Մարինե Հակոբյան, Վերին Սզնեքի համայնքի ղեկավար
08.04.2013 14:33

  -Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:
-Իմ կարծիքով արցախցի կինը, բացի կնոջը բնորոշ կանացիությունից, նրբագեղությունից, քնքշությունից, պետք է լինի նաև խիզախ, համբերատար և ուժեղ, քանի որ Արցախ աշխարհում բնավորության այս գծերն անհրաժեշտ են:
-Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը:
  -1992 թ. գարնան այս օրերն էին: Շուշիի մատույցներում դիրքապահ մեր տղաները, թշնամու գնդակից խուսափելու համար հերթափոխն իրականացնում էին գիշերը: Հիշում եմ, որ ամուսինս գիշերով մտել էր շոշեցի մի անծանոթ մարդու բանջարանոց ու մի փունջ կակաչ քաղել: Երբ մտավ տուն, շորերից ծխի ու վառոդի խիստ հոտ էր գալիս և հանկարծ այդ ամենի միջից՝ ծաղիկներ… Տեսնելով այդ չքնաղ ծաղիկները՝ գորշ իրականությունը սկսեց նոր գույներ ստանալ և հավատացի

վաղվա օրվան: Մինչ այսօր ստացած ոչ մի ծաղկեփունջ ինձ համար այդ բուրմունքն ու տեսքը չունեցան:
-Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ այս անգամ:
-Ինչպես և ցանկացած մայր, կցանկանայի որպես նվեր ստանալ իմ երեխաների հաջողությունները, առողջությունը և նրանց աչքերի լույսի փայլը:
-Ձեր ընտանիքում Մարտի 8-ը տարբերվո՞ւմ է մնացած օրերից:
-Իմ ընտանիքում կանանց միամսյակ հասկացությունը, որպես այդպիսին չկա, քանի-որ ես և իմ երեք աղջիկները մշտապես շրջապատված ենք առանձնակի ուշադրությամբ:
-Կանացի մնալու Ձեր գաղտնիքը:
  -Ձգտում եմ միշտ մնալ հրապուրիչ, բարեհամբյուր, պահպանել դրական էմոցիաներս, հասկանալ ժամանակը և քայլել այդ ժամանակին համընթաց:
-Ո՞րն է հայ տղամարդու իդեալական կերպարը:
-Տղամարդը պետք է լինի առնական, ազնիվ և զգացմունքներով ու լավ վերաբերմունքով պարուրված: Լինի ընտանիքի նկատմամբ բարձր պատասխանատվությամբ օժտված, բարի և կիրթ:
-Դժվար չէ համատեղել պետական աշխատանքը և մնալ օրինակելի տանտիկին:
-Անպատճառ, 21-րդ դարի ցանկացած կին պետք է բավականին հաջողակ լինի թե՛ աշխատանքում, թե՛ տանը: Չնայած, շատ դեպքերում այդ երկուսը հաճախ հակասում են միմյանց: Գտնում եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է աշխատանքը համատեղել և լինել օրինակելի տանտիկին:
  -Ձեր բարեմաղթանքները հայ կանանց:
  -Անկախ մեր ժամանակների դաժանություններից և դժվարություններից, հայ կանանց մաղթում եմ երջանկություն, խոհեմություն, ֆինանսական կայունություն և հաջողություններ ընտանիքներում: 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter