Վերջերս Ասկերանի շրջանում մեծ աշխատանքներ են իրականացվում մեր պատմա-մշակութային հարուստ արժեքները պահպանելու ուղղությամբ: Արցախի զբոսաշրջության կայուն և արդյունավետ զարգացման համար ԼՂՀ կառավարությունը հաստատել է մի շարք ծրագրեր ու որոշումներ: Նախատեսվում են շահավետ գործընթացներ պետության զարգացման ուղղությամբ: Կավելանան զբոսաշրջիկների թիվը, կիրականացվի մարքետինգային քաղաքականություն, կստեղծվեն նոր աշխատատեղեր և կխորանա ինտեգրացումը ՀՀ-ի հետ: Ասկերանի շրջանն ունի միայն պետական ցուցակով հաստատված 796 միավոր հուշարձան և սա դեռ վերջնական հաշվարկ չէ, քանի որ ամեն անգամ հայտնաբերվում են նորանոր հուշարձաններ, որոնք դեռ ուսումնասիրման
լուրջ կարիք ունեն: Պահպանել և ուսումնասիրել, վերականգնել շրջանի պատմական, հնագիտական, ճարտարապետական հուշարձաններն ու խաչքարերը, հնագույն վանքերն ու եկեղեցիները, վերահսկել դրանց մաքրությունն ու բարեկարգումը՝ գտնվում է §Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն¦ ՊՈԱԿ Ասկերանի շրջանային պետական ծառայության պետ Ալլա Արզումանյանի անմիջական ու մշտական ուշադրության կենտրոնում: Պարբերաբար կազմակերպվում են այցելություններ, շաբաթօրյակներ, որոնց հաճույքով մասնակցում են շրջանի մատաղ սերնդի ներկայացուցիչները: Այս գործընթացն ապահովում է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարությունը և Ասկերանի քաղաքապետարանը: Հուշարձանների պահպանման միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է ապրիլի 18-ին, հերթական շաբաթօրյակ կազմակերպվեց Ասկերանի բերդի շրջակայքում: Մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, հիմարկ-ձեռնարկությունների աշխատողներ, ակտիվ երիտասարդներ: Նախօրոք կատարվել էին մաքրման և բարեկարգման աշխատանքներ, դրվել են երկու դռներ, ամրոցի պատերի մոտ տնկվել են վարդի թփեր, իսկ բակում՝ թթենու տունկ: Այս և նմանատիպ աշխատանքներ կատարելու գործում մեծ է շրջանային ծառայության ներկայացուցիչ Գագիկ Իսրայելյանի դերը: Շաբաթօրյակը վերածվել էր իսկական տոնի: Ասկերանի §Բերդ¦ համույթի և մանկական երաժշտական դպրոցի փոքրիկ շվիահարների ելույթը մի առանձին հմայք ու ոգևորություն էր հաղորդում միջոցառմանը: Նվագի ներքո ոգեշնչված ասկերանցիները մեծ ուրախությամբ էին աշխատում: Ասկերանի պատմական բերդը տեսնել մաքուր ու բարեկարգ, թերևս, պատվի խնդիր էր ասկերանցիների համար: Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը ողջունելով շաբաթօրյակի մասնակիցներին՝ նշեց. -Այսօր մենք բոլորս բարի առաքելություն ենք իրականացնում: Արցախ աշխարհը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային արժեքներով, որոնց պահպանման գործում ամենքս ունենք մեր անելիքները: Հարկ է նշել, որ վերջին ժամանակաշրջանում մեծ թափ է նկատվում պատմական արժեքների պահպանման և բարեկարգման աշխատանքում: Մեծ է Ալլա Արզումանյանի դերակատարությունն ու պատասխա-նատվության զգացումը, որի արդյունքում էլ նման հաջողություններ են արձանագրվում: Նպատակին հասնելու համար նա համագործակցում է դպրոցների, համայնքների ղեկավարների, շրջանի պատասխանատուների և երիտասարդության հետ: Այս աշխատանքներում իր ուրույն տեղն ունի նաև Ասկերանի կոմունալ տնտեսությունը, որի ղեկավար Արմեն Բախշիյանի անմիջական վերահսկողությամբ էլ կատարվել է բերդի մաքրումը մացառուտներից և անտեղի թափթփված քարակույտերից: Օրվա միջոցառումն արժանի է քաջալերման և համոզված եմ, որ նման շաբաթօրյակները շարունակական կլինեն: Ակնկալում եմ նաև, որ հետագայում բոլորս կաջակցենք Ալլա Արզումանյանին նրա հայապահպան մտահղացումներն իրականություն դարձնելու համար: Ա. Արզումանյանն իր գոհունակությունը հայտնեց շաբաթօրյակի մասնակիցներին, նման նվիրական և անմիջական վերաբերմունք ցուցաբերելու համար. -Ինքնին թևավորվում և հպարտանում ես, երբ տեսնում ես երիտասարդության համախմբումը նման միջոցառումների ժամանակ, երբ նկատում ես, թե ինչպիսի եռանդով ու սրտացավությամբ են լծվում աշխատանքի: Ասել է թե, նրանք գիտակցում են հայրենի հարուստ պատմական արժեքների կարևորությունն ու դրանց պահպանումը: Այսօրվա շաբաթօրյակի կազմակերպումը նաև դաստիարակ-չական և ժողովրդի համախմբման միտում ունի: Ասկերանի ամրոցի մաքրման և բարեկարգման գործում մեծ ներդրում ունի քաղաքի կոմունալ տնտեսությունը: Ցանկանում եմ նաև փաստել, որ իմ համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ տալիս է իր արդյունավետությունը: Ընդառաջում է թե՛ շրջվարչակազմը, թե՛ քաղաքապետարանը, և թե՛ քաղաքի երիտասարդությունը, իսկ ծառայության պահապանները մեծ աշխատանքներ են իրականացնում համայնքներում հուշարձանների պահպանման գործընթացում: Միջոցառման վերջում մասնակիցներին սպասվում էր հաճելի անակնկալ: Ա. Արզումանյանի սեփական միջոցներով կազմակերպած ազգային ուտեստները ճաշակելուց հետո, խանդավառված ժողովուրդը շարժվեց դեպի Ասկերան: Ահավասիկ, միջոցառումն իմաստալից էր ու գնահատման արժանի: Այն, որ օրըստօրե մեծանում է մեր ժողովրդի սերն ու հետաքրքրությունը դեպի արցախյան պատմամշակութային ինքնատիպ արժեքներն ու նրա պահպանումը, արդեն իսկ ողջունելի փաստ է: Թերևս, ժողովրդի անմիջական մասնակցությամբ ու օգնությամբ կշարունակվեն նման օրինակելի միջոցառումներն ու շրջանի պատմական արժեքները կստանան իրենց երբեմնի տեսքն ու կարևորությունը: Լիահույս ենք… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |