ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
08.04.2013 13:03

  Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում ուսուցիչների և աշակերտների փոխհամագործակցությամբ պարբերաբար են կազմակերպվում միջոցառումներ: Այս անգամ առիթը պարտավորեցնող էր և կարելի էր նաև հայրենասիրության դաս անվանել։ Այն նվիրված էր Հայզաստանի և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձին, որին մասնակցում էին ավագ դպրոցի աշակերտները, դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները: Այն կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը:
  Բացման խոսքով հանդես եկավ կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը: Նա կարևորելով օրվա միջոցառումը՝ նշեց, որ գուցե նախախնամության խորհուրդն էր կամ առեղծվածային մի տիրական ուժ, որ օրհասական այդ պահին ծնունդ տվեց հերոս ազգի մի զավակ, ով առաջնորդեց մի ողջ

ժողովրդի, ով անցյալի դյուցազնաշունչ գաղափարների կրողը եղավ և սերմնացանի պես ցրեց դրանք իր մարտիկների ոգիներում:  
  Սպարապետի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Բախշիյանը: Նա այնպիսի՜ մեծ ոգևորությամբ, այնպիսի՜ հպարտությամբ էր հրամցնում հերոս հայորդու կենսագրությունը, որ դահլիճում տիրող հայրենասիրական ոգին ավելի էր ահագնանում: Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: 1979-83թթ. նա դասավանդել է հարազատ գյուղի դպրոցում: 1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը: Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող: 1985թ. նա դարձել է ՀՀ գրողների միության անդամ: 1987-90թթ. աշխատակցել է §Գարուն¦ ամսագրին որպես հրապարակախոսական բաժնի վարիչ: 1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նա հսկայական ավանդ է ներդրել ռազմական հաջողությունների ձեռքբերման, հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերն ազգային բանակի ստեղծման գործում: 1991-92թթ. նա նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ 1992-93թթ. ՀՀ նախագահի պաշտպանության հարցերի գծով խորհրդական: 1999թ. նշանակվել ՀՀ վարչապետ: Պետությունն ու ժողովուրդը բարձր են գնահատել Վ. Սարգսյանի ծառայությունները Հայրենիքի հանդեպ: Նա հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչմանը և պարգևատրվել է §Հայրենիք¦ շքանշանով: Թեպետ, ապրել է ընդամենը 40 տարի, սակայն իր մեջ մարմնավորել է մի ողջ դարաշրջան: 
  Վազգեն Սարգսյանն ուներ հերոսին հատուկ բոլոր կարևորագույն հատկանիշները. անմնացորդ նվիրվածություն հայրենիքի ու հարազատ ժողովրդի հանդեպ՝ արագ կողմնորոշվելու, ճիշտ որոշում կայացնելու վճռականությամբ: 
  Այնուհետև 9-րդ դասարանցիները հանդես եկան ասմունքով, երգեցին հայրենասիրական երգեր, ներկաներին հիացրին զինվորական խրոխտ պարով: Աշակերտները հուզմունքով և հպարտությամբ էին արտասանում սպարապետին նվիրված բանաստեղծությունները: Նրանք հասկանում էին, որ Վազգեն Սարգսյանն իր ետևից թողեց մի ուղեծիր, որով դեռ շատ սերունդներ են անցնելու: Սրտում կրելով վաղվա Հայաստանի տեսլականը՝ նա իր ստեղծագործ ոգուն ներհյուսեց իր ողջ կյանքն ու հոգին, հայացքը հառած մասյաց լուսեղ գագաթներին, քաջ հայորդին կերտեց մի ամբողջ ազգի կենսագրություն, իր հոգու թաքուն ծալքերում բոցավառելով Հայաստանը միասնական և զորեղ տեսնելու հավատը: Հավատ, որը փոթորկվելով վերաճեց նպատակի, որքան հույզեր և ապրումներ էին ալեկոծվում հայոց բոցաշունչ զավակի կրծքում, երբ խոսքը վերաբերում էր Ղարաբաղյան խնդրին, նա կարծես հուրհրում էր, աչքերում երևում էր ազատամարտի ոգին՝ մարտատենչ և պատկառազդու:
  Աշակերտները ներկայացրին նաև սպարապետի մոր և հարազատ եղբորորդու հուշերը, ովքեր չհաշտվելով Վազգենի մահվան հետ՝ շարունակում են ապրել մշտապես պատմելով հարազատի մասին: Նա ոչ միայն որդի էր, այլև հավատարիմ ընկեր, կյանքի իմաստ: Արտասովոր մարդ էր, որի մեջ ներառված էին բարություն, ազնվություն, պարզություն, ինքնամոռացում: Շատ էր սիրում երեխաներին, որոնց հետ ասես ինքն էլ երեխա էր դառնում: Այդ է պատճառը, որ Հայաստանով մեկ բավականին սանիկներ ուներ:
  Վազգեն Սարգսյանի իմաստուն մտքերն ավելի մեծ հայրենասիրական լիցքեր հաղորդեցին միջոցառման մասնակիցներին: Ներկաները, կարծես, վերապրեցին հայի ճակատագրական անցյալը, բարձր գնահատեցին սպարապետի և նրա նման հերոսների մեծ ավանդը: Բոլորի մոտ ևս մեկ անգամ ամրապնդվեց հավատը պայծառ ապագայի հանդեպ և իմաստավորվեց Վազգեն Սարգսյանի փայլուն միտքը. §Սովը, աղքատությունն անցողիկ բաներ են, մնայունն անկախությունն է: Այլ հարց է, որ ժողովուրդը պիտի տեսնի իր զոհողությունների արժեքը, նա պիտի տեսնի թունելի վերջում շողարձակվող լույսը: Ձայնս տաք տեղից չի գալիս, պարզապես ես հավատում եմ Հայաստանի ապագային: Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն¦: 
  Ինչ խոսք, օրվա խորհուրդն իմաստավորված էր: Օրինակելի է միջոցառման կազմակերպիչ Լուսինե Խաչատրյանի կազմակերպչական ձիրքը, նման հայրենասիրական մեծ ոգի աշակերտներին փոխանցելու համար: Համոզված ենք, որ նման պատասխանատու և նվիրված ուսուցիչների շնորհիվ կդաստիարակվի մեր ազգին հարիր երիտասարդ սերունդ, կձևավորվեն երկրի համար լիարժեք քաղաքացիներ և կշարունակեն հերոս հայորդիների սուրբ գործը՝ մեր երկիրը տանելով դեպի լուսավոր ապագա:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter