ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼՈՒՍԱՁՈՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
07.03.2013 13:07

    Նշելով Ղարաբաղյան Շարժման քառորդ դարյա հոբելյանը՝ դրա անխուսափելությունը կարևորելու ու արժանվույնս գնահատելու նպատակ ենք հետապնդում։ Միաժամանակ, այն մեկ անգամ ևս պատմությունից ճիշտ դասեր քաղելու առիթ է։ 
  Վերջերս Շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև Լուսաձորի հիմնական դպրոցում։ Միջոցառման կազմակերպիչը դպրոցի զինղեկ Աշոտ Մայիլյանն էր։ Ներկա էին ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, ազատամարտի վետերաններ, զոհված ազատամարտիկների հարազատներ, համագյուղացիներ։ Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Սուսաննա Մակվեցյանը։ Նա կարևորելով Ղարաբաղյան Շարժման անհրաժեշտությունը, այն ընդհատակից դուրս բերելն ու համազգային շարժում կազմակերպելը, կոչ արեց մատաղ սերնդին մշտարթուն ու միաբան լինել։ Քանզի միաբանությամբ ու բռունցքված կարելի է հաղթահարել

ցանկացած արհավիրք։
  - 1988 թվականի փետրվարի 22-ի դեպքերը, երբ Աղդամից բազմահազարանոց զինված հրոսակախումբն ավերելով ամեն ինչ շարժվում էր դեպի Ասկերան՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և այդ ոճրագործությունները շարունակել Ստեփանակերտում, մեզ հաջողվեց կասեցնել նրանց առաջխաղացումը։ Դեռ ավելին՝ բռնցքված ու ազատատենչությամբ տոգորված այդ խառնամբոխին կարողացանք հետ շպրտել, անառիկ պահելով Ասկերանի մատույցները,- մանրամասնորեն անդրադառնալով պատմական այդ օրվա իրադարձություններին ասաց Ա. Մայիլյանը։ 
  Ապա բեմահարթակը տրամադրվեց դպրոցականներին, ովքեր հայրենասիրական և ժողովրդական երգերի կատարումներով ու ասմունքով ռազմահայրենասիրական միջոցառմանը նոր լիցք ու շունչ հաղորդեցին։ Վերջում ավանդական §Քոչարի¦-ի խրոխտ հնչյունների տակ շուրջպար բռնեցին բոլորը, որով էլ ազդարարվեց բազմաբովանդակալից միջոցառման ավարտը։
  Այսօր մենք ուրախանալու և հպարտանալու առիթներ շատ ենք ունենում։ Հերթական երախտագիտության ու դրվատանքի խոսքերի հասցեատերը ծննդով նորագյուղցի Արարատ Սամուրկայի Խաչատրյանն է, ով հանձն էր առել Լուսաձորի հիմնական դպրոցին համակարգիչ՝ օժանդակ սարքավորումներով և տպիչ նվիրել։ Խոստացած նվերն էլ տեղ հասավ միջոցառման օրը՝ այն դարձնելով կրկնակի տոն։ Անշուշտ նվերը ցանկալի ու նպատակային էր, բայց ավելի մեծ է դրա հոգևոր արժեքը՝ այսօր աշակերտները գիտակցեցին բարի գործ կատարելու կարևորությունը:
Հավելեմ, որ նման բարեգործական առաքելությունը միակ չէ Ա. Խաչատրյանի համար։ Նա շրջանային և հանրապետական օլիմպիադաներին մասնակցած և հաղթող ճանաչված նորագյուղցի դպրոցականների համար յուրաքանչյուր տարի դրամական պարգևներ է սահմանում, օգնության ձեռք է մեկնում նաև գյուղի սակավակարող ընտանիքներին։ Եվ ինչպես բարեգործն է սիրում արտահայտվել, միշտ պատրաստ է բանիմաց երիտասարդներին սատար կանգնելու։
Հիրավի, գեղեցիկ հոգևոր ներաշխարհ ունեցող մարդը կարող է բարեգործության հեղինակ ու նախաձեռնող լինել։ Իսկ հայերիս համար բարեգործությունն անհրաժեշտություն է, քանզի այն քրիստոնեական գլխավոր առաքինություններից է: Համոզված եմ, որ մեր նվիրյալների անունները հայոց պատմության մեջ ոսկե տառերով կգրվեն։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter