1988թ. փետրվարի 13-ին Ստեփանակերտում կայացած առաջին հանրահավաքից հետո, որը տևեց ընդամենը 1 ժամ 37 րոպե՝ շուրջ 7 հազար մարդու մասնակցությամբ, Արցախյան շարժումը դուրս եկավ ընդհատակից ու ստացավ համազգային բնույթ՝ մեկ հոգի և մեկ բռունցք դարձնելով աշխարհասփյուռ հայությանը։ Նախատեսվում էր հաջորդ օրն էլ նման միջոցառում կազմակերպել, որին պիտի մասնակցեին նաև հարյուրավոր երևանցիներ. նրանց ավտոշարասյունը պատրաստ սպասում էր հայոց
մայրաքաղաքում։ Այդ երեկոյան կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Կևորկովը Ասկերանի ընդհատակյա կազմակերպության ղեկավար Սլավիկ Առուշանյանին բարեհաճեց հրավիրել մարզկոմ (մինչ այդ Ստեփանակերտից Ռազմիկ Պետրոսյանին էր ընդունել)՝ պահանջելով կանխել ծրագրված հանրահավաքը։ Նույն առաքելությամբ մեր տուն էր ուղարկվել միլիցիայի կապիտան Լավրենտ Մարտիրոսյանը։ Բանն այն էր, որ արցախաբնակ ադրբեջանցիները նույնպես ցանկություն էին հայտնել այդ օրը ցույցի դուրս գալ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ՝ դրան հրավիրելով ԼՂԻՄ-ից դուրս ապրող իրենց արյունակիցներին։ Այս անգամ չէր կարելի ականջալուր չլինել մարզի ղեկավարին։ Հակառակ դեպքում անխուսափելի կլիներ բախումն անկոչ հյուրերի հետ։ Սլավիկը Կևորոկվին առաջարկել էր ղեկավարել արցախցիների շարժումը, ինչին վերջինս պատասխանել էր՝ դու հավատում ես այդ գործի հաղթանակին, իսկ ես չեմ հավատում։ Եթե հավատար, դարձի՞ պիտի գար անառակ որդին... Անհրաժեշտ է ընդգծել, որ մարզի կուսակցական §էլիտան¦, այդ թվում և ի ծնե արցախցիները, սկզբնական շրջանում կիսում էին §առաջնորդի¦ կարծիքը։ Դա՞ էր պատճառը, թե՞ պարզապես կուսակցական էթիկան չէր թույլատրում՝ նրանք իրենց մի կողմ քաշված էին պահում, աշխատելով հնարավորին չափ հեռու մնալ աղմուկից։ Սակայն առաջին հանրահավաքին հաջորդած հետագա օրերին, եթե մինչև իսկ դարձյալ հավատ չէին ընծայում իրենց հայրենակիցների պայքարի հաղթանակին, այդուամենայնիվ, աստիճանաբար սկսեցին թեքվել դեպի մեզ՝ քաջ գիտենալով, որ ժողովուրդը չէր հանդուրժի նմաններին։ Հիշեցնեմ, որ այդ օրերին աշխատանք էինք տանում Բադարայի և Նախիջևանիկի տարածքներից ընտրված, իրականում՝ վերևից իջեցված մարզխորհրդի երկու պատգամավորի անվստահություն հայտնելու ուղղությամբ։ Ու միայն այն բանից հետո, երբ նրանք (երկուսն էլ մարզային մասշտաբի՝ Բաքվից ու Սումգայիթից ներմուծված պաշտոնյաներ էին) §քավեցին¦ իրենց մեղքը՝ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանում կողմ քվեարկելով Արցախը Հայաստանին վերամիավորելու մասին որոշմանը, ընտրողները հանդարտվեցին։ Ճշմարտությունը պահանջում է ասել, որ մարզի ղեկավարների մեջ թերևս բացառություն էր կազմում կուսակցության Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը։ Իր գործընկեր պաշտոնակիցներից նա առաջինն էր ու միակը, որ Շարժմանը մասնակից դարձավ ոչ թե հարկադրաբար, երբ, այսինքն՝ ռուբիկոնն անցնելով, արդեն անկարելի էր մի կողմ կանգնած մնալ, այլ՝ ինքնակամ, երբ դեռևս ամեն ինչ բացահայտ չէր արվում։ Մյուսների պես, իհարկե, նա էլ գիտեր, թե ինչ է կատարվում շրջանում, մարզում։ Եվ ահա մի օր էլ ցանկություն հայտնեց իրեն նույնպես մասնակից դարձնել այդ ամենին։ Եվ 87-ի աշնանը Գրիգորյանը փաստորեն դարձավ մեր դեռևս փոքրաթիվ ընդհատակյա կազմակերպության անդամ, ճիշտ կլինի ասել՝ պատվավոր անդամ։ Եվ մի առժամանակ անց ես նրան իր աշխատասենյակում ծանոթացրի Իգոր Մուրադյանի հետ (նա էր համակարգում Շարժման նախնական փուլի աշխատանքները)։ Դա չափազանց բարերար ներգործություն ունեցավ շրջանի պատասխանատու աշխատողների և հատկապես տնտեսությունների ղեկավարների §կողմնորոշման¦ վրա, որոնց թվում քիչ չէին հին (Բ. Ուլուբաբյանը կասեր՝ հնացած) սերնդի ներկայացուցիչներն իրենց պահպանողական, կարծրացած §տեսությամբ¦։ Ահավոր զգուշություն էին հանդես բերում շրջկոմի առանձին աշխատողներ ու այլ ապարատայիններ, որոնք այդպես էլ իրենց մեջ ուժ չգտան թոթափելու սեփական ստերջությունը։ Պատահում էր՝ նրանք ինչ-ինչ ձևով իրենց ձեռքը գցելով այս կամ այն գյուղի ակտիվիստների ցուցակը, այն բերում-հանձնում էին առաջին քարտուղարին։ Ու անչափ զարմանում էին, որ իրենց ծառայու-թյունը պատշաճորեն չէր գնահատվում... Նրանք հո չգիտեին, որ երբ Կևորկովը պահանջել է Սլավիկ Առուշանյանին հեռացնել աշխատանքից, քանի որ նա հանդգնել էր Արցախի հարցով մեր մյուս պատվիրակների հետ Մոսկվա մեկնել, Գրիգորյանը պատասխանել է՝ Ս. Առուշանյանը արձակուրդում է, ինչպե՞ս ազատեմ, և նույն օրը հետին թվով ձևակերպել է Սլավիկի արձակուրդը։ Այս դեպքն էլ առնչված է ինձ հետ։ Ադր.ԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովն ու Բաքվից ժամանած մյուս պաշտոնյաները, գտնելով, որ 88-ի փետրվարի 12-ին իրենց հրավիրած՝ Ասկերանի շրջանի կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովում տողերիս հեղինակը, լինելով շրջանային թերթի խմբագիր և շրջկոմի բյուրոյի անդամ, ելույթ է ունեցել որպես ծայրահեղական (էքստրեմիստ), առաջարկել են ինձ պաշտոնանկ անել։ Մեկ ուրիշը հավանաբար համաձայնվեր, չէ՞ որ ըստ ԽՄԿԿ Կանոնադրության՝ վերադասի վճիռը պարտադիր է ստորադասի համար, կամ գուցե թե, լավագույն դեպքում, պահին հարմար պատասխան գտներ։ Մինչդեռ Գրիգորյանն ասել է՝ իսկ եթե Դանիելյանը հեռագրի Մոսկվա՝ ընկեր Գորբաչովի՞ն, դրանով իսկ հիշեցնելով, որ 37 թիվը վաղուց է անցել։ §Դե, մենք այդպես չասացինք¦,- անմիջապես կակղել են մեր §ընդդիմախոս-ներն¦ ակնհայտ դժգոհությամբ։ (Եվ այդ դժգոհությունը նախևառաջ ժամանակից էր, որը որոշակի կապանքներ էր դրել տեղական իշխանավորների ցանկության վրա)։ Նման օրինակներ կարելի է էլի բերել։ Անշուշտ, Վաչագան Գրիգորյանի §լուռ համաձայնությամբ¦ է նաև, որ շրջանային §Կարմիր դրոշ¦ թերթի խմբագրությունը մի յուրօրինակ շտաբ էինք դարձրել, որտեղ անց էին կացվում ընդհատակայինների հավաքները, նախանշվում մեր հետագա անելիքները (ի դեպ՝ սկզբնական շրջանում Ստեփանակերտի հիմնարկները նույնպես իրենց կոլեկտիվներում ընդունած որոշումները բերում էին մեզ մոտ` Ասկերան, ինչպես, օրինակ, ավտոտրանսպորտային ձեռնարկությունը, որի տնօրենն էր երջանկահիշատակ Բորիս Դադամյանը), որ ԼՂԻՄ-ը ՀՀ-ին վերամիավորելու մասին հռչակագիրը, որի տակ իրենց ստորագրությունը պիտի դնեին ավելի քան 80 հազար արցախցիներ կամ մարզի բոլոր չափահաս հայ քաղաքացիները, մշակվել և ընդունվել է հենց Ասկերանի շրջանում, ակտիվիստների` Նորագյուղում կազմակերպած գաղտնի ժողովում, Ի. Մուրադյանի և Վ. Սարուխանյանի մասնակցությամբ, որ Արցախից ասկերանցիներն են առաջին պատվիրակությունն ուղարկել Երևան (այն Ս. Կապուտիկյանը անվանել է պատմական), որտեղ §Կարմիր դրոշ¦ թերթի աշխատակից Սլավիկ Միրզոյանը հանրահավաքներից մեկում հրապարակել է մեր ակտիվիստների` ՀՀ իշխանություններին և հայ ժողովրդին հղած կոչը: Մի ոչ անկարևոր §մանրուք¦ ևս: Ադրբեջանի իշխանությունները նպատակադրվել էին Արցախում ադրբեջանական հերթական բնակավայր հիմնել, այս անգամ` Շոշ գյուղի Փարամաքի տեղամասում, տեղի անասնապահական համալիրի աշխատողների համար: Միայն Գրիգորյանի համառ ջանքերի շնորհիվ այն կանխվեց. նրան հաջողվել էր համոզել, որ դա կխանգարի համալիրի աշխատանքներին: Վաչագան Գրիգորյանի §խաղի մեջ մտնելը¦ նկատելի ազդեցություն գործեց նաև մյուս շրջանների ղեկավարների վրա։ Նրանք որևէ կարևոր վճիռ ընդունելուց առաջ անպայման կամենում էին իմանալ Ասկերանի կարծիքը։ Երբեմն Գրիգորյանին զանգում էին նաև ակտիվիստները, խնդրելով հորդորել իրենց ղեկավարին՝ ստորագրել Շարժմանն աղերսված այս կամ այն փաստաթուղթը։ Հետագայում, երբ Բաքվի դրսեկ դրածոները թողել էին Արցախի սահմանները, Գրիգորյանին անարդարացիորեն տեղից տեղ տարան. նախ նշանակվեց §Ագրոարդ¦ միավորման նախագահ, որի հաստիքը Հենրիխ Պողոսյանն էր զբաղեցնում մինչև Կևորկովին փոխարինելը, ապա մարտունեցիների խնդրանքով դարձավ հայրենի Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար, հետո էլ՝ մարզգործկոմի նախագահի տեղակալ։ Մինչդեռ ամենաճիշտն այն կլիներ, եթե դառնար մարզի գոնե երկրորդ պաշտոնյան։ Այդ իրավունքը նա ավելի շատ ուներ, քան մեկ ուրիշը (նորերը հետո պիտի գային)։ Ասվածի վառ ապացույցը չէ՞, որ Արցախի, ներառյալ Շահումյանի շրջանի, հայ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարի կողմից (1989թ. օգոստոս) ձևավորված ժողովրդական ինքնակառավարման բարձրագույն մարմնի՝ Ազգային խորհրդի նախագահ ընտրվեց հենց Վաչագան Գրիգորյանը։ Մինչ այդ՝ 1988թ. փետրվարի 23-ին, Կրեմլի հատուկ առաքյալների (Պ. Դեմիչև, Գ. Ռազումովսկի) և Ադրբեջանի ղեկավարների (Ք. Բաղիրով, Վ. Կոնովալով) մասնակցությամբ մարզկոմի նոր ղեկավար պիտի ընտրվեր։ Թեկնածուները երկուսն էին՝ Հենրիխ Պողոսյան և Վաչագան Գրիգորյան։ Բ. Կևորոկվը հանված էր պաշտոնից, և հազիվ թե որևէ մեկին պետք լիներ նրա կարծիքը, բայց արի ու տես, որ հենց սրա §վճիռը¦ հաշվի առնվեց, քանզի ասել էր. §Գրիգորյան սլիշկոմ կարաբախեց¦ (Գրիգորյանը չափազանց շատ է ղարաբաղցի)։ Գնդակը ճիշտ նպատակակետին էր խփված, և այս իրոք չափազանց շատ ղարաբաղցին դառնում է թիրախ Ադրբեջանի (և ոչ միայն) ղեկավարության համար։ Այս հանգամանքն արդյոք չի՞ անդրադարձել մոսկվացի վիրաբույժների անփութությանը, որոնց չհաջողվեց փրկել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորի կյանքը... Դա 1991-ի ապրիլին էր։ Հավելեմ, որ Վ. Գրիգորյանը սրտի հետ կապված խնդիր ուներ, ինչը, սակայն, չխան-գարեց, որ նա Վիկտոր Համբարձումյանի, Սոս Սարգսյանի, Զորի Բալայանի հետ մեկտեղ 1990թ. սեպտեմբերին հացադուլ հայտարա-րեր մոսկովյան հյուրանոցներից մեկում՝ բողոքելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող անօրինականությունների դեմ և պահանջելով վերականգնել ԼՂԻՄ իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։ Ինչպես գիտենք, քսանօրյա այդ քաղաքական ակցիան, որը դադարեցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի խնդրանքով, ժամանակին ցնցող ալիք էր բարձրացրել, լուսաբանվել արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցների կողմից, արդյունքում՝ Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների մեծ մասը փրկվեց կողոպտվելուց ու բռնի տեղահանումից և, բնականաբար, արցախյան գերխնդիրն ավելի ճանաչելի դարձավ համաշխարհային հասարակությանը։ ...Իմ այս խոսքը բնավ հավակնություն չունի ամբողջական դիմանկար դառնալու Վաչագան Սանթուրի Գրիգորյանի մասին. այն ես թղթին հանձնեցի սոսկ իբրև խոնարհում՝ հարգանքի տուրք Արցախյան շարժման նվիրյալի հիշատակին։ Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆ |