Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ազգային առանձնահատկությունները, ժողովրդական տոնակատարությունները, հավատալիքներն ու սովորույթները: Հայոց տոներն իրենց նշանակությամբ, արարողության հանդիսավորությամբ դարձել են հայ հոգևոր կյանքի և քրիստոնեական մշակույթի առանձնահատուկ մասը: Մեր տոները մեր հոգու կենսագրությունն են, հայ ժողովրդի մտքի, ոգու, ազգային բնավորության, մտածելակերպի, տաղանդի արգասիքը: Եկեղեցական տոներից է սուրբ Զատիկը: Ի սկզբանե այն հեթանոսական տոն լինելով՝ հիմնականում բնորոշում էր բնության զարթոնքը և բեղմնավորումը: Նոր կյանքի սկիզբը խորհրդանշող ձուն, ինչպես և կենաց ծառը հին հայերը վերագրում էին մեռնող և հարություն առնող բնության աստծուն՝ Արային: Հետագայում այս տոնը
քրիստոնեական օրացույցում արժևորվեց և կապվեց Հիսուս Քրիստոսի հարության հետ: Արդեն երկու հազարամյակ քրիստոնյա աշխարհի մարդիկ Սուրբ Զատիկի օրն իրար ավետում են. §Քրիստոս հարյավ ի մեռելոց¦ և պատասխանը լինում է . §Օրհնյալ է հարությունը Քրիստոսի¦: Սուրբ Զատիկին նվիրված բաց դաս անցկացվեց Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում: Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Սյուզաննա Աղաջանյանն իր հմտություններով ու տոնական ոգևորությամբ զարմացրեց ու հիացրեց դպրոցի տնօրինությանն ու դասին մասնակից ուսուցիչներին: Նա աշակերտների հետ մեկտեղ տոնակատարությանը նախապատրաստվել էր տոնին համապատասխան հայկական գեղեցիկ սովորույթներով, կենցաղային ավանդույթներով: Զուտ հայկական ուտեստները զարդարում էին տոնական սեղանը, որի մեջտեղում, մատուցարանի վրա դրված էր երեխաների ձեռքերով ցանած ցորենը: Դահլիճը զարդարված էր զատկին վերաբերող նկարներով, կոլաժներով, իսկ երեխաներն ուռենու ճյուղերով ծաղկեպսակներ էին կրում: Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Սյուզաննա Աղաջանյանը ողջունելով ներկաներին՝ նշեց. -Այս օրը հիշարժան է ողջ Քրիստոնյա աշխարհի համար: Օր, երբ ցնծում է մարդկային հոգին, երբ ավետվում է աշխարհի փրկության լուրը: Հայ ժողովուրդը միշտ էլ հավատացյալ ժողովուրդ է եղել: Նա հանուն իր հավատի, հանուն իր եկեղեցու պատրաստ է եղել զոհելու իր կյանքը: Հիշենք Վարդանանց պատերազմը: Վարդանանք մարտիրոսվեցին՝ փրկելով մեր ժողովրդին հավատափոխությունից, որպես ազգ ոչնչացման վտանգից: Վարդանանց պատերազմը հոգևոր ազատության ամենամեծ արժեքների՝ քրիստոնեության և հայաստանյաց եկեղեցու, հայ լեզվի, դպրության անկախության պաշտպանությունն էր: Այսօր, մենք հավատում ենք, որ հարության լույսով զորացած մեր հայրենիքում մեզ մշտապես ուղեկից կլինեն հույսը, հավատն ու սերը: Աշակերտների հանդեսը մի յուրահատուկ ոգևորություն էր ներառում իր մեջ և այն հաղորդում ներկաներին: Զանգերի ղողանջի ներքո հնչում է տերունական աղոթքը և խորհրդավորությունը մուտք է գործում դահլիճ: Երեխաներն աղոթելով առ Աստված՝ մոմեր են վառում անկյունում դրված Սուրբ Էջմիածնի մակետի մոտ: Հոգեթով և թրթռուն զանգերի ղողանջներն ասես միախառնվում են բնության զարթոնքին և մտնում յուրաքանչյուրի սիրտը: Երեխաները հասկանում էին, որ Զատիկը հայ քրիստոնյաների համար միայն եկեղեցական տոն չէ, այլ նաև հոգևոր կյանքի վերանորոգման առիթ: Զատիկը գարնան և վերակենդանացած բնության տոնն է և հնուց ի վեր ծառատունկը կատարել են հենց այդ օրերին: Խորհրդանշանական է նաև, որ այդ օրերին մարդիկ իրար ասում էին տարբեր բարեմաղթանքներ: Երեխաները գիտակցում էին, որ հայ ժողովուրդն աշխարհի առաջին ազգերից է, որ հավատաց ու իր կյանքով վկայեց Քրիստոսի հարությունը: Նա Հիսուսի նման չարչարվել է խաչն ուսին, բայց երբեք չի ուրացել իր հավատը և փրկության հույսը: Այնուհետև երեխաները պատասխանեցին տոնի հետ կապված տարբեր հարցերի և հանելուկների, դրանով իսկ ցույց տալով ուսման ընթացքում յուրաց-րած թեմաները: Ուսուցչուհին հաճելի անակնկալներ էր նախապատրաստել նաև աշակերտների համար՝ նրանց նվիրելով գեղեցիկ հուշանվերներ և քաղցրավենիք: Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Կառլեն Մաիլյանը կարևորելով օրվա իմաստը՝ նշեց. -Զատիկն ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է, որը վերջին ժամանակահատվածում ավելի մեծ պատշաճությամբ է տոնվում Արցախում: Այն, որ մեր շրջապատում օրեցօր ավելանում են աղանդավորները, մենք ավելի ենք պարտավորվում քրիստոնեական բոլոր տոները նշել ու այնպես անել, որ մատաղ սերունդն ընկալի ծիսակատարությունների բովանդակությունն ու աստվածային խորհուրդը: Հարկ է նշել, որ բաց դասը բավականին հաջողված էր և պարզ երևում էր, որ երեխաների մոտ, արդեն իսկ, ձևավորվում է ինքնագնահատման, ինքնահաստատման կայուն նախադրյալն ու արժանապատվության զգացումը: Ինչ խոսք, 5-րդ դասարանցիների ու նրանց ուսուցչուհու համառ ջանքներով արժևորվեց օրվա խորհուրդը: Ակնհայտ էր, որ Զատիկը և նման տոնակատարությունները սրտամոտ են երեխաներին: Դրանք հայեցի դաստիարակության և կրթության, գեղագիտական, բարոյական, ինչու չէ, նաև պատմական անցյալն իմանալու, գնահատելու և սովորելու տեսակետից հրաշալի դասեր են, որոնք հարստացնում են մատաղ սերնդի անարատ և ջինջ հոգեաշխարհը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |