Ապրիլի 12-ին Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի կողմից կազմակերպվեց §Բրեյն-ռինգ¦ ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Մինչ մրցույթի սկսվելը ողջույնի խոսքով հանդես եկավ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը: Նախ, նա գոհունակությամբ նշեց, որ այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը բավական հագեցված էր ու հաճելի անակնկալներով լի: Ասկերանի շրջանը մասնակցելով Շարժման 25-ամյակին նվիրված
ասմունքի, շարադրությունների մրցույթներին և օլիմպիադայի հանրապետական փուլին՝ զբաղեցրել է պատվավոր երրորդ տեղը: Այդ առթիվ շրջանի Ասկերանի, Խնապատի, Նորագյուղի, Ակնաղբյուրի և Քռասնու դպրոցների մի խումբ աշակերտներ ԼՂՀ ԿԳ նախարարության կողմից արժանացել են պատվոգրերի և նվաճել ՀՀ-ում կայանալիք օլիմպիադային մասնակցելու իրավունք: Հարկ է նշել, որ նման ինտելեկտուալ խաղերն արդեն ավանդական բնույթ են կրում, որոնց նպատակն է բարձրացնել սովորողների ինտելեկտուալ մակարդակը, զարգացնել մտավոր կարողությունները և համախմբել երիտասարդությանը: Խրախուսելի է, որ շրջանում կան բավական ակտիվ և զարգացած դպրոցականներ, որոնք իրենց պատրաստվածությամբ բարձր են պահում շրջանի պատիվը: Ս. Ասրյանը հաջողություններ մաղթեց մրցույթի մասնակիցներին և հույս հայտնեց, որ մրցույթը կընթանա ակտիվ և անկողմնակալ մթնոլորտում: Մրցույթին մասնակցում էին շրջանի Ասկերանի, Ավետարանոցի, Խնապատի, Իվանյանի, Խրամորթի, Աստղաշենի, Ակնաղբյուրի, Շոշի, Պատարայի, Այգեստանի, Նախիջևանիկի, Նորագյուղի միջնակարգ դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Խաղը վարում էր Ասկերանի միջնակարգ դպրոցի շրջանավարտ, ԱրՊՀ ուսանողուհի Նինել Գաբրիելյանը: Հարցերը Ղարաբաղյան շարժման 25-ամյակի, Արցախյան պատերազմի, հերոսների, Արցախի գեղատեսիլ բնության, պատմության, աշխարհագրության, նախնական զիվորական պատրաստվածության, երաժշտության մասին էին: Մրցույթն անցավ անկաշկանդ, ակտիվ մթնոլորտում: Աշակերտներն ակտիվությամբ էին պատասխանում բոլոր հարցերին: Մրցավարական կազմի վերջնական գնահատման արդյունքներով հաղթող ճանաչվեց Ասկերանի թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Պատարայի ու Ավետարանոցի թիմերը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |