ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
07.05.2013 16:10

  Հիրավի, մենք երջանիկ ենք նրանով, որ շրջապատված ենք բարեգործ մարդկանցով, ովքեր ապրում են հարազատ ժողովրդի դարդ ու ցավերով, մշտապես աջակցում և սատարում են նրանց: Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում համագյուղացի Արաշավիր Ղարամյանի անմիջական հովանավորչությամբ հաճախակի են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է համախմբել գյուղի հասարակությանը, մատաղ սերնդի մեջ սերմանել պատվասիրություն, հայրենասիրություն: Նման միջոցառումներից հետո ավելի է ամրապնդվում գյուղացիների սերը

դեպի հարազատ բնօրրանը և հույսը դեպի բարգավաճ ապագան:
  Հերթական անգամ կազմակերպվեց միջոցառում նվիրված գյուղի զոհված տղաների հիշատակին: Օրը համընկել էր զոհված ազատամարտիկ Վարդան Ջիվանշիրյանի զոհվելու 19-րդ տարեդարձին: Մասնակցում էին միջոցառման բարերար Արշավիր Ղարամյանը, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, ակնաղբյուրցիներ, հյուրեր:
  Ներկաները նախ այցելեցին Ակնաղբյուրի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանը և հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ տեղադրելով այնտեղ: Միջոցառման երկրորդ մասն անցավ գյուղի ակումբում: Ողջույնի խոսքով հանդես եկավ Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի խմբակավար Նարինե Ավանեսյանը (ով և միջոցառման կազմակերպիչն է).
  - Երբ սկսվեց Արցախյան գոյամարտը, ես ընդամենը 14 տարեկան աղջնակ էի և ականատեսը 35-րդ գումարտակի սխրալի գործողությունների: Ահա թե ինչու եմ իմ սուրբ պարտքը համարում ակնաղբյուրցի քաջորդիների հիշատակը խնկարկելու: Իմ նպատակն է, որ այսօրվա սերունդն իմանա, թե ինչ գնով է ձեռք բերվել մեր երկրի խաղաղությունը: 
Ներկայացվեց 35-րդ գումարտակի անվեհեր մարտիկ, Հայրենիքի նվիրյալ Վարդան Ջիվանշիրյանի կյանքն ու մարտական ուղին:
  Նա ծնվել է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է կոլտնտեսությունում: Ծառայել է Խորհրդային բանակում և զորացրվելուց հետո ընդունվել և ավարտել է Բաքվի ֆիզկուլտուրայի տեխնիկումը: Աշխատել է հարազատ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի և ռազմագիտության ուսուցիչ: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Վարդանը դարձավ գյուղի առաջին կամավորականներից մեկը: Գյուղի դասակի հրամանատարն էր, իսկ 1993 թվականի դեկտեմբերից՝ վաշտի հրամանատարը: Մասնակցել է Քարին տակի, Ամարասի, Շուշի-Լաչին միջանցքի, Մարտակերտի շրջանի Կիչան-Չլդրան հատվածի, Մուսուլմանլարի, Արփագյադուկի, Շռլանի, Ասկերան-Աղդամ, Մեծ շենի, Ումութլուի, Կուսապատի, Ջանյաթաղի, Աղդամի շրջանի ազատագրական և պաշտպանական մարտերին: Զոհվել է 1994 թ. ապրիլի 13-ին, Ջավահիրլիի մոտ: Այսօր գյուղի դպրոցը կրում է քաջ ազատամարտիկի անունը, որը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ §Մարտական խաչ¦ 2-րդ աստիճանի շքանշանով և §Շուշիի ազատագրման համար¦ մեդալով:
  Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները հիացրին հանդիսատեսին իրենց հայրենասիրական և ազգասիրական երգ ու պարով, արտահայտիչ ասմունքով: Նրանց ոգեշնչված ելույթներըը հուզմունքի և հպարտության ալիքներ հաղորդեցին դահլիճին: Ներկաներից յուրաքանչյուրը մտովի վերհիշում էր զոհված ազատամարտիկներին, նրանց հերոսական կեցվածքը ու ամեն մեկն իր մեջ աղոթում էր նրանց համար և խոստում տալիս բարձր պահել հայ նվիրյալների պատիվն ու շարունակել նրանց գործը: Առավել ներշնչված էին գյուղի երիտասարդներն ու աշակերտները, որոնց վերժխնդրության ցասումը թուրքի հանդեպ ավելի էր բորբոքվում: Այնուհետև, երեխաները փոքրիկ բեմականացմամբ ներկայացրին հաղթանակի համար մարտնչող Վարդանի վիրավորվելու և զոհվելու պատկերը: Ավա՜ղ, չհաջողվեց փրկել հայ քաջորդու երիտասարդ կյանքը: Ոսոխի գնդակը մահացու էր ու դաժան… Փոքրիկ Գոռիկը, որ ստանձել էր քաջի կերպարը, լիովին մտել էր դերի մեջ: Նրա հպարտությունն ակնհայտ էր: Չէ որ ինքը խիզախ Վարդանն էր, որն իր կյանքը նվիրեց հանուն հարազատ երկրի ազատության:
Դպրոցի տնօրեն Ժորա Մարգարյանն իր շնորհակալությունը հայտնեց Շուշիի ՄՊՍԿ-ի սաներին և խմբակավար Նարինե Ավանեսյանին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար, որը մեծ հայրենասիրական դաս էր նաև: Երեխաների ելույթն ազդեցիկ էր ու ընդօրինակման արժանի: Խրախուսելի է, որ մատաղ սերնդի մոտ ակնբախ են հայրենասիրական գաղափարները:
Միջոցառման վերջում դպրոցի տնօրենը ՄՊՍԿ-ի սաներին պարգևատրեց պատվոգրով։


 

Նարինե ՍԱՌԱՋՅԱՆ
ԱրՊՀ առաջին կուրսի ուսանողուհի
 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter