Ռոզանա Դանելյան, Ասկերանի տարածքային պետական նոտար
08.04.2013 15:47

  - Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։
- Կինը տանը պետք է սիրող մայր ու հավատարիմ տանտիրուհի լինի, աշխատանքում էլ՝ բանիմաց ու գործունյա։ Իսկ ընդհանրապես ես կնոջ մեջ կարևորում եմ համեստությունը։
- Հիշարժան դրվագ Ձեր կյանքից։
  - Աշխատանքային ամեն մի օրս մի յուրօրինակ հետաքրքիր դրվագ կարելի է համարել։ Գործի բերումով շփվում եմ ամենատարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ Հաճախ այնպես է պատահում, որ ասածս ոչ ճիշտ է ընկալվում կամ սխալ է մեկնաբանվում։ Ու ահա քեզ պատրաստի հետաքրքիր դրվագ։
- Ձեր ընտանիքում Կանանց միամսյակը տարբերվո՞ւմ է մնացած օրերից, և ինչպե՞ս։
- Ես, ընդհանրապես, գարնան սիրահար եմ։ Իսկ կանանց միասյակն էլ ավելի շքեղ է դարձնում տարվա այս եղանակը։ Այդ օրերին սիրում ենք հյուրեր ընդունել, ինչպես նաև ինքներս ենք հյուր գնում։ Բնավորությամբ լինելով շատ մարդամոտ, ես բավականին մեծ ընկերական շրջապատ ունեմ, ուստիև հազիվ ենք հասցնում յուրաքանչյուրի տանը լինել։
- Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ։
- Ինչպես ասում են՝ նվերը մեծ ու փոքր, թանկ ու էժան չի լինում, կարևորը ուշադրության արժանանալն է։ Համոզված եմ, որ ինչպես ես, այնպես էլ բոլոր կանայք սիրում եմ ծաղիկներ ստանալ, քանզի ծաղիկներն ավելի են ընդգծում կնոջ գեղեցկությունն ու հմայքը։
- Ո՞րն է հայ տղամարդու Ձեր իդեալական կերպարը։
- Հայ տղամարդու մեջ ես կարևորում եմ առնականությունը, ով իր ընտանիքի բարեկեցության համար պատրաստ է անգամ սարեր շուռ տալ։ Միաժամանակ նա ազգին նվիրված մեծ հայրենասերն է և նրա ընտանիքը հենց հայրենիքն է։
- Կանացի մնալու Ձեր գաղտնիքը։
- Իմ կարծիքով յուրաքանչյուր կին կանացի է յուրովի։ Պայման չէ, որ պետք է տիրապետել որևէ գաղտնիքի կանացի լինելու համար։ Մշտապես կոկիկ լինելը, արտաքինին հետևելը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խնդիրը պետք է լինի։
- Ձեր բարեմաղթանքներն ու խորհուրդները հայ կանանց։
- Ի սրտե շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին միամսյակի կապակցությամբ և ցանկանում խաղաղություն, հաջողություն, առողջություն, ծով երջանկություն։ Որպես խորհուրդ այս կասեմ՝ սիրեք և եղեք սիրված, քանզի սերն է բազում գաղտնիքների բանալին։

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter