Բնությունը կնոջն ասել է գեղեցիկ եղիր՝ եթե կարող ես, իմաստուն եղիր՝ եթե ուզում ես, բայց ողջամիտ լինել՝ դու պարտավոր ես: Պիեռ Բոմարշե
Կյանքում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, որոնց հետ զրուցելն անգամ մեծագույն հաճույք է պարգևում քեզ: Կարողանում ես կտրվել առօրյա հոգսերից և բավականությամբ ունկնդրել հաճելի զրուցակցիդ: Մտորում ես. Ի՞նչ կլիներ, որ շրջապատում բոլորը լինեին հեզահամբյուր, սիրահոժար և միմյանց հանդեպ դրսևորեին հոգատար և պատրաստակամ
վերաբերմունք: Այդպես կյանքն ավելի գեղեցիկ կլիներ, իսկ դժվարություններն էլ, թերևս, պակաս կթվային: Հիրավի, ապացուցելու կարիք չկա, որ հինավուրց ժամանակներից ի վեր կյանքն առավել գեղեցիկ են դարձնում կին արարածները: Առանձնապես, հայ կանայք, որոնք մշտապես կարողանում են պահպանել հայ կնոջն արժանավայել կեցվածքը: Յուրաքանչյուր հայուհի մշտապես ցանկանում է լինել գեղեցիկ, նվիրված, խելացի, հպարտ: Առայսօր, կանայք հավատարիմ մնալով իրենց ներհատուկ հատկանիշներին՝ շարունակում են գերել, արարել և հասնել բազում բարձունքների: Կանանց միջազգային տոն օրվա՝ Մարտի 8-ի առթիվ իմ մեջ ցանկություն առաջացավ հանդիպել և տոնի կապակցությամբ շնորհավորել մի մարդու, ով արժանի է մեծարման ու գնահատման: Մարդ, որը տարիներ ի վեր աչքի է ընկել իր նվիրվածությամբ ու պարտաճանաչությամբ: Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի գլխավոր գրադարանավար Մարիետա Բալասանյանին ճանաչում են շատերը: Գերադասեցի նրա հետ հանդիպել հենց գրադարանում, ուր շուրջ 37 տարի աշխատում է գրքերի մեջ ու ծառայում մանուկներին և երիտասարդ սերնդին: Երբ մտա գրադարան և հայտնեցի իմ այցելության նպատակը, բավական հուզմունք նկատվեց տիկին Մարիետայի աչքերում: Գուցեև հոգու խորքում ինձանից սպասում էր նման անակնկալի, չէ որ դեռևս մանկուց գրքի սիրահար էի և գրադարանի մշտական հաճախորդ: Հիշում եմ, թե ինչպիսի մեծ սիրով էի գրադարան հաճախում, ուր տիկին Մարիետան դրսևորում էր ոչ միայն գրադարանավարին հատուկ կեցվածք: Նրա մանկավարժական տակտը, մայրական գորովալից վերաբերմունքն իմ մեջ իմաստավորված է առայսօր ու, երևի թե այդ է պատճառը, որ հետագայում ընտրել եմ նաև գրադարանավարի մասնագիտություն: Տարիներ անց աշխատելով Ասկերանի կենտրոնական գրադարանում՝ ավելի եմ համոզվել տիկին Մարիետայի մեծության մեջ: Նրա բարոյահոգեբանական աջակցությունը (արդեն որպես գործընկեր նաև) բազմիցս եմ զգացել ու հիացել նրա պահվածքով. թերևս, հետպատերազմյան տարիներին բոլորն էին զգում հոգատարության, փոխըմբռնման կարիք… Մարիետա Պավելի Բալասանյանը ծնվել է 1950 թվականի մարտի 6-ին Ասկերանում: Սկզբնական կրթությունը ստացել է Ասկերանի ութամյա դպրոցում, այնուհետև շարունակել և 1967թ. ավարտել է Ասկերանի շրջանի Խնապատի միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը: 1975թ. համալսարանն ավարտելուց հետո աշխատանքային գործունեությունը սկսել է Ստեփանակերտի շրջսովետի կուլտուրայի բաժնում՝ որպես շրջանային բաժնի գրադարանավար: 1977թ. տեղափոխվել և նշանակվել է Ասկերանի շրջանի ԳԿՀ-ի շրջանային մանկական գրադարանի վարիչ: Շուրջ 17 տարի աշխատել է մանուկների հետ, նրանց մեջ սեր սերմանելով դեպի գիրքն ու գիտելիքը և հասկացնելով երեխաներին, որ աշխարհում ամենահզոր զենքը գիտելիքն է: Աշխատանքին զուգընթաց համատեղությամբ ծավալել է նաև մանկավարժական գործունեություն: 1978-83թթ. դասավանդել է Ասկերանի շրջանի հեռակա միջնակարգ դպրոցում: 1995թ. տեղափոխվել և նշանակվել է Ասկերանի մշակույթի բաժնի կենտրոնական գրադարանի սպասարկման բաժնի վարիչի պաշտոնում: 2009թ. տեղափոխվել և նշանակվել է Ասկերանի Գ. Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի գլխավոր գրադարանավար: Հաճելի ու անկաշկանդ զրույցի ժամանակ, որը հետաքրքրությամբ ունկնդրում էին նաև գրադարանի մյուս աշխատողները, անմոռանալի հուշերի գիրկն ընկանք: Իրոք, կան մարդուն ի վերուստ տրված բյուր շնորհներ, բնավորության գծեր, որոնցով մարդիկ տարբերվում են իրարից: Թերևս, տիկին Մարիետային յուրահատուկ են կամքի ուժը, աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը, նվիրվածությունն ու աշխատասիրությունը: Ընտանիք կազմելով Կասյանների հզոր գերդաստանի զավակ Արտյոմ Կասյանի հետ՝ կարողացել են Ասկերանի շրջանում վայելել մեծ հարգանք և սեր: Նրանց ընտանիքում դաստիարակվել է երկու զավակ, որոնք մշտապես ծարավ էին զգում կրթության հանդեպ: Հարկավ, բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ Կասյան եղբայրներն իրենց ապուպապերին վայել հետնորդներ դարձան: Այսօր նրանք ՀՀ և ԼՂՀ ՊԲ սպաներ են: Այո՛, ճիշտ և հայեցի դաստիարակությունը հնարավոր չէ, որ չտա իր արդյունքը, այն էլ այն ընտանիքում, ուր հայրենասիրությունն ու հավատարմությունը վեր էր ամեն ինչից: Արցախյան պատերազմից հետո Կասյանների ընտանիքը հարմարվելով հետպատերազմյան դժվարություններին՝ լծվեց հայրենի Ասկերանը շենացնելու գործին: Այս ընտանիքում, որտեղ տնօրինում էր ջերմությունը, հավատարմությունը, մեծ ակնկալիքներով էին տրամադրված: Չէ որ շուտով որդիներն առանձին ընտանիքներ պիտի կազմեին և Արցախի շեն օջախներն ավելացնեին: Ավա՜ղ, ճակատագիրը չկարողացավ այս ընտանիքի հանդեպ մնալ բարյացակամ: Պատերազմի անողոք թոհուբոհով անցած Արտյոմ Կասյանը՝ 1998թ. անբուժելի հիվանդության զոհը դարձավ: Թվում էր, թե կյանքը կանգ կառներ Կասյանների օջախում: Ասկերանի ողջ հասարակությունը սգում էր մի անհատի կորուստ, ով հայրենասիրության և բնատուր խելքի մարմնացում էր, ով ասես մի բարձր սար լիներ իր հարազատների, ընկերների համար… Սակայն հայ կնոջ առաքինի կերպարը նորից ի հայտ եկավ և իմաստավորվեց տիկին Մարիետայի մեջ: Նա կարողացավ իր մեջ բավական ուժ գտնել և առաջ նայել՝ թերևս, ամուսնու հիշատակի առջև պարտավորություն զգալով: Այո՛, պարտավոր էր զավակներին առաջնորդելու լուսավոր և արժանի ճանապարհով: Սահեցին տարիները… Տարիներ՝ շաղախված հաջողություններով և դժվարություններով: Տիկին Մարիետայի որդիներն ընտանիքներ կազմեցին, օջախին արժանի հարսերը ընտանիքի մոր համար դուստրեր դարձան: Նրանք գնահատեցին հայուհուն վայել բոլոր արժանիքներով օժտված կնոջը: Հիրավի, երբ աստված արարել է կին արարածին, նրան բազում ձիրքեր տալու հետ մեկտեղ, չի զլացել անսասան ուժ, հզոր կամք և համբերություն շռայլելու: Ահավասիկ, իմ հերոսուհին, որն այսօր կարող է միանգամայն ասել. ես հասել եմ իմ նպատակներին, կրթել և դաստիարակել եմ իմ երկրին արժանի զավակներ և շարունակում եմ նույն ոգով դաստիարակել թոռներիս: Թեպետ, գնացել էի Մարտի 8-ի առթիվ շնորհավորելու և նաև տիկին Մարիետային լսելու, սակայն չէի կարող հիշողություններին անդրադարձ չանել և համոզված եմ, որ իմ ընթերցողները նույնպես հաճույքով հիշեցին Կասյանների գեղեցիկ և օրինակելի ընտանիքի անցյալը, ապրեցին ներկայով: ՛՛Այսօր, ես այնքա՜ն երախտապարտ եմ և գոհ, որ գնահատված եմ հասարակության կողմից, որ արժևորված է գրադարանավարի աշխատանքը: Տարիներ շարունակ աշխատելով գրադարանում՝ իրականացրել եմ նաև մանկավարժական աշխատանք, միշտ էլ հաճույքով եմ աշխատել մանուկների հետ և ամեն կերպ ցանկացել եմ նրանց մոտ ավելի ամրապնդել սերը դեպի գիրքը, կրթությունը: Մեր երկրի ապագան այսօրվա մատաղ սերունդն է, որի հանդեպ պետք է դրսևորենք ամենաուշադիր և ամենանրբանկատ վերաբերմունք: Այնպես անենք, որ նրանք հասկանան, որ իրենք են այսուհետ տերն Արցախ աշխարհի: Այս գեղեցիկ տոնի առթիվ ցանկանում եմ շնորհավորել բոլոր կանանց և մաղթել, որպեսզի միշտ լինեն հմայիչ, ողջամիտ և երբևէ չկորցնեն իրենց կանացիությունը՛՛,- նշեց Մարիետա Բալասանյանը: Հիրավի, մեծ տպավուրություն ստացա իմ հանդիպումից: Անցյալի և ներկայի հուշերն իրար միահյուսված թևածում էին գրադարանի ջերմ մթնոլորտում: Այնքա՜ն մեծ ոգևորություն և խանդաղատանք էր նկատվում ամենքի դեմքին: Աշխատակիցները նույնպես հիացած լսում էին ավագ գործընկերոջը՝ միանշանակ դասեր քաղելով նրա խորհուրդներից ու բազում պատմություններից: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի Մարիետա: Քե՛զ ամուր առողջություն, և թող հայ կնոջն արժանավայել և օրինակելի քո կեցվածքը միշտ անսասան լինի: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |