպանի» և §Վանատուր¦ ընկերությունների այգիները։ Ուստի գյուղում գրեթե պարապ մարդ չես տեսնի, իրենց աշխատասեր բնույթով նրանք գիշեր ու զօր բանում են՝ վաղն ավելին ունենալու հույսով։ Ու օրեցօր զարգացող ու աճող Խրամորթը յուրօրինակ պատասխան է բոլոր դարերի զավթիչներին, որ Խրամորթն ու խրամորթցին անսասան են ու երբեմնի սահմանամերձ այդ գյուղն այսօր շրջապատված է յուրայիններով։ Համոզված եմ, որ Խրամորթը դեռևս բարգավաճելու, բազմանալու ու աշխարհին ասելու շատ բան ունի։ Արցախյան ազատամարտում մենք ցույց տվեցինք մեր միասնականության ուժը, ինչի շնորհիվ կարողացանք կասեցնել թշնամու ագրեսիան և ազատագրել մեր պատմական տարածքների մի մասը: Այն շատ բան տվեց մեզ՝ ինքնուրույնության ու ինքնադրսևորման, դարավոր թշնամուց վերջնականապես անջատվելու, պապենական հողերի իրավական տերը դառնալու։ Սակայն մենք դեռ ճանապարհ ունենք գնալու՝ հերոսացած զավակների հաղթարշավը շարունակելու։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |