Բնության զարթոնքի և գարնանային հիասքանչ տոների առթիվ Ասկերանի մանկական երաժշտական դպրոցն իր հավատարիմ հանդիսատեսին մատու-ցեց հերթական գեղեցիկ ու առանձնահատուկ համերգը: Միջոցառումը նվիրված էր կանանց, մայրերին, որոնց գորովանքն ու քնքշությունն անեզր է: Հայ կանանց նուրբ ուսերին է ընկած օջախի կրակն ամուր պահելու պատվաբեր գործը, սիգաճեմ աղջիկներին է վստահված ազգի պատիվը բարձր պահելու գործը: Հայոց մայրերի հոգու ջերմությունն ու հոգատար վերաբերմունքն ուղեկցում է բոլորիս և լույսի շողեր արձակում, նրանց շնորհիվ է, որ ամենաթանկ բառերն անվանվեցին՝
մայրենի լեզու և մայր հայրենիք: Միջոցառմանը մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչներ, ծնողներ, ուսուցիչներ: Դպրոցի սաները ներկայացրին սիրատոչոր երգեր, նվագեցին դաշնամուրի, դհոլի, քանոնի, դուդուկի, կլառնետի վրա: Ջութակահարի սրտաճմլիկ և նուրբ կատարումը հիացրեց ներկաներին: Երեխաների հանդեսն այնքա՜ն հաճելի էր, այնքա՜ն սրտառուչ, որ ներկաները լիովին ուրախ և ջերմ զգացմունքներով էին պարուրվել: Սաների կատարումներն օրըստօրե ավելի էին կատարելագործվում և, թերևս, ակնհայտ են դասատուների պատասխանատու և նվիրված աշխատանքները: Հանդեսից հետո դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը շնորհակալություն հայտնելով շրջվարչակազմի ղեկավարությանը դպրոցի միջոցառումներին մշտապես մասնակցելու և ցանկացած հարցում աջակցելու համար, միաժամանակ նշեց. - Մեր նպատակն է երեխաների մոտ սերմանել սերը դեպի երաժշտությունը, գեղեցիկը, հայկական մշակույթը: Հպարտությամբ եմ նկատում, որ դասատուների աշխատանքներն իզուր չեն անցնում: Մեր սաները կարողանում են մասնակցել նաև հանրապետական տարբեր մրցույթների, փառատոնների և բարձր պահել շրջանի պատիվը: Այսօր, մեր նոր օջախում, առաջին անգամ ենք միջոցառում կազմակերպում և նման հանդեսները շարունակական կլինեն: Վերջում, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը երախտագիտություն հայտնեց դպրոցի ողջ անձնակազմին գարնանային այս հաճելի օրը նման միջոցառում կազմակերպելու համար՝ հույս հայտնելով, որ սաները հետագայում ավելի կկատարելագործվեն և, ինչու չէ, մեծ բեմերում նաև հանդես կգան իրենց մենահամերգներով: Սամվել Հայրիյանը շնորհավորեց բոլոր կանանց միամսյա տոնի առթիվ՝ մաղթելով հարատև երջանկություն, միշտ մնալ հաճելի, կանացի և գարնանային ծաղիկների նման գեղեցիկ ու բուրումնավետ: Տոնի առթիվ շրջվարչակազմի անունից նա հուշանվեր հանձնեց դպրոցի աշխատակազմին: Իհարկե, միջոցառումը հաճելի էր ու խոստումնալից: Ականատես լինել երեխաների անբռնազբոս կատարումներին, լսել նրբատաշ երաժշտություն և հիմնովին զգալ այն՝ քո ամեն մի զգայարանով. ահա այն, ինչ մատուցեց մեզ օրվա միջոցառումը: Ավելի համոզվեցինք, որ երաժշտությունը, թերևս, մարդու հոգին ամոքող այն միակ ուժն է, որն օգնում և աներևակայելի ուժ է տալիս: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |