Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի հիմնական դպրոցում կենսաբանության դասերն ամենահրապուրիչներից են: Դրանք միայն աշակերտական սեղանին գամված չեն ընթանում: Թեմաներից շատերը բնության գրկում են անցկացվում։ Դպրոցի պատերից դուրս ուսումնառության առավելություններից է ոչ միայն աչքով տեսնելը, այլև` շոշափելը, նկարագրելը, նյութի վերաբերյալ հարցադրումներ, ենթադրություններ կատարելը, հաստատելն ու ժխտելը, եզրահանգումների հանգելը։ Դրանք երբեմն հայտնագործության հրճվանք են պատճառում: Այլ կերպ` մշուշվում է պարտադրականի նշաձողը, և բնությանը միանալու անիմա զգացողությունն ինքնաբացահայտման ազատությունն է տալիս: Դա, անշուշտ, նաև դասավանդող ուսուցչուհու` դպրոցի տնօրեն Մ. Ծատրյանի ներդրումն է, որն անձնական վերաբերմունքով ուսուցանում է երբևէ չմոռանալ ամենաչնչին
ավանդն անգամ կամ բարյացակամությունը: Նա սիրով ընդառաջ գնաց իններորդ դասարանցի Մարիամի այն առաջարկությանը, որ մոտ ապագայում ՙՍելեկցիա՚ թեման ուսումնասիրելու նպատակով ուզում են այցելել իրենց նախկին ուսուցչուհի Արմինե Սուլեյմանյանին և՚ ականատես լինել բույսերի նոր տեսակների առաջացման գործում մարդու ազդեցության արդյունքներին: Նրանք նպատակահարմար համարեցին անակնկալ այցելությունը, քանի որ փետրվարի 24-ին նրա ծննդյան օրն է: Նոր գույնի վարդեր սերող իրենց հոբելյարին իրենք նախընտրում են հայրենի գյուղի անզուգական ձնծաղիկներից տանել` շատ և արմատներով (գուցե իր փորձերի ընթացքում դրանք ևս ինչ-որ բան հուշեն, պիտանի լինեն): - Կեցցե՛ք,- դուռը բացելով ակամա բացականչեց հանկարծակիի եկած ուսուցչուհին։ - Շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ,- համանվագի պես երգեցիկ հնչեցրեցին աշակերտները: - Նե՛րս համեցեք, անկեղծորեն ցնցված ու զգացված եմ: Որքան կարևոր դարձրեցիք իմ կողմից երբեմն մոռացվող, ա՛յ, հիմա արդեն թանկագին օրը: Իսկ երբ ձեր անկեղծ վերաբերմունքին գումարվում է բնության այս շունչը` ձնծաղիկների անզուգական բույրը… Հուսամ, որ եկող տարվա համար ծմակներում թողել եք ծաղիկներ, բոլորը արմատախիլ չեք արել: Միայն ես չէ, մեր տունն էլ արբեց այս բույրից: Դուք հիշում եք իմ նախասիրությունները: Սիրում եք կապ պահպանել և նշանավորել սովորական պահերը: Ի՜նչ երջանկություն պարգևեցիք ինձ, ինքներդ էլ չգիտեք… Աշակերտներն օրն արդյունավետ անցկացնելով, հաճելին օգտակարի հետ զուգակցելով` դեռ երկար ժամանակ կվերապրեն բնական վարդերին նոր գույներ ու երանգներ պարգևելու ուսուցչուհու ազնիվ ձգտման առարկայացման վայելքը: Նրանք տեղյակ էին յոթական գույների ու երաժշտական հնչյունների, վեցական զգայարանների ու հայոց լեզվի ձայնավորների մասին։ Բայց եթե գիտեին էլ, որ դրանց զանազան վերադասավորումներով, խայտաբղետ զուգակցումներով, ներդաշնակցությամբ իրենց հարիր ոլորտներում ստանում ենք զմայլելի երանգների, մեղեդիների, համի, հոտի, խոսքի, ապրումների միշտ հանճարեղ, անկրկնելի, անսպասելի, անսպառ դրսևորումներ, ապա նորություն էր, որ դրանց լուռ սպասող ստեղնաշարը պատրաստ է իրար հերթափոխող բոլոր սերունդների որոնող, ստեղծագործ զավակների առջև հավերժ ծառայելու, նորանոր զարմացական դռներ բացելու… Նրանց ունկերում դեռ երկար են հնչելու Ա. Սուլեյմանյանի խոսքերը, որ այսօրվա արարքը նաև երախտագիտության դրսևորման մի արտահայտություն էր: Իսկ երախտագիտությունը բնության հանճարեղ և հար գնահատելի արժեքներից է, երկուստեք ոգևորության ակունք: Բարի նկրտումով ամեն մի արարք մի դյութիչ գույնի, առինքնող բույրի, հոգեհմա հնչյունի, ամոքիչ խոսքի, ապրեցնող զգացման ծնունդն է ու նորի դրդիչը: Այս աշխարհը թափանցելու համար պարտադիր չէ լինել հանճարեղ նկարիչ, երաժիշտ, խոսքի կամ արվեստի վարպետ, բժիշկ, խոհարար, սելեկցիոներ… Աշխարհ եկած ամեն մի մարդ արդեն տաղանդ է: Հանճարեղ է նա, ով իր օժտվածությունը կարողանում է ոչ միայն պահպանել, այլև ի հայտ բերել իր ներունակությունը, իր ունեցածը պարզել ամենքին ի տես, որպես բաժին: Ով այս կերպ է հաղորդակցվում մարդկանց հետ, իր հոգու գանձերը նվիրում է նրանց` է՛լ ավելի զորացնելով ու հարստացնելով իր ներաշխարհը: Այսպիսինները պահպանում են իրենց նախասիրությունները, եզակիությունը` ունենալով իրեց գույնն ու տեսքը, տեսակը: Այսպիսի հանճարեղների հանդիպում ենք ամեն քայլափոխի, նրանք իրենց չդավաճանած, չաղճատված էությամբ պարզ ու հասարակ մարդիկ են, իրենց բնույթով` սիրելի, ձգող… Օրվա հոբելյարն էլ փաղաքուշ զետեղում էր ծաղիկներն իր ծաղկանոցում, մտածում հանդիպման պարգևած երկկողմանի ոգևորության, հոգևոր սլացքի մասին : - Տվողին տրվում է,- բարձրաձայն ամփոփեց նա, որին անդրադարձում ենք` կրկնելով. - Մենք էլ ենք շնորհավորում, օրհնյալ թո՛ղ լինի ծնունդդ, ուսուցչուհի՛: Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ |