ԿՈԿԻԿ ԵՎ ՔՆՔՈՒՇ, ՆՐԲԱՆԿԱՏ ԵՎ ՍԻՐԱԼԻՐ
08.04.2013 12:22

  Ամեն գարուն՝ ինչքան ծանո՛թ,
Այնքան նո՛ր է ու ցանկալի,
Ամեն գարուն մի նո՛ր ձայնով
Ու նոր սիրո պե՛ս է գալիս:
Գևորգ Էմին
  Կի՜ն…Այս մի հատիկ բառի մեջ այնքա՜ն խորունկ իմաստներ են ներառված, այնքա՜ն հույզեր ու առեղծվածներ, այնքա՜ն գողտրիկ մտքեր ու ցանկություններ: Յուրաքանչյուր կնոջ մեջ կարելի է տեսնել առանձնահատուկ քնքշանք, նրբություն, գեղեցկություն, իսկ կանացի սեթևեթանքը կնոջ անբաժանելի ու հավատարիմ ընկերն է եղել մշտապես: Սակայն ամենամեղմ ու ամենականացի

կնոջ մեջ արքայավայել նստած է կամքի հզոր ուժ, քաջություն ու ակնբախ հայրենասիրություն:  
  Դեռևս վաղնջական տարիներից հայ կինը կարողացել է ապացուցել, որ իր ազգի արժանի դուստրն է, որ կարողացել է զօր ու գիշեր մաքառել տղամարդկանց կողքին՝ երբեք չզիջելով առաջին գիծը: Այսօր էլ մեր շրջապատում տեսնում ենք այնպիսի կանանց, որոնց հանդեպ անսահման սեր և հարգանք ենք տածում, արժևորում նրանց ավանդը: Խոնարհվելով արցունք ու ցավ տարած բոլոր հայ կանանց առջև՝ նրաց տալիս ենք մեծարանքի ու ակնածանքի մեր խոսքը: Հիրավի, բոլոր հայ կանայք արժանի են ուշադրության և վաստակել են երջանիկ լինելու իրավունքը: 
  Գեղեցիկի, սիրված լինելու, հրաշքի սպասման, հաճելի խոսքեր լսելու, հավերժականի մասին մտածելու խորհուրդ ունի կանանց նվիրված միամսյակը, որը նաև զարթոնքի ազդարարում է: Ասում են, թե կինն ու գարունը չեն տարբերվում միմյանցից: Գարունը հենց կինն է՝ միշտ ծաղկող, փթթուն, կինն էլ իր էությամբ գարուն է որ կա. հանելուկներով ու անակնկալներով լի:
  Հիշում եմ, երբ դպրոցահասակ էինք, մեզ համար գեղեցկության և կանացիության մարմնացումը մեր ուսուցչուհիներն էին: Նրանք մաքրության, գեղեցկության և նրբակերտության խորհրդանիշ էին սովորողներիս համար, մենք ոչ միայն հիանում էինք նրանցով և ցանկանում՝ ընդօրինակել, այլ անթաքույց սիրում էինք նրանց:
  Այս գարնանային գեղեցիկ և կանանց ավանդական տոնի առթիվ ցանկացա փոքրիկ զրույց ունենալ Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի հարգված ուսուցչուհիներից մեկի՝ Ամալյա Շիրոյանի հետ: Կոկիկ և քնքուշ, նրբանկատ և սիրալիր. ահա այդպիսին եմ հիշում ընկեր Շիրոյանին: Նրա հետ ունեցա հաճելի առանձնազրույց, որը նաև հոգեբանության յուրօրինակ դաս լիներ ասես.
  -Ընկեր Շիրոյան, նախ շնորհավորելով Ձեզ կանանց միամսյակի կապակցությամբ՝ կցանկանայի լսել Ձեր կարծիքն այս տոնի վերաբերյալ: 
  -Սա գարնան առաջին տոնն է՝ մայրության, գեղեցկության տոնը: Նախ բնությունն ինքն է շնորհավորում գեղեցիկ այս տոնը՝ զարթոնքի ու արարման իր հրաշալի ծեսով, որն ասես փոխանցվում է բոլորին, խառնվում նրանց ժպիտներին, ճառագում աչքերի մեջ: Բազմաթիվ տարիներ աշխատելով երեխաների հետ՝ չեմ կարող ցանկացած տոն չկապել նրանց հետ: Ինձ համար իմ երեխաները նման են ձյունաթաթախ ու ձյունահոտ ծաղկի՝ մանուշակի: Չէ որ նա էլ աշխարհ է մտնում գարնան հրճվանքով ու հույսով: Ես ցանկանում եմ, որ այսօր էլ այդ հույսը հավատով օծվի, կյանքի առաքելությունը ոսկեբերք լինի, ու նրանց մանկական զուլալ աշխարհը լցվի կյանքի հրճվանքով: 
  Այո՛, այս տոնը կնոջ տոնն է: Իսկ կինը սեր է, ջերմություն, գեղեցկություն: Կյանքի իր ճանապարհը կինն անցնում է…սիրելով: Չնայած այդ ճանապարհը նրան բերում է և՛ անպարագիծ երջանկություն, և՛ հորիզոններ հաղթահարելու ամենազորություն, և՛ տառապանք, ճիչ, ընդվզում` աշխարհի, մարդու, ինքն իր դեմ: Տառապանքի ու երջանկության մշտնջենական այդ հակամարտությունում հաղթում է կինը: Բյուրեղանում է, բարձրանում՝ ձգտելով լինե՛լ, կայանա՛լ:
-Արցախցին անցել է դժվար և դաժան ճանապարհ: Ի՞նչը մեզ հայ պահեց և ինչի՞ հասանք:
-Այն դժնդակ օրերին, երբ մարդիկ միաբռունցք ոտքի էին կանգնել, երբ չկար իմի ու քոնի գաղափար, ամեն ինչից վեր կանգնած էր մարդկային մի համերաշխություն, մտքերի ու հույզերի զարմանալի մի ընդհանրություն:
Ճակատագիրը դաժանորեն գետնով տվեց իմ ժողովրդին. երկրաշարժ, պատերազմ: Այնուամենայնիվ հայը կանգնեց ճակատագրին դեմ-հանդիման՝ հաղթելու հաստատակամությամբ:
Կործանվում է նա, ով կորցնում է երազի ճամփան: Մեր մասին ասում են, որ մենք երազող ժողովուրդ ենք: Փա՜ռք աստծո, որ դա համապատասխանում է իրականությանը: Այսօր, մենք պարտա-վոր ենք մտածել մեր երկրի ապագայի, այն շենացնելու մասին: Իսկ մեզ՝ ուսուցիչներիս վերապահված է ամենակարևորը. ճիշտ դաստիարակել մատաղ սերնդին, երեխային անկաշկանդ ու ինքնաբուխ խոսել և գրել սովորեցնել, նրանց մեջ բարձրացնել սերը գիտելիքի հանդեպ: Մենք պետք է կարողանանք երեխաների մեջ սեր սերմանենք՝ աշխարհի ու մարդու նկատմամբ:
  -Ձեր ակնհայտ նրբանկատությունը, կյանքի փորձն ու հոգատարությունը դիմացինի հանդեպ՝ հայտնի է շատերին, միաժամանակ Ձեզ հատուկ են ճշմարտախոսությունն ու տեղին քննադատությունը: Ի՞նչ կասեիք սկսնակ ուսուցիչների մասին:
  -Ինքնին հասկանալի է, որ ապագան երիտասարդներինն է և, իմ կարծիքով, այսօր այն ապահով ձեռքերում է: Մեծագույն բերկրանք եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի ոգևորությամբ են սկըս-նակ ուսուցիչները մղվում աշխատանքի: Նրանք անընդհատ խորհրդակցում են փորձառու ուսուցիչների հետ՝ լսում նրանց խորհուրդները և հաշվի առնում: Նրանցից յուրաքանչյուրը ցանկության, հաստատակամության, ստեղծագործական ավյուն ունենալու դեպքում կարող է դառնալ ինքնուրույն, անկրկնելի մասնագետ և անձնավորություն:
-Դուք հայոց լեզվի և գրականության հիանալի մասնագետ եք, ինչո՞ւ հենց այդ առարկան եք նախընտրել:
  -Գրականությունը և՛ գիտություն է, և՛ արվեստ: Այդ առանձնահատկությամբ է պայմանավորված գրականության ուսուցչի մասնագիտությունը: Գրականությունը մարդասիրություն է, իսկ գրականության ուսուցիչը մտքի ու սրտի տեր մարդ է, որովհետև նա հստակ պետք է պատկերացնի մարդուն: Գրական ստեղծագործության օրինակները զուգորդվում են իրական կյանքի հետ՝ գրականության դասերը դարձնելով կյանքի դասեր:
  - Կանանց միամսյակի կապակցությամբ ի՞նչ կմաղթեիք կանանց:
  - Այս հիասքանչ տոնի առթիվ ցանկանում եմ բոլոր կանանց խաղաղություն: Թող այլևս ոչ մի մայր չարտասվի ու անձնական երջանկությունն ուղեկցի բոլորին: Կանայք լինեն մշտապես գնահատված, սիրելի ու քնքուշ: Հիրավի, կինն արժանի է ամենամեծ ուշադրության ու արժևորման: 
  Արդարև, արժանապատվությունը ձեռքբերովի չի լինում: Այն մարդուն տրվում է ի վերուստ և փա՜ռք ու պատիվ այն մարդուն, ով ամբողջ կյանքում ապրում է հավատարիմ իր էությանը՝ բարձր պահելով արժանապատվությունը: 
Ինչ խոսք, ընկեր Շիրոյանն այն երջանիկ մարդկանցից, ով իր անարատ իսկությամբ ու մարդկային արժանիք-ներով վաստակել է հասարակության հարգանքն ու բարյացակամ վերաբերմունքը: 
  Հանձին ընկեր Շիրոյանի շնորհավորում ենք բոլոր կանանց գեղեցիկ այս տոնի առթիվ: Թող այնպես լինի, որ կինը պաշտպանված լինի, արժանավայել կյանքով ապրի՝ նվիրվելով այն առաքելություններին, որ ի սկզբանե ունի կին արարածը: Ամենագլխավորը մարդու համար ներդաշնակությունն է: Մաղթենք, որպեսզի կանայք ապրեն ներքին խաղաղությամբ ու ներդաշնակությամբ պարուրված:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter