ՆՐԱՆ ՍԻՐՈՒՄ ԵՎ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՔԸ
07.05.2013 15:58

  Հետաքրքրությունները մեռած չեն, նշանակում է, ծերությունը դեռ վրա չի հասել:
Անդրե Զիգֆրիդ

   Մանկավարժն այն մարդն է, ով եղել է, կա ու կլինի ազգային և համազգային արժեքների կրողը: Ամեն մի հասարակության առաջադեմ մտածողները՝ մանկավարժներն են: Նրանց մասին պարտավոր են գրել ու մշտապես արժևորել մանկավարժի անձնվեր աշխատանքը…
Ասյա Նասիբյանն արդեն բոլորել է 85-ը, բայց նրա ո՛չ մտածողությունը և ո՛չ էլ արտաքինը չեն հուշում տարիքը:
Ծնվել է 1928թ. Ասկերանի շրջանի Շոշ գյուղում, ինչպես ինքն է նշում չքավոր գյուղացու ընտանիքում: 1936թ. հաճախել է Շոշի 7-ամյա դպրոցը: 102 առաջին դասարանցիներից 10-րդ դասարանն ավարտել են ընդամենը երեքը: 750 տնտեսություն և բավականին դինամիկ աճ ուներ գյուղը: 1923 թվականից դպրոցն առանձնացավ գյուղապետարանի շենքից: Մինչ այդ դպրոցի աշակերտները չէին տեղավորվում դպրոցում և դասընթացներն անց էին կացվում գյուղի մի շարք ունևորների տներում (Թոխունց, Բոլունց, Սեյրանանց:
  1945-1946թթ. ուսումնական տարում Ա.Նասիբյանն ավարտում է գյուղի արդեն 10-ամյա դպրոցը և ընդունվում Ստեփանակերտի երկամյա ինստիտուտի լեզվագրական բաժինը: Ավարտելուց հետո հեռակայում է Բաքվի մանկավարժական ինստիտուտում, որի ավարտից հետո անմիջապես նշանակվում է հարազատ գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ աշխատելով մինչև 1989 թվականը:
Վաստակավոր մանկավարժը պնդում է, որ այն ժամանակներում՝ խորհրդային տարիներին կրթությունը մի այլ մակարդակի վրա էր, ավելի պահանջված, մակարդակն ավելի բարձր.
- Պարզապես կար մի շատ սուղ խնդիր կապված կադրերի պակասի հետ: Դասավանդում էին Շուշիի մանկավարժական տեխնիկումն ավարտած ուսուցիչները, որովհետև չկային բարձրագույնն ավարտած մասնագետներ: Ի տարբերություն ներկա ժամանակների, այն տարիներին աշակերտներն ուսման ծարավ էին զգում, ձգտում էին լավ սովորել, հասնել բարձունքների:
  Այն ժամանակ սոցիալական անկայուն պայմանները, անգամ գրենական պիտույքների և այլնի պակասը շատ էին խանգարում սովորելուն: Այսօր թվում է, թե մենք զինված ենք բոլոր տեղեկատվական, տեխնիկական միջոցներով կյանքը զարգացել է, մեծացել են հնարավորությունները: Սակայն, ես կասեի, գրքեր էլ շատ կան գրադարաններում, իսկ ընթերցողներ և ուսման ծարավ երիտասարդներ համարյա չկան: Իսկ այն ժամանակներում դպրոցները տալիս էին տասնյակից ավելի ոսկե և արծաթե մեդալակիրներ և բավականին մեծ էր ուսումնատենչ սովորողների թիվը: Հենց այդ մեդալների առկայությունն է, որ խթանել և բարձրացրել է ուսման որակը, որի արդյունքում երկրում աճել են շատ բանիմաց և խելացի կադրեր: Կարծում եմ, որ այսօր աշակերտների ընդունակություններն էլ մի տեսակ չիք են դարձել, որին երևի նպաստում է §ռոբոտացած¦ կրթական համակարգը: Խորհրդային տարիներին պետությունը շատ մեծ ուշադրություն էր դարձնում կրթությանը, մանկավարժների աշխատավարձերը համեմատաբար բարձր էին: Մանկավարժներին հնարավորություն էր ընձեռվում տարին մեկ-երկու անգամ հանգստանալ առողջարաններում և նրանց վաստակը գնահատվում էր ըստ արժանվույն:
Խորհրդային կրթակարգն ունեցել էր շատ առավելություններ, որոնցից կարելի է առանձնացնել կարգապահու-թյունը, վերահսկողությունը, ուշադրու-թյունը դպրոցների և մանկավարժների հանդեպ, նվիրվածությունն աշխատան-քին, որդեգրած գաղափարներին և ամենակարևորը՝ չկային կոռուպցիոն երևույթներ:
Գտնում եմ, որ այսօր ուսման հետևից գնացող երիտասարդների վիճակը շատ ավելի ծանր է, քան արհեստավորինը, քանի որ վերջինս ավելի ապահով է ապրում, քան առաջինը:
  Խորհրդային տարիներին այնքան շատ էին ծանրաբեռնում մանկավարժին հասարակական աշխատանքներով, որ նա հանկարծ չմտածի կողմնակի աշխատանքի մասին և վարձատրվում էին բավականին շատ: Իմ գործունեության տարիներին կատարել եմ մեկ տասնյակից ավելի հասարակական աշխատանքներ՝ սկսած արտաժամյա պարապմունքներից մինչև կոլտնտեսու-թյան թերթի պատասխանատու քարտուղար:
Թերևս, դա էր երևի պատճառը, որ Ասյա Նասիբյանը չնկատեց, թե ինչպես մեծացան իր չորս զավակները և ինչպես ամուսինը մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմին և հաղթանակած տուն վերադարձավ: Թիկունքում հոգսերը շատ էին ու բոլորն իրենց պարտավորված էին զգում:
Մանկուց բժշկի մասնագիտությունը երազող, իսկ հիմա պատկառելի տարիքի հասած մանկավարժը խոստովանում է, որ իր գործը սիրել է ժամանակի ընթացքում և վերջինիս նվիրվել անմնացորդ: Ուսանողական տարիներին նա սովորել է՝ իր մանկավարժների գիտելիքներն ու մարդկային կերպարանքը հաշվի առնելով, ընդօրինակելով և անգամ գերազանցելով: Երբ աշակերտը յուրացնում է ուսուցանածդ, ավելի շատ ես սիրում մասնագիտությունդ: Փորձում ես ինքնակրթությամբ լրացնել այն բացթողումը, որին չես տիրապետում:
  §Մանկավարժը,- նշում է ընկեր Նասիբյանը,- պետք է դասարան մտնի բարձր տրամադրությամբ, սիրի իր առարկան, աշակերտներին և իմացածն անմնացորդ տա երեխաներին: Ուսուցիչը դասարանում պետք է հաշվի առնի յուրաքանչյուր աշակերտի նախասիրությունները, համոզմունքները, ընդունակությունները, ընտանեկան և սոցիալական դրությունը¦:
Մանկավարժի աշխատանքի մեջ ուսուցիչը կարևորեց նաև խստապահանջությունը, որը սակայն չպետք է դիտվի դեսպոտիզմի օրենքներով: Խոսքը պետք է հասնի յուրաքանչյուր աշակերտի, ուսուցիչը չպետք է անտեղի կոպտի և վիրավորի աշակերտին, քանզի վերջինս կարող է երես դարձնել և՛ ուսուցչից, և՛ առարկայից ու կարող է կորցնել սովորելու ցանկությունը: Եթե ուսուցչի տվածն աշակերտը յուրացնում է և ստանում բարձր գնահատական, ուսուցիչն առավել շատ է ցանկանում կողմնակի գիտելիքներ տալ վերջինիս և այն կատարում է մեծ ոգևորությամբ ու հեշտությամբ:
Ընկեր Նասիբյանը յուրացրել է այնպիսի մեծագույն մանկավարժների հմտությունը, ինչպիսիք են Աղայանը, Աբովյանը, Մակարենկոն: Նա նաև թողարկել է այնպիսի աշակերտներ, ինչպիսիք են նշանավոր ակադեմիկոս՝ Գուրգեն Հովսեփյանը, քանդակագործ-ճարտարապետ՝ Յուրի Ավանեսյանը, առաջատար մանկավարժ՝ Զոյա Բաբայանը և բազում այլ անհատներ:
  Վաստակաշատ մանկավարժն արժանացել է մի շարք խրախուսական պատվոգրերի, շնորհակալագրերի և Լենինի անվան հուշամեդալի: Մի գիշերում §Գևորգ Մարզպետունի¦ և երկու գիշերում §Դավիթ Բեկ¦ ընթերցած մանկավարժը, երկրորդ հնարավորության դեպքում էլ կընտրեր նույն մասնագիտությունը.
  -Եթե առողջական խնդիրներ չունենայի, կրկին դպրոց կվերադառնայի, կլինեի իմ սիրելի աշակերտների ու կոլեկտիվի հետ: Այսօր ես այնքա՜ն եմ կարոտում իմ անցած տարիները, իմ աշխատանքն ու իմ երեխաներին: Ապրում եմ անցյալի քաղցր հուշերով և պայծառ ապագայի ակնկալիքով: Հույս եմ հայտնում, որ աշակերտներն օրեցօր ավելի մեծ տեղ կտան գիտելիքին ու կրթությանը:
Անտարակույս, 85-ամյա պատկառելի տարիք ունեցող կինն այսօր չի կորցրել իր երբեմնի մարդկային և կանացի գեղեցկությունը: Նրան սիրում և հարգում են համագյուղացիներն ու իր բոլոր աշակերտները:
§Սովորեցնել՝ նշանակում է կրկնակի սովորել¦ կարգախոսով առայսօր առաջնորդվող վաստակաշատ մանկավարժն օրինակ է ծառայում շատ շատերի համար:

Մարիամ Սաֆարյան 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter