ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ
07.05.2013 17:24

    Ապրիլի 10-ին Ասկերանի քաղաքապետարանում Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անմիջական հանձնարարականով տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված քաղաքի Ս. Շահումյան փողոցի բարեկարգման աշխատանքներին։ Խորհրդակցությանը մասնակցում էին Ասկերանի շրջանի գլխավոր ճարտարապետ Ալբերտ Ավանեսյանը, §Բերդ¦ շրջանային թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը, փոխքաղաքապետ Հայկ Շամիրյանը,

 

նշված փողոցի վրա տեղակայված օբյեկտների սեփականատերերը։
Քաղաքապետ Ա. Գաբրիելյանը մանրամասն ներկայացնելով առկա խնդիրները՝ հատուկ շեշտադրում արեց քաղաքի կենտրոնական փողոցի բարեկարգմանն ուղղված քաղաքապետարանի մտահոգություններին։ Նա հորդորեց քաղաքացիներին գեղեցիկ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան, մեր երազների քաղաքը կառուցելու համար ջանք ու եռանդ չխնայել։ Ա.Գաբրիելյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին քաղաքի բարեկարգման աշխատանքներին մեծապես նպաստելու և ցանկացած հարցում ընդառաջելու համար։
Ինչպես տեղյակ ենք բոլորս, մեր երկրի իշխանությունների հատուկ հանձնարարականով մոտ ապագայում հիմնովին կվերանորոգվի Շահումյան փողոցը։ Ուստի քաղաքապետը կոչ արեց ասկերանցիներին իրենցից կախված հնարավորինն ու անհնարինն անել՝ յուրաքանչյուրն իր շրջակա տարածքի տեսքն արդիականացնելու ու հայկական ճարտարապետական տեսքի բերելու հարցում։ Միաժամանակ նշելով, որ մեր շրջանի ճարտարապետ Ա. Ավանեսյանը միշտ պատրաստակամ է յուրաքանչյուրին ընդառաջելու և ուղղություն տալու հարցում։ Խոսք բացվեց նաև ապօրինի շինությունների մասին, որոնք պետք է կամ օրինականացվեն՝ օրենքի պահանջներին համապատասխան կամ քանդվեն։ Ինչպես տեղեկացրեց քաղաքապետը՝ շինարարության թույլտվություն ստանալուց հետո երկու տարի ժամկետ է սահմանվում այն ավարտելու համար։ Ուստի Շահումյան փողոցի վրա ծավալված շինարարության օբյեկտների տերերին հորդորեց հնարավորինս կարճ ժամկետում ավարտել շինարարությունը, քանի դեռ չեն սկսվել պետական մակարդակով հիշյալ փողոցի բարեկարգման աշխատանքները։ Փողոցը բարեկարգելուց հետո խստիվ արգելվելու է վերականգնման կամ կառուցապատման աշխատանքներ կատարելը։
Հ.Գ. Վերջերս §Բերդ¦ թերթի խմբագրությունում խնդրո առակայի կապակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ թերթի գլխավոր խմբագիրը հանձնարարականներ տվեց թերթի աշխատողներին մշտապես հետևել քաղաքի մաքրության և սանիտարական վիճակին։ Մենք առաջնորդվելով մեր քաղաքը մեր տունն է նշանաբանով՝ հորդորում ենք բոլոր ասկերանցիներին հետևել շրջապատի մաքրությանը և հետևողական աշխատանք տանել այն մշտապես բարեկարգ պահելու գործում։ Քանզի ինչպես որ յուրաքանչյուրս հոգ ենք տանում մեր տան մաքրության ու բարօրության հարցում, այնպես էլ պետք է հետևենք մեր հարազատ քաղաքին։ Որպեսզի, երբ առօրյա հոգսերից հոգնած ու վաստակած նայենք մեր շուրջն արտաբերենք՝ ա՛յ հիմա գոհ ենք։
Իսկ մենք մեր գնահատականներում լինելու ենք օբյեկտիվ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter