ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
17.03.2013 10:39

   Այսօր՝ 2013 թվականի մարտի 17-ին առավոտյան ժամը 8.00-ից մեկնարկեցին Ասկերանի համայնքի ղեկավարի ընտրությունները։ Թեկնածուները երկուսն են՝ գործող քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և տեղակալ Համլետ Ղազարյանը։ Ընտրողների թիվը 1582 է, որոնք կքվեարկեն Ասկերանի N1 ընտրական տեղամասում։ Թեկնածուներից առաջինը քվեարկել է Համլետ Ղազարյանը՝ ժամը 9.00-ին։

  Ժամը 10.00-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 280 ընտրող։ Ընտրությունների ընթացքին հետևում են Ա. Գաբրիելյանի, Հ. Ղազարյանի վստահված անձինք և ներկայացուցիչներ տարածքային ընտրական հանձնաժողովից, որոնց հավաստմամբ այս ժամանակահատվածում ոչ մի խախտում չի արձանագրվել։ Ինչպես նշում է N1 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ

Ռ. Մկրտչյանը ընտրությունների ընթացքը բավականին ակտիվ է։ Լիլիթ Հարությունյանն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին և ինչպես նշում է՝ քվեարկել է հարազատ քաղաքն ավելի բարգավաճ տեսնելու համար։ Քաղաքապետի թեկնածու Ալյոշա Գաբրիելյանն ընտրական տեղամաս ժամանեց և քվեարկեց 11.30-ին։

 

   Ժամը 12.00-ի դրությամբ քվեարկածների թիվը կրկնապատկվել էր, այսինքն ընտրությունները մեկնարկելուց 4 ժամ անց դեռևս պահպանվում է նույն ակտիվությունը։

  Ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է 840 ընտրող կամ ընտրողների 53 տոկոսը։

  Ժամը 16.00-ին իր քաղաքացիական պարտք էր կատարել 1000 ընտրող կամ ընտրողների 63 տոկոսը։ Ըստ Ռ. Մկրտչյանի, ամեն ինչ ընթանում է  բնականոն, որևէ միջադեպ կամ խախտում այս պահի դրությամբ չի արձանագրվել։

  Ժամը 18.00-ի դրությամբ քվեարկել է 1103 ընտրող կամ ընտրողների 69.7 տոկոսը։ Թեկուզև սակավ ակտիվությամբ, սակայն այս պահի դրությամբ դեռևս շարունակվում է ընտրողների հոսքը դեպի ընտրատեղամաս։

  Ժամը 20.00-ի դրությամբ 1144 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 72.3 տոկոսը կատարել էր իր ընտրությունը։ Ինչպես և նախատեսված է օրենքով ժամը 20.00-ին ընտրական տեղամասը փակվեց։

  Ավարտվեցին Ասկերանի համայնքի ղեկավարի ընտրությունները։ Ըստ նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

    Ալյոշա Գաբրիելյան - 988 ձայն,

   Համլետ Ղազարյան - 144 ձայն,

   Անվավեր՝ 12 քվեաթերթիկ։

   Ասկերանի քաղաքապետի ընտրություններն անցել են առանց որևէ խախտման։ Ինչպես փաստում են երկու կողմերի վստահված անձինք՝ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ։ Վերջում նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին հանձնաժողովի անդամներին՝ անաչառ աշխատանքի համար։ 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

alt 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter