ՇՐՋԱՆՈՒՄ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
08.04.2013 17:31

   Արցախի Հանրապետության իշխանությունների վարած ճիշտ քաղաքականության ու նպատակային ծրագրերի իրագործման արդյունքում տարեց-տարի զարգանում է գյուղատնտեսության ճյուղերից մեկը՝ անասնապահությունը։ Սակայն վերջերս հանրապետությունում գրանցված աֆրիկյան ժանտախտի վարակը մեծապես ազդեց խոզաբուծության անկման վրա։ Խոզերի աֆրիկյան ժանտախտը սուր ընթացքով վիրուսային հիվանդություն է, որի նկատմամբ ընկալունակ են ընտանի եւ վայրի խոզերը: Վարակը կարող է տարածվել հիվանդ խոզերի հետ շփման և ախտահարված արտաքին միջավայրի միջոցով (կեր, ջուր, ցամքար, գոմաղբ, մարդ, հագուստ, կենդանիների խնամքի և պահվածքի պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտ), վարակված կենդանիների սպանդի և սպանդային մթերքի իրացման, 

վերամշակման հետևանքով: Հիվանդ խոզերի մոտ վարակն արտահայտվում է տենդով` մարմնի բարձր ջերմությամբ, ախորժակի կտրուկ անկումով կամ կերից լրիվ հրաժարումով, սրտի աշխատանքի և շնչառության արագացմամբ, տեսանելի լորձաթաղանթների և մաշկի կապտությամբ, վերջույթների կապտությամբ, թուլությամբ կամ անշարժությամբ:
Թե ինչպիսին է վիճակը մեր շրջանում և ինչ միջոցներ են ձեռնարկվում վարակը չտարածվելու համար, դիմեցինք §Ասկերանի անասնաբուժական կայան¦ ՊՈԱԿ տնօրեն Արտուր Ենգիբարյանին։

 

- Պարոն Ենգիբարյան, ապահովված ենք արդյոք աֆրիկյան ժանտախտի վարակից։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ ուղղությամբ և ինչպիսի՞ն է վիճակը շրջանում։
  - Այս հիվանդությունը մեզ մոտ առաջին անգամ գրանցվել է 2007 թվականին, մինչ այդ նման վարակ հարավային Կովկասում ընդհանրապես չի եղել, այն տարածված է հիմնական Աֆրիկյան պետություններում։ Իսկ հարավային Կովկասի պետություններից առաջինը գրանցվել է Վրաստանում, որտեղից էլ վարակը տարածվել ¿ նախ Հայաստանի Հանրապետությունում, ապա և մեր հանրապետությունում։ Ի տարբերություն 2007 թվականի՝ 2013 թվականին, արդեն ծանոթ լինելով հիվանդությանը կարողացել ենք մեծապես պաշտպանվել և բնակչության հետ բացատրական աշխատանքներ տանելով զերծ մնալ աֆրիկյան ժանտախտի մասսայական վարակների բռնկումներից։ Վարակի աղբյուրներ են գրանցվել շրջանի 9 համայնքներում՝ Ասկերան, Շոշ, Քռասնի, Պատարա, Խանցք, Ակնայի տարածք, Խնապատ, Խրամորթ, Խնածախ։ Վարակի պատճառով խոզերի կորուստը կազմել է 281 գլուխ, որից 190-ը ոչնչացվել է անարյուն եղանակով։ Աֆրիկյան ժանտախտով վարակված, բայց չսատկած խոզերը ոչնչացվել են ու թաղվել: Գրանցվել է հիվանդության 13 օջախ, որտեղ կատարվել է ախտահանում և բացատրական աշխատանքներ են տարվել գյուղացիների հետ: Վարակի աղբյուր կարող է հանդիսանալ կերը, սանիտարական կանոններին չհետևելը։ Իսկ օդակաթիլային եղանակով վիրուսը երկու մետրից ավելի չի փոխանցվում։ 
- Որքանո՞վ է այն վտանգավոր մարդու համար։ Կարո՞ղ է վարակը փոխանցվել մարդուն խոզի միսն ուտելով։
  - Մարդն այս հիվանդությամբ չի հիվանդանում: Հիվանդության հարուցիչն արտաքին միջավայրում բավական կայուն է, ակտիվությունը հատկապես երկարատև է սառը պայմաններում և չորացված վիճակում: Մեր կայանի բժիշկները հետևում են, որպեսզի հիվանդ միսը վաճառքի չհանվի։ Այսինքն այն օջախներում, որտեղ գրանցվել է վարակի դեպք անասնաբույժի և համայնքի ղեկավարի կողմից տեղեկանք չի տրամադրվում՝ միսը վաճառքի հանելու համար։ Այս գործընթացը պարտադիր է նաև այն անասունների համար, որոնք վարակված չեն, սակայն գտնվում են ռիսկային գոտում։ Տարածքը կարանտինային գոտի է հայտարարվում։ Տեղեկանքը տրվում է միայն վարակի գրանցումից 40 օր անց, երբ այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Այս ամենը վերահսկվում է ոստիկանության, փրկարար ծառայության հետ փոխհամագործակցությամբ։ Ավելանցնեմ, որ առանց անասնաբույժի տեղեկանքի ոչ մի մսավաճառային կետ միս չի ընդունում։ Չզգալ, որ միսը հիվանդ անասունի միս է անհնարին է, քանի որ նրանից շատ տհաճ հոտ է գալիս, սակայն այն չի կարող վարակի աղբյուր հանդիսանալ։ Իսկ ահա ոսկորները կարող են վարակի հարուցիչներ դառնալ։ Եթե, այնուամենայնիվ, հիվանդ միսն օգտագործվել է, անհրաժեշտ է ոսկորները թաղել կամ վառել։ Օգտագործողներին կոչ ենք անում աչալուրջ լինել, կասկածելի միս չգնել։ Իսկ եթե մսավաճառային կետերից բացի այլ տեղերում նկատում են մսի վաճառք՝ տեղյակ պահեն մեզ, որպեսզի կարողանանք համապատասխան միջոցներ ձեռնարկել։
- Պարոն Ենգիբարյան, ձեր ծառայությունը նեղ մասնագիտական է և մեծապես պատասխանատու։ Ապահովված եք արդյոք բանիմաց և որակյալ կադրերով։
  - Մեր ծառայությունում միշտ էլ աշխատել են բանիմաց և որակյալ մասնագետներ, ովքեր երկար տարիներ այս բնագավառում աշխատելու ընթացքում մեծ փորձ ու հմտություն են ձեռք բերել։ Նրանց նվիրված աշխատանքի արդյունքում շրջանում պարբերաբար կատարվում են տարբեր պատվաստումներ, չհաշված կարանտինային ժամանակահատվածները։
- Ի՞նչ աջակցություն եք ստանում պետությունից։ Կարողանո՞ւմ եք ժամանակին կատարել անհրաժեշտ պատվաստումները։
- Աֆրիկյան ժանտախտի վարակի դեմ պայքարելու համար կառավարությունից ստացել ենք դեղամիջոցներ, որոնցով ախտահանվել են վարակի օջախները՝ հինգ օրը մեկ, երեք անգամ։ Այդ դեղամիջոցները տրամադրվել են նաև անասնատերերին՝ հիվանդության նոր օջախների բռնկումը կանխելու նպատակով։ Իսկ պատվաստումների համար դեղամիջոցները պետպատվերի շրջանակներում ստանում ենք պարբերաբար։
- Խոսենք ծառայության գործունեության շրջանակներից և համայնքների հետ համագործակցությունից։
-Ծառայության նպատակն է վերահսկողություն սահմանել կաթնամթերքի, մսամթերքի վրա, ինչպես նաև շրջանի անասունների պատվաստումները ժամանակին կատարելու, վարակի աղբյուրները վնասազերծելու եւ այլն։ Իհարկե այս աշխատանքների բարձր մակարդակն ապահովելու համար մենք համագործակցում ենք շրջանի համայնքների ղեկավարների հետ, ինչի արդյունքում հասնում ենք ցանկալի արդյունքների։
- Այդուհանդերձ, ինչպիսի՞ն է անասնապահության զարգացման հեռանկարը շրջանում։
  - Անասնապահության զարգացումը գտնվում է կառավարության մշտական հոգածության կենտրոնում։ Այդ են վկայում ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից տրամադրվող արտոնյալ վարկերը, որոնք մեծապես նպաստում են անասնապահության զարգացմանը։ 
- Ո՞րն է ձեր խորհուրդը վարակներից զերծ մնալու համար։
  - Աֆրիկյան ժանտախտն այն հիվանդություններից է, որի դեմ բուժում չկա։ Եթե խոզերն ազատ են արձակված՝ վարակվելու ռիսկերը մեծանում են, ուստի անասուններին պետք է պահել մեկուսացíած պայմաններում։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ կառավարության հատուկ որոշմամբ այսուհետ խոզերը պետք է փակ պայմաններում պահել։ Այս որոշումը կայացրվել է ոչ միայն կարանտինային ժամանակահատվածի համար այլ ընդհանրապես՝ այսուհետ խոզերը հարկ է պահել միայն փակ պայմաններում, ինչը մեր կողմից խիստ վերահսկվելու է։
- Պարոն Ենգիբարյան, քանի որ հարցազրույցը տեղի է ունենում կանանց միամսյակում, Ձեր սրտի խոսքը կուզենայինք լսել ուղղված կանանց։
  - Կինը հենց գարունն է և պատահական չէ, որ կանանց տոնը նշվում է գարնանը։ Կինը տղամարդու կյանքում անհրաժեշտություն է, առանց որի կյանքը տխուր ու անիմաստ կլիներ։ Նրանցով է իմաստավորվում կյանքը։ Շնորհավորելով բոլոր հայ կանանց այս հրաշալի տոնի կապակցությամբ, մաղթում եմ նրանց առողջություն, երջանկություն և թող նրանց բոլոր հույսերն ու սպասումներն արդարացվեն։
- Շնորհակալություն։

Հարցազրույցը վարեց Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter