Առաքինության ամենամեծ սխրանքները կատարվել են հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց: Ժան Ժակ Ռուսո Հաճախ ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, սակայն մի՞թե դա այդպես է… Պարզապես մարդ տարվում է առօրյա հազար ու մի հոգսերով, ուրախություններով ու անակնկալներով և երբեմն մոռացության տալիս վիշտն ու ցավը, որ կեղեքում է սիրտը: Բավական է մի փոքր հիշողություն, անցողիկ մի հայացք, նման մի դեմք, թեթև առիթ և իսկույն նորոգվում են հոգուդ վերքերը: Իսկ ավելի հաճախ ոչինչ էլ պետք չէ: Պարզապես անհնար է մոռանալ, փախչել
իրողությունից, ինքդ քեզնից: Ո՛չ, վերքերը չեն բուժվում բնավ, անհնարին ու ծանր է դա: Արցախյան պատերազմն իր անողոք հետքերն է թողել հարյուրավոր ընտանիքնե-րում: Հետքեր, որոնք անհնարին են ջնջել, որոնք մնում են, որպեսզի հավետ հիշեցնեն մեր ժողովրդի դառն անցյալը: Այնպես կցանկանայի, որ այդ ամենն ընդամենը մի չարաբաստիկ երազ լիներ: Մեր կողքին լինեին բոլոր նրանք, ովքեր հեռացել ու իրենց կյանքն են նվիրել այս սուրբ հողին: Ախր, նրանք այնքա՜ն անկատար երազներ ունեին, այնքա՜ն երիտասարդներ դեռևս ամուսնացած չէին, նրանցից շատերն անգամ առաջին սերն ու համբույրը չէին ճաշակել: Մեր անվեհեր տղաներն առանց երկմտելու զենք վերցրեցին ու նետվեցին կռվի դաշտ: Չէ՞ որ վտանգված Հայրենիքն զգում էր իր որդիների օգնության կարիքը, հողը գալարվում էր արյունոտ ցավից, դաշտերն ու անտառներն օդ չունեին շնչելու: Ասես բնությունն էլ էր զգում մեծ օրհասն ու այլևս չէր զարմանում: Ի՞նչից զարմանար…Հայի դարավոր ճակատագրի՞ց: Դաժան այդ օրերին հայ մարտիկները գիտակցում էին, որ իրենք պարտավոր են միասնական և համախմբված լինել և այդ դեպքում միայն կարող են հասնել երազած հաղթանակի: Մեկտեղ մի կտոր հաց ու ծխախոտ էին կիսում, ուրախության և տրտմության պահեր ապրում, կռվում հանուն կյանքի և հաղթանակի երանելի սպասումով պարուրվում: Նրանք համոզված էին, որ կգա այն օրը, երբ պատերազմի անողոք պահերը կմնան անցյալում, Արցախի կապույտ երկնակամարում կփայլի պայծառ արևը և իր ճառագայթները կսփռի դժբախտ արցախահայության վրա՝ հույսի ու լույսի շողեր հաղորդելով նրանց: Ափսո՜ս, բյուր ազատամարտիկներ չտեսան հաղթանակի պանծալի օրը, չհասցրին… Նրանք բռնելով հավերժի ճամփան՝ միախառնվեցին հայոց հազարամյա քաջերին: Հիրավի, անձնազոհ մեր տղաներին հիշելիս, ամեն անգամ մի սրտակեզ տրտմությամբ ես պատվում: Թվում է, ինչ էլ գրես, քիչ է՝ նրանց հիշատակը վեհացնելու, սերունդներին փոխանցելու համար: Քաջ ազատամարտիկը, որի մասին ցանկանում եմ գրել, լցված էր վրեժի ծարավով, նրա երիտասարդ սիրտը կեղեքվում էր Հայրենիքին սպառնող վտանգի համար, հայի անկոտրում ոգին հանգիստ չէր տալիս նրան: Ինքնին հուզմունք է պատում ինձ, երբ հիշում եմ Վրեժ Ռոբերտի Եղիյանին: Չգիտես, պատանի էր նա, թե երիտասարդ, որը հեռացավ մեզանից չճաշակած կյանքի քաղցրություններն ու կյանքն՝ առհասարակ: Ուժգնանում է զայրույթս ու ատելությունս դաժան ոսոխի հանդեպ: Վրեժ Եղիյանը ծնվել է 1973 թվականի ապրիլի 23-ին, Ասկերան ավանում: Ավարտելով միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը՝ Վրեժը 1987 թվականին ընդունվել է Հայկական ԽՍՀ Կապան քաղաքի շինարարական տեխնիկումը: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, նա մեկ վայրկյան անգամ չմտածեց և անհապաղ կամավորագրվեց Կապանի ԹՄՔ §Մեծն Գարեգին Նժդեհ¦ ինքնապաշտպանական ջոկատին: Ավարտել էր երկրորդ կուրսը: 1992 թվականին ջոկատը տեղափոխվեց Արցախ՝ պաշտպանելու պապենական հողերը: Այդ ջոկատի կազմում Վրեժը մասնակցեց Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի պաշտպանական ու ազատագրական մարտերի: Սակայն նրա մարտական ուղին կարճ եղավ: 1992 թվականի օգոստոսի 22-ը 19-ամյա տղայի համար ճակատագրական դարձավ: Վրեժ Եղիյանը զոհվեց Ջանյաթաղի պաշտպանության համար մղվող մարտում: Հետմահու պարգևատրվել է §Արիության համար¦ մեդալով: Հիշում եմ Վրեժին, երբ սովորում էինք դպրոցում: Մեր դասարանն այնքա՜ն աշխույժ էր ու միասնական: Տղաները պատրաստ էին պաշտպանելու աղջիկներին ու ամեն մի հարցում կանգնած էին մեր կողքին: Այսօր, երբ վերհիշում եմ անցյալի պատառիկները, համոզվում եմ, որ Վրեժը, թեև չափազանց համեստ ու չխոսկան էր, միաժամանակ, կամքի մեծ ուժ ուներ ու հայրենասիրական ակնհայտ գաղափարներ: Նրա թախծոտ հայացքը, կնիքի նման դաջված մնալով մեր սրտերում, ասես ուղեկցում է մեզ կյանքում ու մշտապես հիշեցնում մեր բարի ընկերոջ մասին: Ախր, ո՞նց նայենք նրա սևազգեստ մոր աչքերին: Մայր, որն իր օրինակելի պահվածքով ու հպարտ կեցվածքով տարիներ շարունակ խեղդում է իր մեջ ահավոր այդ ցավը և բարձր պահում խիզախ որդու պատիվը: Մի՞թե կա ավելի մեծ ցավ որդեկորույս մոր համար: Երբեմն մտածում եմ. ինչպես է համեստ և փխրուն այս կինը դիմանում սոսկալի ու նենգ ցավին: Հավանաբար ամեն անգամ նայելով որդու նկարներին, շոշափելով նրա շորերը, դառը փղձուկը խեղդում է նրա սիրտը, մաշում հոգին: Նա հիշում է քո ամեն մի կատակը, Վրե՛ժ, քո ձայնն առայսօր հնչում է նրա ականջներում: Իսկ իր հոգու ճիչը սոսկ ինքն է լսում: Դաժա՜ն ճակատագիր… Դու կդառնայիր 40 տարեկան: Ավա՜ղ… Ի վերուստ էր քո համար նման ճակատագիր որոշվել: Մենք չգիտենք, թե դու ի՞նչ էիր մտածում, ի՞նչ երազանքներ և նպատակներ ունեիր: Անշուշտ, կդառնայիր փայլուն շինարար և Արցախ աշխարհի համար քարը քարին կդնեիր, շենքեր կկառուցեիր: Գուցե՞ սիրած աղջիկ ունեիր, որը սրտատրոփ քո վերադարձին էր սպասում: Հայրական օջախիդ ավագ զավակն էիր, եղբայրներդ քեզանից էին ցանկանում օրինակ վերցնել, նմանվել: Հայրդ չդիմացավ դաժան կորստի հետ, հեռացավ վաղաժամ…Իսկ մա՜յրդ…Նա աշխարհի բոլոր սուրբ մայրերի պես հպարտանում է քեզանով: Դու ապրեցիր կարճ, սակայն իմաստալից մի կյանք: Դարձար մի գեղեցիկ առասպել, հրաշալի երազ: Քո ընկերների հետ դու նահատակվեցիր, որպեսզի Արցախ աշխարհում խաղաղություն տիրի, որպեսզի ձեզանով ոգեշնչվեն նոր սերունդները և շարունակեն ձեր գործն արդեն խաղաղ ու անկախ երկրում: Վրե՛ժ, այսօրվա սերունդը մեծ պարտավորություն ունի քո և քո բախտակիցների առջև: Ձեր հիշատակը բարձր պահելու և հարազատների վիշտը թեթևացնելու ու ամոքելու պարտքը բոլորինս է: Հավերժ փառք քեզ, սիրելի՛ Վրեժ: Քո մաքուր և վսեմ էությունը հավետ կմնա մեր սրտերում… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |