ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
07.05.2013 17:26

    Ապրիլի 12-ին կայացավ Ասկերանի համայնքի ավագանու հերթական նիստը, որին մասնակցում էին համայնքի ղեկավար Ալյոշա Գաբրիելյանը, տեղակալ Հայկ Շամիրյանը, ավագանու անդամները, Ասկերանի հոգևոր հովիվ տեր Էմանուել քահանա Վարդանյանը, շրջվարչակազմի բաժնի վարիչներ, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ, հրավիրվածներ: 
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետը ներկայացրեց համայնքի ղեկավարի նորանշանակ տեղակալ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանին` նշելով, որ նա լինելով Ասկերանի միջնակարգ դպրոցի շրջանավարտ, ավարտել է Արցախի պետական համլսարանը և վայելում է հասարակության սերն ու հարգանքը։
- Համոզված եմ, որ նա նոր պաշտոնում իրեն կդրսևորի որպես համայնքի կյանքով ապրող և

աշխատանքին նվիրված գործուն երիտասարդ,- ասաց Ա. Գաբրիելյանը:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր համայնքի 2013 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման արդյունքներին: Առաջին եռամսյակում նախատեսված է եղել ապահովել մոտ 11.4 մլն դրամի մուտքեր: Փաստորեն հավաքագրվել է 6118600 դրամ կամ այն կազմել է նախատեսվածի 53.7 տոկոսը: Հանրագումարային եկամուտը 511700 դրամով կամ 7.7 տոկոսով զիջում է 2012 թվականի ցուցանիշը:
Հանրագումարային այդ եկամուտի մեջ սեփական եկամուտները կազմել են 2.08 մլն դրամ կամ նրա մոտավորապես 34.0 տոկոսը: Պակասորդ մնացած գումարները դոտացիայի կարգով համայնքին է տրամադրել ԼՂՀ պետական պահուստային ֆոնդից: Ասկերանի քաղաքապետարանը պետք է միջոցներ ձեռնարկի կիսամյակի կտրվածքով համայնքային բյուջեի կատարողականն առավել բարձր արդյունքով եզրափակելու ուղղությամբ: Տրվեցին հանձնարարականներ համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Շամիրյանին և աշխատակազմի մասնագետ Աիդա Մուսայելյանին ուշադրության կենտրոնում պահել որոշ հասարակական ծառայություններ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական կարգավիճակներ ներկայացնող անձանց կողմից տեղական տուրքերի հավաքագրման գործընթացը, հետևել համայնքային նշանակության հողերի և համայնքային սեփականություն համարվող շենք-շինություններից վարձավճարների հավաքագրման գործընթացին:
Հաջորդ հարցը համայնքի հողային հաշվեկշռում §Այլ հողեր¦ ձևակերպմամբ գրանցված և համայնքի բնակչության մի մասի կողմից վաղեմության ժամկետով օգտագործվող հողակտորների կարգավիճակի մասին էր, որի շուրջ տեղեկատվություն ներկայացրեց Ալյոշա Գաբրիելյանը: Հիմք ընդունելով տեղեկատվությունը` ավագանին որոշում ընդունեց ճշտել և ի մի բերել Ասկերան համայնքի բոլոր այն հողօգտագործողների ցանկը, ովքեր վաղեմության իրավունքով ավելի քան տասը տարի ժամկետով օգտագործում են համայնքի տարածքում առկա հողակտորները, և անհրաժեշտ աշխատանքներ տանել մինչև հունիս-հուլիս ամիսները նշված հողակտորների ձևակերպումն ավարտելու ուղղությամբ:
Օրակարգի երրորդ հարցը հասարակական կյանքում տեղ գտած մի շարք խորթ երևույթների վերանայման, Ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի նշման մասին էր, որի մասին տեղեկություն ներկայացրեց համայնքի քարտուղար Լիդա Գրիգորյանը: Դարեր շարունակ հայ ժողովրդի կենցաղում հոգևոր և մշակութային կյանքում արմատավորված հասարակական որոշ արժեքներ, հատկապես անցյալ դարի սկզբներից սկսած, երբ հայոց աշխարհի մի փոքր մասում ստեղծվեցին խորհրդային կարգեր, սկսվեցին արժեքազրկվել, ոտնահարվել: Խորհրդային կարգերը, ոտնահարելով մարդկային արժեքները, հակաարշավ սկսեցին Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Արդյունքում փակվեցին բոլոր վանքերի և եկեղեցիների դռները, իսկ հոգևորականները նետվեցին բանտերը կամ աքսորվեցին Սիբիրի խորքերը: Այդ արշավին զոհ գնացած հայությունն սկսեց դավանել այլ մարդկային հավատի և հասարակական կյանքում ներմուծվեցին նոր սովորություններ ու ավանդույթներ: Այսօր հային ոչ վայել նման երևույթները լուրջ մտածմունքի տեղիք են տալիս:
Համայնքի ղեկավարը կարևորելով օրակարգի այդ հարցը` միաժամանակ նշեց.
  - Փոխվել են նաև մահվան հետ կապված բոլոր ծեսերն ու արարողությունները: Մարդիկ փոխանակ մտածեն Աստծո օրհնությամբ հանգուցյալի մահն ու հուղարկավորությունը Հայ Առաքելական եկեղեցու կողմից դարեր շարունակ հիմնադրած արարողակարգով կազմակերպելուն, մտածում են ինչքան հնարավոր է ճոխացնել հոգեհացի սեղանը: Ցավոք սրտի փոխվել է նաև հոգեհաց կազմակերպելու արարողակարգը: Նույնիսկ սոցիալական ծանր կացության մեջ հայտնված հանգուցյալի հարազատները մտածում են ոչ այնքան հուղարկավորության, որքան սեղան գցելու և նրա առատությունն ապահովելու մասին: Ոտնահարված է նաև հանգուցյալի հուղարկավորության բուն գործընթացը, երբ տղամարդ թե կին մասնակցություն են ունենում հանգուցյալի դին տնից հանելուց մինչև հողին հանձնելու արարողությանը: Խորհրդային կարգերը յուրատեսակ կնիք են դրել նաև մեռելոց հիշատակը հարգելու արարողակարգերի վրա: Տեղեկացնեմ, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի սահմանած այն հիշարժան և եկեղեցական տոները և դրանց հաջորդող մեռելոց հիշատակը հարգելու օրերը: ԼՂՀ կառավարությունն ընդառաջ գնալով հավատացյալ մեր ժողովրդի ցանկություններին, հարգելով հոգևոր տաղավար տոները` անհրաժեշտ փոփոխություններ է մտցրել հանրապետությունում աշխատանքային օրերը տեղափոխելու գործում: 
Կոչ եմ անում բոլորին և հանդես կգամ նաև հասարակայնորեն, հարգել մեր ազգային ավանդույթները և, անշուշտ, ստիպված եմ լինելու խնդրել մարդկանց օգնությունն ու աջակցությունը:
Ասկերանի հոգևոր հովիվ տեր Էմանուել քահանա Վարդանյանը ողջունելով ներկաներին և երախտագիտություն հայտնելով հրավերի համար` ասաց.
-Իրոք, հասարակական կյանքում տեղ են գտել մի շարք խորթ երևույթներ, որոնք արժանի են վերանայման: Համայնքի ղեկավարը ներկայացրեց այն կարևոր բացերը, որոնք գոյություն ունեն և հարիր չեն քրիստոնյա մեր ազգին: Դժբախտաբար մեր ժողովուրդը հեռացել է բարի և եկեղեցական մեր ազգային ավանդույթներից: Վրդովմունքի տեղիք է տալիս այն, երբ տեսնում ես, թե ինչպես է կազմակերպվում ողորմության ցուցակագրման գործընթացը: Թվում է, թե մարդիկ հավաքվում են ոչ այնքան վշտակցելու հանգուցյալի հարազատներին, այլ ցուցակագրվելու և հոգեհացին մասնակցելու համար: Իսկ հաճախ էլ մարդիկ մոռանում են, թե ինչի համար են հավաքվել: Հոգեհացը վեր է ածվում քեֆի, իսկ կենացները երկարում են, թեպետ պետք է չգերազանցեն երեքից: Ամեն ինչ արվում է ի տես հասարակության և չեն հարգվում եկեղեցական ավանդույթները:
Հարցի շուրջ բուռն քննարկումներից հետո համայնքի ավագանին որոշեց, որ բարձրացված լուրջ խնդրին պետք է մոտենալ շատ նրբորեն, հասարակության շրջանում տանել ճիշտ բացատրական - քարոզչական աշխատանքներ հանգուցյալների հուղարկավորությունները, դրանց հաջորդող արարողակարգերը Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված կանոններին համապատասխան կազմակերպելու ուղղությամբ, բացառել և հասարակության իրողությունից վերացնել հանգուցյալների հոգեհացի կազմակերպման առայսօր գոյություն ունեցող արարողակարգը:
Այնուհետև, քննարկվեցին և ընթացքավորվեցին օրակարգային այլ հարցեր, որոնք մասնավորապես կապված էին ԼՂՀ ՊԲ կազմավորման, Շուշիի ազատագրման 21-րդ և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձները նշելու և համայնքի երեխաների և երիտասարդության զբաղվածությունը խթանելու ուղղությամբ Ասկերանի քաղաքապետարանի նախաձեռնության և հետագա անելիքների հետ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter