88-ի փետրվարի 26-ին Բաքվից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից սկսվեց հայ բնակչության բնաջնջում, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին տասնյակ և սպանվեցին 53 մարդ (պաշտոնական տվյալներով): Սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրվել էին: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ
խորհրդային բանակը, որը, սակայն ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար: Ադրբեջանցի խուժանն արդեն արել էր իր հրեշավոր սև գործը: Սումգայիթի եղեռնի փաստի քողարկ-ման և միջազգային հանրությանն ապատեղեկացնելու արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվեց հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածներին, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ: 1988-1990թթ. Ադրեբաջանական իշխանությունների կողմից իրականացվող հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը՝ կես միլիոնից ավելի մարդ: 2013թ. փետրվարի 27-ին Ասկերան քաղաքում կազմակերպվեց Սումգայիթյան ջարդերին նվիրված հուշ-միջոցառում: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, փախստականների Ստեփանակերտի քաղաքային և Ասկերանի շրջանային հասարակական կազմակերպությունների նախագահներ Ռ. Ավագյանն ու Ն. Թամրազյանը, փախստականներ, ասկերանցիներ, աշակերտներ: Սուրբ Աստվածածին եկեղեցում Ասկերանի հոգևոր հովիվ Տեր Էմանուել քահանա Վարդանյանը սուրբ պատարագ մատուցեց սումգայիթյան զոհերի հիշատակին: Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը ցավով անդրադառնալով 1988 թվականի դեպքերին՝ նշեց, որ թուրքն ապացուցեց, որ երբեք չի կարող քաղաքակիրթ ձևով հարցեր լուծել: Ղարաբաղյան շարժմանը նա պատասխանեց հայերի հանդեպ գործած ցեղասպանությամբ ու ջարդերով և դրանով իսկ ցույց տվեց իր իսկական դեմքը: Հարգելով բոլոր այն հայերի հիշատակը, որոնք սպանվել են Ադրբեջանում՝ միաժամանակ պարտավոր ենք մշտապես հիշել այդ դառն իրականությունը և միշտ լինել զգոն, քանզի թուրքը դեռ չի քնել: Այնուհետև, ներկաներն այցելեցին Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան, ուր սումգայիթյան զոհերի հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանն անդրադառնալով սումգայիթյան իրադարձություններին՝ նշեց. -Դեռևս դպրոցական տարիներին ենք համոզվել, որ թուրքը երբեք չի փոխի իր դիմագիծը: Պատմությունն ապացուցել է, որ նա առանց արյուն հեղելու, խաղաղ պայմաններում չի կարող հարցեր լուծել: 25 տարի առաջ նրանք ապացուցեցին, որ ընդունակ են կոտորածների, ամեն ինչի, միայն թե ղարաբաղյան հարցը հօգուտ հայերի չլուծվի: Նաև հրադադարի պայմաններում են նրանք իրագործում նույնպիսի ոճրագործություններ: Վերջին ժամանակների սադրիչ գործողություններն էլ այդ ամենի վառ ապացույցներն են: Մենք երբևէ չպետք է մոռանանք անցյալը և միշտ լինենք ուժեղ ու ունենանք մեր վճռական խոսքը: Այսօր այն պահն է, որ մատաղ սերունդը պետք է հետևություններ անի: Փախստականների Ստեփանակերտի քաղաքային կազմակերպության նախագահ Ռ. Թամրազյանն իր խոսքում ասաց. §Այսօր, երբ մոտեցա հուշատախտակին, միանգամից վերապրեցի անցյալի վշտալի դեպքերը: Իմ ամենամոտ ընկերուհու նկարը տեսնելով, դառնությամբ հիշեցի նրա ողբերգական մահվան մանրամասնությունները, երբ թուրքերը չխնայելով նրա հղիությունը, որովայնից հանեցին չծնված երեխային և խոշտանգեցին նրան: Սումգայիթում տղամարդիկ մինչև վերջին շունչը պաշտպանում էին կանանց, երեխաներին ու ծերերին: Տեղի էին ունենում սահմռկեցուցիչ տեսարաններ, որոնց հնարավոր չէր դիմանալ: Մեր պատմության մեջ այդ օրերը գրվեցին արյունով: Այսօր, մեր գերխնդիրն է հասնել նրան, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Սումգայիթի և մնացած հայաբնակ բնակավայրերի ցեղասպանությունը և պատասխան տա իր արածների համար¦: Այնուհետև ելույթներ ունեցան փախստականներ և դեպքերի ականատեսներ Եվգենյա Ստեփանյանը, Նորվեստա Աղաջանյանը, Գարիկ Պետրոսյանը: Նրանք իրենց ելույթներում վերհիշելով անցյալը՝ պատմեցին դաժան դրվագներ, ներկայացրին թուրք խաժամուժի վայրագությունները, որոնք միայն այդ ազգին են հատուկ: Չհիշել չէին կարող, որովհետև դա մեր ապուպապերի կրկնվող պատմությունն է, մեր իրական կյանքը: Հրաշքով փրկված փախստականներից շատերն իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի խաղաղության: Ցավալի է որ, ինչպես Նորվեստա Աղաջանյանն է նշում, առայսօր զոհված փախստականների ընտանիքներն ունեն չլուծված խնդիրներ՝ առավելապես կապված բնակարանային պայմանների հետ: Իսկ Գարիկ Պետրոսյանը կոչ արեց մատաղ սերնդի ներկայացուցիչներին՝ երբեք չհավատալ թուրքին, դպրոցում լավ սովորել, ռազմագիտությանն ու զենքին գերազանց տիրապետել ու միշտ պահպանել աչալրջություն: Վերջում Ասկերանի քաղաքապետի տեղակալ Համլետ Ղազարյանն իր գոհունակությունը հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ միաժամանակ նշեց. -Այսօր դժվար է մտնել այդ մարդկանց դրության մեջ, որոնք թողնելով այն ինչ վաստակել էին տարիների ընթացքում և ընդամենն իրենց վրա վերցնելով փախստական անունը՝ փախել են տարբեր ուղղություններով: Թեպետ, փախստական անունն ինքնին վիրավորական է թվում, սակայն այդ է ճշմարտությունը: Հուշատախտակին փակցված նկարներում տեսնում եմ նաև իմ հարազատներին և ամեն անգամ իմ մեջ կսկիծ ու հիշողություններ են արթնանում: Մենք պարտավոր ենք մշտապես հիշել բոլոր նրանց և մեր հարգանքի տուրքը մատուցել: Գիտենք, որ 2013 թվականը համարվում է փախստականների տարի և հույս ենք հայտնում, որ կլուծվեն նրանց մտահոգող խնդիրները, որ վերջապես կստանան փախստականի միջազգային կարգավիճակ և համապատասխան փոխհատուցում՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ներկաներն ամենայն հետաքրքրությամբ ունկնդրեցին ելույթները՝ դասեր քաղելով մեր պատմության արյունոտ էջերից: Ինչ խոսք, դպրոցականները գիտակցելով օրվա խորհուրդը՝ հավանաբար լցվեցին վրեժխնդրությամբ և ներքուստ երդվեցին. երբեք չմոռանալ ադրբեջանցիների կողմից իրագործված անողոք ոճրագործությունները և տեր կանգնել Արցախ աշխարհին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |