Սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով իրականացնել լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեություն, պայմաններ ստեղծել նրանց հետաքրքրությունների զարգացման համար, զբաղվել ստեղծագործական ունակությունների, հոգեւոր, գեղագիտական զարգացմամբ, ռազմահայրենասիրական դաստիարակությամբ. ահա այն ամենը, ինչ իրականացնում է Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Կենտրոնում գործում է 36 խմբակ` 380 երեխաների ընդգրկմամբ, մասնաճյուղեր են գործում շրջանի 11 համայնքներում: Սաների ուժերով անց են կացվում բազմաբնույթ ստուգատեսներ, մրցույթներ, փառատոններ, ցուցահանդեսներ: Կենտրոնն ակտիվ մասնակցություն է ունենում շրջանային եւ հանրապետական մրցույթ-փառատոններին: Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ասմունքի հանրապետական փառատոնում ՄՊՍԿ-ի սան Մելինե Պետրոսյանը գրավել է առաջին տեղը եւ իրավունք նվաճել մասնակցելու ՀՀ-ում կազմակերպվող համանուն փառատոնին` մեծ պատիվ բերելով Ասկերանի շրջանին:
Ասմունքի խմբակի սաներից Մ. Պետրոսյանը, Լ. Հայրապետյանը մասնակցել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված ՙՁոն Արցախին՚ խորագրով ժողովրդական ստեղծագործության մրցույթին: ՙԱրցախի բնաշխարհը եւ նրա հուշակոթողները՚ խորագրով մրցույթում առաջին տեղ են գրավել ՙՊատանի նկարիչներ՚ խմբակի սաներ Ե. Գարաքյանը եւ Գ. Առաքելյանը` արժանանալով ԼՂՀ ԿԳ նախարարության պատվոգրերի եւ դրամական պարգեւների: Հայտ է ներկայացվել մասնակցելու ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված ՙԳեղարվեստական ինքնագործունեություն՚ շրջանային մրցույթ-փառատոնին` երգի, պարարվեստի եւ թատերարվեստի ժանրերով: Ասկերանի ՄՊՍԿ-ն անմասն չի մնացել նաեւ ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված հանրապետական միջոցառումներից. մասնակցելով ՙԱրցախ` հայրենիք ի՜մ՚ թեմայով ձեռքի աշխատանքների հանրապետական ցուցահանդեսին` անցել է 2-րդ փուլ` խեցեգործության եւ կոլաժների ժանրերով: Եվ ահա ավարտական հաշվետու համերգ-ցուցահանդեսը նույնպես այդ թեմայով էր, որը կայացավ հունիսի 16-ին: Մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, տեղակալ Սլավիկ Առուշանյանը, հյուրեր, ծնողներ, աշակերտներ: Միջոցառումը սկսվեց ցուցահանդեսից: Ցուցադրելով իրենց աշխատանքը` կենտրոնի խմբակավարներն ու սաները դրանով իսկ ապացուցեցին մեկ տարվա գործունեության դրական արդյունքը: Հստակ երեւում էր, թե ինչ հմտությամբ ու սիրով էին ստեղծել այդ ցուցանմուշները: Ակներեւ էր խմբակավարների եւ սաների սերտ կապը: Ցուցադրված գործերը հիացրին եւ միաժամանակ զարմացրին ներկաներին: Չէ՞ որ այդ ամենի հեղինակները երեխաներ են` տարբեր նախասիրություններով օժտված: Ցուցահանդեսից հետո կենտրոնի սաները հանդես եկան համերգով: Ե՜վ հայրենասիրական երգերը, ե՜ւ ասմունքը, ե՜ւ ոգեշնչված երեխաների պարը դահլիճում միայն հայրենասիրական շունչ էին տարածում եւ հավաստում, որ բազում փորձություններ ապրած Արցախն այսօր ազատ ու անկախ է, կա ու միշտ կլինի: Համերգից հետո շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ս. Առուշանյանը, շնորհավորելով կենտրոնի տնօրենին, խմբակավարներին ու սաներին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար, նաեւ փաստեց, որ երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացման գործում մեծ աշխատանք է կատարվել, երեխաներն ավելի համարձակությամբ ու հաճույքով են հանդես գալիս, ինչը խմբակավարների նվիրված աշխատանքի արդյունքն է, որն էլ գնահատում ենք բոլորս: ՙՄՊՍԿ՚-ի գործունեության մեջ զգալի ավանդի, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում ունեցած ձեռքբերումների համար Մանե Հայրիյանը եւ Լիանա Գասպարյանը պարգեւատրվել են շրջվարչակազմի պատվոգրով, Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հանրապետական փառատոնում առաջին տեղը գրավելու համար ասմունքի խմբակի սան Մելինե Պետրոսյանն արժանացավ շրջվարչակազմի պատվոգրի: Հաշվետու համերգ-ցուցահանդեսը, հիրավի, գեղեցիկ էր եւ բարձր մակարդակով կազմակերպված: Տարվա ընթացքում կենտրոնի աշխատողները, անշուշտ, արել են հնարավոր ամեն ինչ` սովորողների ունակություններն էլ ավելի բացահայտելու եւ կատարելագործելու համար: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ առկա են մի շարք խնդիրներ` կապված նյութատեխնիկական սարքավորումների, շենքային պայմանների հետ: Հուսանք, որ կլուծվեն Ասկերանի ՙՄՊՍԿ՚-ի առկա հիմնախնդիրները եւ հնարավորություններ կստեղծվեն էլ ավելի ակտիվորեն զբաղվելու մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքներով: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|