ԹՈՂ ԵՐԲԵՔ ՉՎԵՐՋԱՆԱ ՁԵՐ ԱՆՍՊԱՌ ՈՒԺԸ, ՀԶՈՐ ԿԱՄՔՆ ՈՒ ՍԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ
07.03.2013 12:19

    Հաճախ մտածում ես. այդ ինչպե՞ս է, որ մարդ կարող է այդքան դիմացկուն լինել, ունենալ կամքի այդպիսի ուժ ու հաղթահարել ցանկացած դժվարություն: Որտեղի՞ց այդքան քաջություն ու եռանդ: Հետո գիտակցում ես, որ մարդ արարածը, որ ի վերուստ ստեղծված է պայքարելու, դիմակայելու ու փորձությունների ենթարկվելու համար, պարզապես իրավունք չունի կոտրվելու, դիրքերը զիջելու: Ամենամեծ դառնությունը ճաշակելուց հետո անգամ մարդ մտածում է, որ արժե շարունակել ապրել, արարել, ձեռք բերել: 
Այսօր ցանկանում եմ ընթերցողի ուշադրությանն արժանացնել մի մարդու, որին շատ շատերն են ճանաչում մեր շրջանում ու նրա սահմաններից դուրս: Մարդ, ով իրոք արժանի է դրվատանքի և մեծարման խոսքերի, ով իր ամբողջ գիտակցական կյանքում աշխատել է հանուն իր երկրի զարգացման, հանուն իր հայրենի հողի ամրապնդման: 
Վերջերս լրացավ ծննդով խրամորթցի, սակայն ճակատագրի բերումով ասկերանաբնակ Հայկ Միքայելի Շամիրյանի ծննդյան 75-ամյակը: Այո՛, դառը ճակատագրի բերումով:
Հայկ Միքայելի Շամիրյանը ծնվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1958-60 թվականներին ծառայել է խորհրդային բանակի շարքերում:
1960 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1971 թվականի հոկտեմբերի 4-ն աշխատել է Բաքվի շինմոնտաժային տարբեր կազմակերպություններում:
1971թվականին ընտանիքով տեղափոխվելով Ղարաբաղ՝ աշխատանքի է անցել Ասկերանի շինմոնտաժային վարչությունում որպես բանվոր: Այնուհետև աշխատել է նույն վարչությունում որպես վարորդ, ապա՝ դիսպեչեր:
1978 թվականին աշխատանքի է անցել Ասկերանի շրջանի գյուղվարչությունում որպես գլխավոր ինժեներ-հողաշինարար:
Նույն պաշտոնում մնացել է մինչև 1993 թվականը: Այնուհետև, տեղափոխվել է ԼՂՀ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժին որպես գլխավոր ինժեներ-հողաշինարար:
Այդ պաշտոնում աշխատել է մինչև թոշակի անցնելը՝ 2005թ. մարտի 9-ը:
Շուրջ 30 տարի աշխատելով հողաշինարարի պաշտոնում Հայկ Շամիրյանը մշտապես առնչվել է ղեկավար մարմինների, շրջանի բնակչության հետ՝ վայելելով նրանց անթաքույց սերն ու հարգանքը: Այդ է վկայում, որ թոշակի անցնելու կապակցությամբ շրջվարչակազմի ղեկավարության կողմից արժանացել է հատուկ պատվոգրի և թանկարժեք նվերի:
Թերևս, այսօր հոբելյարը կերազեր ապրել իր պապենական Խրամորթում, շնչեր նրա մաքուր օդը, զմայլվեր հարազատ գյուղի անմոռանալի վայրերով, խմեր այն անմահական ջրից, որ միայն իրենց գյուղում կար, ման գար հարազատ դաշտերում և անցյալի հիշողություններով ապրեր: Ավա՜ղ, Արցախյան պատերազմը խաթարեց բոլոր այն երազանքները, որ ուներ Հայկ Շամիրյանը: 1992 թվականի հունվարը ճակատագրական եղավ Խրամորթ գյուղի համար: Թշնամին գրավեց գյուղն ու հաստատվեց այնտեղ:
Սահմանամերձ այս գյուղում խաղաղ բնակիչներ զոհվեցին՝ ենթարկվելով կտտանքների ու բազմաթիվ վայրագությունների: Սակայն ամիսներ հետո մեր ազատամարտիկները կարողացան հետ վերցնել հայկական գյուղը, որն, ավա՜ղ ավերված և հրի էր մատնված: Այդ ավերված տների շարքում էր նաև Հայկ Շամիրյանի պապենական տունը, որտեղ և այդ ընթացքում զոհվել էր նրա հարազատ եղբայրը՝ Վաչագանը: Գյուղից տեղահանվելուց հետո, թողնելով տուն ու տեղ, տարիների ի վեր ստեղծված ունեցվածքը, Շամիրյանների ընտանիքը բնակություն հաստատեց Ասկերան քաղաքում: Նոր-նոր էին հարմարվում նոր բնակավայրին, մոռանում գյուղից բերած դառն հիշողությունները (կինն ու երկու աղջիկները վիրավորվել էին արկի պայթյունից) , երբ ճակատագիրը նրանց մատուցեց, թերևս, ծնողի համար անողորմ և կեղեքիչ հարվածը: 1993 թվականի հուլիսի 4-ին, երբ սկսվեց ԼՂՀ-Ադրբեջան ռազմական հակամարտության կարևոր ռազմագործողություններից մեկը՝ Աղդամի օպերացիան, ինչին նախապատրաստվել էին մանրակրկտորեն և ինչին ամբողջ արցախահայությունը սպասում էր սրտատրոփ, զոհվեց ընտանիքի առաջնեկը՝ Ալեքսանդր Շամիրյանը: Զոհվեց հենց առաջին օրը և այդպես էլ չտեսավ, թե ինչպես ազատագրվեց Աղդամը: Չտեսավ հայոց բանակի փայլուն հաղթանակը, չվայելեց կապույտ երկինքն ու խաղաղ կյանքը, չապրեց ազատ և անկախ երկրում: Թողեց, որ մենք ապրենք…
Դաժան օրեր սկսվեցին այս ընտանիքում: Որդեկորույս մայրը սև հագավ, ջահել կինը, դեռևս կյանք չվայելած՝ այրիացավ, քույրերն ու եղբայրը մնացին շիվար ու տրտում, որդիները հայրական սիրուն կարոտ մնացին: 55-ամյա Հայկ Շամիրյանին ինչ էր մնում անել, եթե ոչ՝ տեր կանգնել ողջ ընտանիքին: Նա պիտի ուժ հավաքեր, ատամները սեղմեր, արցունքները թաքցներ և ապրեր հանուն ընտանիքի: Չէ՞ որ պարտք ուներ իր ուսերին, չէ որ որդու երեխաներին պետք է մեծացներ, հասցներ իրենց նպատակներին:
Դժնդակ այդ օրերից անցել են 20 երկար ու դժվար տարիներ…
Այսօր 75-ամյա իր տարելիցին Հայկ Շամիրյանը հետ նայելով իր անցած ուղուն, մտորելով անցյալի հուշերը, պարզապես կարող է ասել. կատարել եմ հնարավորն ու անհնարինն իմ որդու հիշատակը բարձր պահելու համար, մաքուր է իմ խիղճը նրա ու իմ զավակների առաջ:
Հիրավի, ճիշտ է ասված, որ ժամանակն է ամենամեծ սպեղանին, այն բուժում է բոլոր այն վերքերը, որոնք անբուժելի են թվում, կամ էլ փոքր ինչ մոռացության է տալիս: Այսօր 75-ամյա Հայկ Շամիրյանը, բնավ իր վրա չի զգում տարիների բեռը: Նա ջլապինդ, գործունյա և աշխատելու մոլուցքով տառապող մարդ է: Աշխատասիրություն ու պատասխանատվություն. ահա նրա գործելու նշանաբանը:
Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես իր մտքերի մեջ խորասուզված, անցյալի ուրախ և տխուր հուշերով պարուրված, Հայկ Շամիրյանն իր տիկնոջ հետ աշխատում է սեփական այգիներում, բանջարանոցում: Նրա աշխատասիրությունն ու նվիրվածությունը միայն օրինակ կարող են հադիսանալ երիտասարդների համար:
Ծննդյան տարեդարձին հոբելյարի ուրախությանը չափ չկար: Նա իրեն գնահատված և սիրված էր զգում: Չէ որ շրջապատված էր սիրելի զավակներով, իրեն անվերապահորեն նվիրված թոռներով, հարազատներով: Լոկ այն, որ ամենքի դեմքին իրեն ուղղված ժպիտ և բարեհոգություն էր տեսնում, միանգամայն հաճույք էր պատճառում նրան: Շուտով ծնվելու է առաջին ծոռը, էլ ինչ էր պետք երջանիկ պապիկին: Իսկ հոգու խորքում ծվարած դառը կսկիծը նա պարտավոր էր ամեն կերպ թաքցնել…
- Ցանկացած մարդու կյանքում լինում են տխուր և ուրախ պահեր: Սակայն մարդ պետք է հաղթահարի դժվարությունները, տրամադրվի լավատեսորեն, այլապես կյանքը կլինի չափազանց տաղտկալի և անհետաքրքիր: Այսօր, երբ տեսնում եմ թոռներիս, զավակներիս, հարսներիս, սիրտս փառավորվում է: Գիտակցում եմ, որ տվել եմ նրանց արժանի դաստիարակություն և նրանք մեր հասարակության համար պիտանի մարդիկ են: Մեծ բավականություն եմ զգում, երբ նայելով սեփական խղճիս, համոզվում եմ, որ այն միշտ արդար ու մաքուր է եղել: Որպես հայր, թեպետ, անսահման մորմոք եմ զգում, սակայն միաժամանակ, հպարտանում եմ, որ որդիս մասնակցել է մեզ պարտադրված այդ չարաբաստիկ պատերազմին և այս երկրի ազատության ու անկախության համար տվել է իր երիտասարդ կյանքը: Կոչ եմ անում բոլորին, որպեսզի մեր տղաների արյան գնով ստեղծած երկրին տեր կանգնեն և անեն ամեն հնարավորն ու անհնարինը Արցախի բարգավաճման համար: Ամբողջ կյանքում իմ զավակներին սովորեցրել եմ լինել ազնիվ, անաչառ և ամեն ինչի հասնել սեփական ուժերով: Մենք՝ հայերս պատվասեր և աշխատասեր ժողովուրդ ենք և ինչպես հարիր է մեր ազգին, կարողանում ենք ստեղծել և մշտապես մտածել ապագայի մասին: Հավաստում եմ, որ երիտասարդ մնալու գրավականը նաև աշխատելու մեջ է,- բարեհոգաբար ժպտալով՝ շեշտում է հարազատ հողին ու ջրին նվիրված Հայկ Շամիրյանը:
Ինչ խոսք, յուրաքանչյուր մարդու համար անչափ կարևոր է զգալ, որ իրեն գնահատում են ըստ արժանվույն: Այսօր կյանքի մեծ ճանապարհ անցած 75-ամյա Հայկ Միքայելի Շամիրյանը, անտարակույս, գիտակցում է, որ եկել է երանելի պահը քաղելու այն բարի պտուղները, որ ցանել է տարիներ շարունակ: Իսկ պտուղներն, իրոք, բարի են ու առատ:
Շնորհավոր Ձեր ծննդյան տարեդարձը, հարգելի՛ Հայկ Շամիրյան: Թող անսպառ լինեն Ձեր ուժը, հզոր կամքն ու սերը կյանքի հանդեպ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter