Նունե Կարապետյան, Ասկերանի Գ. Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն
08.04.2013 15:37

  -Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:
-Կինը պետք լինի խելացի, սիրված, հոգատար, ուժեղ՝ միաժամանակ պահպանելով կանացիությունը: Նրա դերակատարությունը մեծ նշանակություն ունի շրջապատի համար և իրեն պետք է պահի այնպես, որ իր պահվածքը լինի ինքնաբուխ, ներքին ձայնի կանչով՝ այլ ոչ թե արհեստական:
-Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը:
  -Հիշում եմ, երբ որդիս ծառայում էր ԼՂՀ ՊԲ շարքերում, մարտի 8-ի առավոտյան մի զինվոր եկավ մեր տուն: Նրա անակնկալ այցելությունն սկզբից վախեցրեց, հետո արդեն ուրախություն պարգևեց: Պարզվեց, որ տղաս նրա միջոցով նվեր էր ուղարկել ինձ: Անչափ մեծ զարմանք և հիացմունք ապրեցի, երբ տեսա կտավի վրա իր ձեռքերով նկարած մեր ընտանեկան նկարը, որի միջոցով նա արտահայտել էր և՛ իր կարոտը, և՛ մեծագույն սերը: Ես հասկացա, որ որդուս տվել եմ ճիշտ դաստիարակություն, նա գիտի ընտանիքի դերն ու նշանակությունն այս կյանքում և հետագայում կդառնա ընտանիքին նվիրված մարդ: Միթե կա դրանից ավելի հիշարժան և նշանակալից օր մոր համար:
-Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ։
  -Միշտ էլ նախընտրել եմ ստանալ ծաղիկներ, որոնք իրենց գեղեցկությամբ զարդարում են մեր շրջապատը, բուրմունք են տարածում, բարձրացնում են կնոջ տրամադրությունը և ամեն ինչ թվում է հեքիաթային և կախարդական: Ծաղիկներով շրջապատված կինն ինքն էլ է իրեն ծաղիկ զգում:
-Ձեր ընտանիքում Մարտի 8-ը տարբերվո՞ւմ է մնացած օրերից:
  -Իհարկե, մեր ընտանիքում տարիներ շարունակ այդ օրն առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում: Երբ ողջ էր իմ կեսրայրը՝ Հենրի Գաբրիելյանը, նա մշտապես տոնական ընթրիք էր կազմակերպում և կանանց ու աղջիկներին ուրախացնում նվերներով և ծաղիկներով: Ընտանիքում տիրում էր ուրախ և անմիջական մթնոլորտ: Ավա՜ղ, այսօր նա չկա, սակայն լավագույն այդ ավանդույթը շարունակվում է: Այո՛, տղամարդիկ պարտավոր են կնոջը շրջապատել ուշադրությամբ ու շոյիչ վերաբերմունքով: 
-Կանացի մնալու Ձեր գաղտնիքը:
-Աշխատում եմ միշտ հետևել իմ արտաքինին և իմ ճիշտ ապրելակերպին: Եթե գեղեցիկ ես ու խնամված, ապա դրանով դու հարգում ես և՛ ինքդ քեզ, և՛ դիմացինիդ:
-Ո՞րն է հայ տղամարդու իդեալական կերպարը:
-Տղամարդը պետք է ունենա կամքի մեծ ուժ, հաստատակամություն, ողջամտություն, վայելի հասարակության և ընտանիքի հարգանքը: Հարկ է նշել, որ տղամարդու կողքին պետք է անպատճառ կանգնած լինի նվիրված և հոգատար կին: Այդ դեպքում ավելի կընդգծվեն տղամարդու արժանիքները:
-Դժվա՞ր չէ համատեղել պետական աշխատանքը և մնալ օրինակելի տանտիկին:
-Իհարկե, լինում են նաև դժվար պահեր, երբ աշխատանքով ծանրաբեռնված, ասես ժամանակը չի հերիքում, սակայն հավաքում ես կամքդ, եռանդդ և նվիրվում ընտանիքիդ: Երբ շուրջդ տեսնում ես երջանիկ և ապահով դեմքեր, դրանից ավելի ես երջանկանում ու գիտակցում, որ կարող ես արդարացնել քեզ որպես կին և մայր:
  -Ձեր բարեմաղթանքները հայ կանանց:
  -Հայ կանանց մաղթում եմ համբերություն, միայն այդ դեպքում կարելի է հասնել հաջողությունների, երջանկության: Թո՛ղ, ծիծաղն անպակաս լինի նրանց դեմքերից, լինեն բուրումնավետ ծաղիկների նման հաճելի ու ցանկալի, շրջապատված մտերիմների սիրով և ուշադրությամբ:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter