Մատաղ սերնդի դաստիարակության գլխավոր դերակատարն ու պատասխանատուն եղել և մնում է ուսուցիչը։ Ներկա տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության պարագայում այսօր դժվարացել է ուսուցչի առանց այդ էլ ոչ դյուրին գործը, քանզի մյուս կողմից էլ երեխան հեռացել է գրքից՝ գիտելիքներ ստանալով այլ աղբյուրներից։ Եվ այսօր քան երբևէ մեծացել է ուսուցչի դերը երեխաների դաստիարակության բարդ ու դժվարին գործում։ Սակայն դժվարությունների հետ մեկտեղ ուսուցչի աշխատանքն, իրոք պատվաբեր է։ Այս դժվարին ու ամենապատասխանատու աշխատանքի արդյունքում է ձևավորվում անհատը, երկրի պաշտպանը, նրա ապագան կերտողը և պարզապես՝
Մարդը։ Ուսուցիչ ունեցել ենք բոլորս, սակայն յուրաքանչյուրս էլ մեր հոգու խորքում առավելապես սիրում, հարգում ու առանձնացնում էինք մեկին։ Խնապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Զավեն Բեգլարյանը վաստակաշատ այն ուսուցիչներից է, ով, համոզված ենք, սիրված ու հարգված է իր բոլոր աշակերտների կողմից և բարի, անաչառ ու ցանկացած հարցում միշտ պատրաստակամ գործընկեր է։ Վերջերս լրացավ բազմավաստակ ուսուցչի ծննդյան 63-րդ տարեդարձը, ինչը որպես պատեհ առիթ օգտագործվեց փորձառու մանկավարժին ու պարզապես մեծ Մարդուն մեր հասարակությանը ներկայացնելուն։ Զ. Բեգլարյանը ողջ գիտակցական կյանքն ապրել է ի բարօրություն հարազատ երկրամասի, իր անմնացորդ նվիրվածությամբ սերունդներ է դաստիարարակել, ովքեր իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով միայն հպարտություն են պարգևել իրենց սիրելի ուսուցչին։ Նա որպես կյանքի նշանաբան ընդունելով ջանասիրությունն ու նվիրվածությունը կարողացել է բազում խոչընդոտներ հաղթահարելով շուրջ 33 տարի տնօրինել դպրոցը՝ միշտ վայելելով ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների սերն ու հարգանքը։ Բազմավաստակ տնօրենը միշտ հորդորում է իր ուսուցիչներին ջանք ու եռանդ չխնայել երեխաներին մեծ կյանքին նախապատրաստելու դժվարին գործում, ապահովել նրանց համակողմանի - ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։ Բազում սերունդներ են կրթվել ու դաստիարակվել նրա տնօրինությամբ, որոնցից շատերը հենց Զ. Բեգլարյանի սերմանած հայրենասիրության շնորհիվ ընդմիշտ հերոսացվել են ու նրանց անունները մեր պատմության մեջ ոսկե տառերով են գրվել։ Նրա տնօրինության տարիներին դպրոցի աշակերտները մասնակցելով շրջանային և հանրապետական տարբեր մրցումների և օլիմպիադաների միշտ պատվավոր տեղեր են զբաղեցրել՝ բարձր պահելով դպրոցի պատիվը։ Զավեն Փաշայի Բեգլարյանը ծնվել է 1950թ. ապրիլի 4-ին Խանաբադ գյուղում։ 1974 թվականին ավարտելով Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետն աշխատանքի է անցել Քռասնու ութամյա դպրոցում։ 1975 թվականի հունվարից մինչև 1975 թվականի սեպտեմբերի 1-ն աշխատել է Ստեփանակերտի շրջանային հեռակա միջնակարգ դպրոցի կոնսուլտկետի վարիչի պաշտոնում, իսկ 1975 թվականի սեպտեմբերից մինչև 1976թվականի սեպտեմբերն աշխատել է Այգեստանի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1976-77 ուսումնական տարում վերադառնալով հայրենի գյուղ՝ աշխատանքի է անցնել տեղի միջնակարգում որպես ուսումնական մասի վարիչ։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1980թ. մարտ ամիսը։ Մարտից մինչև նույն թվականի օգոստոսն աշխատել է որպես գյուղխորհրդի նախագահ։ 1980թ. օգոստոսի 15-ին նշանակվել է Խնապատի միջնակարգ դպրոցի տնօրեն, որ պաշտոնում և աշխատում է առայսօր։ Բարձ գնահատելով մեծ մանկավարժի երկարամյա անբասիր գործունեությունը՝ 2009 թվականին Զ. Բեգլարյանին շնորհվեց §Վաստակավոր ուսուցիչ¦ վեհ կոչումը։ Այս անգամ հոբելյարին շնորհավորելու էին գնացել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, §Բերդ¦ շրջանային թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը, վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, Ասկերանի միջնակարգ դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը։ Երկարամյա անբասիր գործունեության, սովորողների կրթության և դաստիրարակության գործում ունեցած մեծ ավանդի համար շրջվարչակազմի ղեկավարը Զավեն Բեգլարյանին պարգևատրեց ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, վարչակազմի պատվոգրով և թանկարժեք նվերով։ - Կյանքիս ցանկացած փուլում աշխատել եմ միշտ մաքուր լինել խղճիս առջև՝ առանց որևէ գնահատանքի արժանանալու ակնկալիքի։ Այսօր զգում եմ, որ տարիներիս վաստակը գնահատված է, և ես ինձ այն երջանիկներից մեկն եմ համարում, ում հաջողվել է Հայրենիքի բարօրության համար լումա ներդնել։ Ինչպես որ մաթեմատիկան է օգնում տարբեր գիտություններում բնության ընդհանուր օրենքները գտնելու հարցում, այնպես էլ ուսուցիչը պետք է օգնի և ուղենիշ հանդիսանա իր աշակերտների համար՝ կյանքում իրենց տեղը գտնելու դժվարին ու պատասխանատու գործում։ Զավեն Բեգլարյանն այն մանկավարժներից է, ում հաջողվել է մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկումներով մեծ նավարկության ճանապարհել բազում սերունդների՝ գիտելիքների գերազանց իմացությամբ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |