ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ՝ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
08.04.2013 17:54

    Մարտի 27-ին Ասկերանում կայացավ ԼՂՀ կառավարության արտագնա նիստը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության անդամներ, վարչակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ - ձեռնարկություների եւ համայնքների ղեկավարներ: Օրակարգի հարցն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի 2012թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությունն էր:
Բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Խոսքը տալով շրջվարչակազմի ղեկավարին, Նախագահն ակնկալեց, օգտագործելով առիթը իրականացնել ակտիվ և անմիջական քննարկումներ:

2012 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը ներկայացրեց վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

-Շրջանի տնտեսության կարեւորագույն ճյուղերից է գյուղատնտեսությունը, որտեղ զբաղված է բնակչության ավելի քան 60%-ը։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը շրջանում եղել եւ մնում է հացահատիկի արտադրությունը: 2012թ. հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են 13430հա: Արտադրվել է 25580տ բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 19.5ց, նախորդ տարվա 17.5ց դիմաց:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից հողի սեփականատերերին տրամադրվել է ավելի քան 118 մլն 500 հազար դրամի անտոկոս փոխառություն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դրանք մարված են 98 տոկոսով, իսկ 2008-2012թթ. տրմադրված 475 մլն դրամ փոխառություններից մարվել են 464մլն դրամ կամ 97 տոկոսը։

2012թ. շրջանի հողօգտագործողներին արտոնյալ կարգով տրամադրվել է նաև 176տ պարարտանյութ, 106տ կարտոֆիլի, 23տ եգիպտացորենի, 50տ ցորենի եւ 14տ արու սերմացու։

2012թ. շրջանում արտադրվել է 8900տ բանջարեղեն, 1550տ կարտոֆիլ, մթերվել է 1130տ խաղող, 725տ նուռ:

Հաշվետու տարում շրջանի համայնքներում եւ դրանց սահմաններից դուրս ոռոգվել է 3500 հա հողատարածք, ինչը կազմում է ոռոգվող հողատարածքների մոտ 60 տոկոսը:

Անասնապահության բնագավառում իրավիճակը դեռեւս հեռու է բավարար լինելուց: 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանում առկա է 10900 գլուխ խոշոր, 18560 գլուխ մանր եղջերավոր անասուն, 5000 գլուխ խոզ, 81500 թև թռչուն:

2012թ. շրջանում արտադրվել է 427տ միս, 6440 տոննա կաթ, 2395000 ձու:

Շրջանի անասնաբուժական ծառայության կողմից 18 հիվանդության դեմ իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ:

2012թ. տնտեսական տարում, չնայած շրջանի պոտենցիալ հնարավորություններին, գյուղատնտեսության բնագավառում արձանագրված ցուցանիշները բավարար չեն։ Շրջանի պահուստային ֆոնդի հողատարածքներում՝ Ակնա թաղամասում, վերջին 3 տարում հարկային դաշտ է բերվել եւ պետական գրանցում ստացել մոտ 2850հա վարելահող, տարվա կտրվածքով հավաքվող վարձավճարներից պետական բյուջե է մուտքագրվել մինչեւ 40 միլիոն դրամ։ Սակայն թաղամասը չունի որեւէ կարգավիճակ, լիազոր ներկայացուցիչը ապահովված չէ տրանսպորտային միջոցով կամ շենքային պայմաններով։

ԼՂՀ կառավարության կողմից գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականցման գործում կձեռնարկվեն բոլոր միջոցները, շրջանում գյուղատնտեսական արտադրության ծավալների ավելացման համար։

Խոսելով համայնքային բյուջեից շրջվարչակազմի ղեկավարը նշեց, որ 2012 թվականին շրջանի համայնքային բյուջեն սեփական եկամուտների գծով 134960000 դրամի դիմաց կատարողականը կազմել է 128677000 դրամ կամ 95.3 տոկոս, նախորդ տարվա 95.6 տոկոսի դիմաց: Համայնքային բյուջեի եկամուտների պլանը գերակատարել է 27 համայնք: Իսկ շրջանի 8 համայնք գերազանցում է սեփական եկամուտները։

2012 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի շրջանակներում պետական պատվերով կատարվել է 381 մլն դրամի շինարարական աշխատանք: Ըստ տնտեսության ճյուղերի ներդրումների ծավալը կազմում է` բնակարանային շինարարություն` 73,8 մլն դրամ, կրթություն` 140.1 մլն դրամ, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում եւ վերակառուցում 29.3 մլն դրամ, ճանապարհաշինարարություն, ավտոճանապարհների վերակառուցում, վերանորոգում եւ պահպանում` 110.8 մլն դրամ, հասարակական եւ վարչական նշանակության օբյեկտներ` 27.1 մլն դրամ:

Ս. Գրիգորյանն անդրադարձավ կրթության, սպորտի և երիտասադրության հարցերի, մշակույթի, առողջապահության, իրավապահ մարմինների, կապի, էներգամատակարարման, գազամատակարարման, կադաստրի, ՔԿԱԳ բաժնի, նոտարական գրասենյակի, արխիվային գործի, պետռեգիստրի, քաղաքացիական պաշտպանության ոլորտներում գրանցված հաջողությունների և այս բնագավառներում դրական դինամիկան պահպանելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին։

Վարչակազմի ղեկավարը նշեց նաեւ, որ 2012 թվականին շրջանում պատշաճ մակարդակով են կազմակերպվել ԼՂՀ նախագահի, համայնքների ղեկավարների եւ ավա•անու ընտրությունները:

-Վստահեցնում եմ, որ Արցախյան-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տարում կանենք հնարավոր ամեն ինչ հանուն մեր հանրապետության կայացման, հզորացման եւ Արցախի հերոսական ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, - եզրափակեց շրջվարչակազմի ղեկավարը:

Հաշվետվության ավարտից հետո իր գնահատականը տվեց երկրի նախագահը, ով առաջին հերթին կոչ արեց գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները ճիշտ և ազնիվ արտացոլել։ Առավել ևս երբ դա շատ դեպքերում ավելորդ պարտավորություն չի առաջացնում։ Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունը հիմնվում է հենց այդ տվյալների վրա, ուստի և երկրի Նախագահը հորդորեց այդ տվյալները ներկայացնել ճշգրտորեն։ Անասնապահության պարագայում նման վերաբերմունքը լուրջ խնդիրների առջև կարող է կանգնեցնել, քանի որ որևէ հիվանդության բռնկման դեպքում կանխարգելիչ միջոցները տրամադրվում են գլխաքանակի հաշվառումով։

Խոսելով բնակարանային հարցի շուրջ երկրի նախագահը նշեց, որ խնդրի մատչելի լուծումը հիփոթեքային վարկերի տրամադրման վերանայումն է ։ Միջոցներ կձեռնարկվեն նաև արտարժույթով վարկեր վերցրած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ՝ արտարժույթի տատանումներից բխած խնդիրները լուծելու հարցում։

Ի պատասխան հնչած հարցերի` երկրի ղեկավարն անդրադարձել է վերջին շրջանում բնակչության շրջանում բավական ակտիվ քննարկվող խմելու ջրի սակագնի փոփոխության հեռանկարին:

-Կփոխվի ոչ թե բնակիչներին մատակարարվող ջրի սակագինը, այլ վերաբերմունքը` ջրի խոշոր սպառողներ հանդիսացող տնտեսվարողների նկատմամբ,- պարզաբանել է Բ. Սահակյանը:

  ԼՂՀ նախագահը կիսեց նաև վարչակազմի ղեկավարի մտահոգությունը կապված շրջանի ճանապարհների ոչ բարվոք վիճակի հետ և հույս հայտնեց, որ մոտ ապագայում այդ խնդրին ևս դրական լուծում կտրվի: Խոսվեց կրթության ոլորտում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելու նպատակով դպրոցականների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին:

Ապա Բ. Սահակյանը խոսքը տվեց Ասկերանի նորընտիր քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանին, միաժամանակ նշելով, որ ասկերանցիները կատարել են ճիշտ ընտրություն, քանզի Ա. Գաբրիելյանին գիտի և հարգում է որպես բարոյական բարձր հատկանիշներով օժտված արցախցու:

Ա. Գաբրիելյանն անդրադառնալով ներկայացված հաշվետվությանը՝ նշեց, որ ակնբախ են զգալի հաջողությունները: Կարևորելով այն հանգամանքը, որ շրջվարչակազմի ղեկավարն ապրելով շրջկենտրոնին մերձակա համայնքում մշտապես տեղյակ է շրջկենտրոնի կյանքին ու ապրում է նրան մտահոգող խնդիրներով: Ներկայացրած դրական արդյունքներն անշուշտ շրջվարչակազմի ղեկավար - համայնքների - հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ սերտ փոխհամագործակցության ու փոխվստահության արդյունք է նաև: Իհարկե, այստեղ մեծ է նաև երկրի ղեկավարության աջակցությունն ու մասնակցությունը շրջանի սոցիալ-տնտեսական կյանքին: Ասկերանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահին, կառավարությանը և շրջվարչակազմի ղեկավարին Ասկերանի նորակառույց մարզադաշտում պատնեշ կառուցելու համար, որը կպաշտպանի մարզադաշտը գետի հանկարծահաս վարարումից:

-Այսօր արցախցիների խնդիրն է նաև մտածել ժողովրդի հոգևոր մշակույթի, երիտասարդ սերնդի ինտելեկտի բարձրացման մասին: Ունենալով առողջ, կիրթ սերունդ՝ կունենանք հզոր և բարգավաճ երկիր,- ասաց քաղաքապետը։

Այնուհետև, ելույթ ունեցան Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՎՃ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, որոնք իրենց խոսքում անդրադարձան իրենց ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների առկա խնդիրներին ու մտահոգություններին, ինչպես նաև ներկայացրեցին այդ բնագավառներում արձանագրված հաջողությունները:

Իրենց մտահոգող խնդիրների մասին խոսեցին Վարդաձորի, Ուղտասարի, Շոշի համայնքների ղեկավարները, Ակնա թաղամասի լիազոր ներկայացուցիչը: Ներկայացվեցին հարցեր, որոնք մասնավորապես կապված էին խմելու ջրի, վերաբնակեցման, բնակարանային հիմնախնդիրների, գյուղատնտեսական վարկերի տրամադրման հետ:

Վերջում երկրի ղեկավարը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում շրջվարչակազմի կողմից իրականացվել է բավականին ակտիվ աշխատանք: Բակո Սահակյանի խոսքով՝ միեւնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների դրական դինամիկան, որպեսզի լուծվեն շրջանում դեռևս առկա բազմաթիվ խնդիրները:


Նախագահը հանձնարարականներ տվեց շրջվարչակազմի եւ համապատասխան մարմինների ղեկավարներին` հետագայում ևս աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Սեփ. լրատվություն

 

 


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter