ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆՔ
07.05.2013 18:03

   20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության վարած հայահալած քաղաքականությանը զոհ գնաց մեկ ու կես միլիոնից ավելի հայ։ Հազարավորներն էլ դարձան պանդուխտներ ու սփռվեցին աշխարհով մեկ։ Անմարդկային, վայրագ արարքների, խոշտանգումների ու սպանդի ենթարկվեց մի ժողովուրդ միայն նրա համար, որ հայ էր։ Այդ ահասարսուռ ու մարդու հոգեկան 

աշխարհը ցնցող տեսարաններն անհնարին է մոռացության մատնել, թեկուզ և շուտով բոլորելու է այդ անգութ նախճիրի 100 ամյակը։ Մինչդեռ տարիների հետ հայոց համազգային, ու նաև ամբողջ մարդկության մխացող վերքը նորանում է նորովի։ Մենք՝ դատապարտելով 1915 թվականի Ցեղասպանությունը, ամեն կերպ ու ամեն գնով պետք է ապացուցենք աշխարհին մեր արդարացի պահանջի իրավացիությունը, ամբողջ աշխարհը պետք է ճանաչի ու դատապարտի Ցեղասպանությունը։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ իր հոգու խորքում Սողոմոն Թեհլերյան է, Միսաք Թորլաքյան, Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան կամ թե մի այլ հայ վրիժառու։ Միայն ապրիլի 24-ին չէ, որ պիտի ազդարարենք ի լուր աշխարհին արյունարբու թուրքի ով լինելու մասին։ Ապագա սերունդը պետք է դաստիարակվի պահանջատիրության տոգորուն ոգով։ Եթե հայ ժողովրդի անցյալի պատմության արյունոտ էջերը մահվան դատապարտված ու հուսահատ ազգի ճակատագրի մասին են պատմում, այսուհետ միայն հաղթանակած ժողովրդի արժանի հետնորդներ լինելու ու միմիայն հաղթանակներ կռելու հաստատակամությամբ ու վճռականությամբ ենք լեցուն։ Քանզի տարագիր ու պանդուխտ Մասիսը սպասում է մեզ։ 
  Ապրիլի 23-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական միության նախաձեռնությամբ Ասկերանում մեկնարկեց պահանջատիրական ջահերթ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին։ Երթին մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի բաժինների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներ, Ասկերանի, Ավետարանոցի, Իվանյանի, Խնապատի, Աստղաշենի, Պատարայի, Բերքաձորի միջնակարգ դպրոցների, Մարտունու շրջանի Աշանի, Մարտակերտի շրջանի Սեյսուլանի և Հովտաշենի միջնակարգ դպրոցների աշակերտները։ 
Ջահերթի մասնակիցները հավաքվել են նոր անվանակոչված Փետրվարի 22-ի հրապարկում, որտեղ և անցավ Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հարգելու ցույցի հիմնական մասը։
Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։ Նա ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։
- Սիրելի հայրենակիցներ, ընդամենը երկու տարուց հետո պետական մասշտաբով կնշվի Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակը։ Եկել է ժամանակը հասկացնելու միջազգային հանրությանը, որ մենք, իրոք մեծ ցեղասպանություն ենք ապրել։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում Օսմանյան կայսրությունում սպանդի ենթարկվեց 1.5 միլիոն հայ, շուրջ մեկ միլիոնն էլ վտարանդի դարձավ։ Սակայն այսօր մենք չենք վհատվում, ու չենք հավաքվել ցավով, կսկիծով պարուրվելու, այլ բռունցքվելու, միանալու, միասնակամ մեր կամքը, մեր արդար պահանջատիրությունն արտահայտելու։ Աշխարհը պիտի հասկանա, որ եթե կա հայը, ապա նա միշտ պահանջատեր է լինելու, իսկ մեր պահանջատիրությունը կապված է մեր հողերը զավթած, մեր ունցվածքը թալանծ թուրքերի հետ, որոնք պետք է վարձահատույց լինեն։ Եվ մենք կհանգստանանք միայն այն դեպքում, երբ մեր եռագույնը ծածանվի Մասիսի սեգ գագաթին։
Ապա ելույթի համար խոսքը տրվեց Ասկերանի ՊԵ թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանին։
- Այսօր մեզ պես աշխարհի բոլոր հայաբնակ վայրերում համայն հայությունը գլուխ է խոնարհում մարդկության պատմության ամենազարհուրելի ոճրագործություն-ներից մեկի՝ 1915 թվականի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։ Մենք պետք է ամենօրյա գործունեությամբ, մեր հրապարակումներում ու մամուլում եղեռնագործության թեման ամենագործածականը դարձնենք։ Քանզի ցեղասպանության խնդիրը, նրա հետևանքները շարունակում են մնալ հայոց ռազմավարության մեջ ամենառանցքային ու համար մեկ խնդիրը։ Հետևաբար, որպես գերխնդիր պետք է ամեն գնով պայքարենք հասնելու ցեղասպանություն վերապրածների ժառանգորդների իրավունքների ճանաչմանը։
- Մենք՝ Արցախյան պատերազմ տեսած սերունդս, պահանջում ենք թուրքից, որպեսզի ճանաչեն իրենց եղեռնագործ պապերի արարքն ու հատուցեն, ապա թե ոչ հավիտյան անարգված կմնան պատմության մեջ։ Մեր պայքարը հավերժական է, մենք դեռ անելիքներ շատ ունենք։ Մենք կհզորանանք տնտեսապես, սոցիալապես, քաղաքականապես, գաղափարապես, կբռունցքվենք, կհամախմբվենք, որպեսզի չճկենք մեր պարանոցը նորագույն բռնավորների առջև։ Մենք ունենք մեծ ու ամբողջական նպատակ՝ ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի կերտումը։ Եվ ոչինչ ու ոչ ոք չի կարող խաթարել այդ մեծագույն երազանքին հասնելու հավերժական ընթացքը,- իր ցասումնալից ելույթում ասաց Մարտակերտի շրջանի Հովտաշենի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, ՀՅԴ ներկայացուցիչ ընկերուհի Արևիկը։
Ելույթներն ընդհատվում էին §Պահանջատեր ենք¦, §Ճանաչում¦ ջահերթի մասնակիցների խրոխտ վանկարկումներով։
Ելույթներ ունեցան նաև Ասկերանի միջնակարգ դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը, Ասկերանի մշակույթի տան մասնագետ Նինել Գաբրիելյանը, ովքեր մեկ անգամ ևս դատապարտելով ցեղասպանությունն ու ոճրագործության կազմակերպիչներին, հույս հայտնեցին, որ Հայոց Մեծ Եղեռնը վերջապես կճանաչվի միջազգային հանրության կողմից։
- Երանի այն հային, ով պիտի ազատագրված Մասիսը տեսնի մյուս կողմից,- իր ելույթն այսպես եզրափակեց Կ. Մայիլյանը։
Երթի մասնակիցները §Ոգին ամենազոր է¦, §Պահանջում ենք ճանաչում¦ ցուցապաստառներով հրապարակից շարժվեցին դեպի Ասկերանի բերդի մատույցները, որտեղից նրանք ավտոշարասյուններով շարժվեցին դեպի մայրաքաղաք՝ միանալու Սուրբ Հակոբ եկեղեցու բակում սպասող ջահակիրներին։
Արդեն տասնհինգերորդ տարին է, ինչ Արցախի երիտասարդները Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի արարողությունները ջահերթով են մեկնարկում։ Նախքան ջահերթի մեկնարկելն Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականանց դասի մասնակցությամբ կատարեց հոգեհանգստի և ոգեկոչման արարողություն։ Ոչ բարենպաստ եղանակն ի զորու չեղավ խախտելու արդեն ավանդական դարձած ջահերթը, որը ձգվեց մինչև Ստեփանակերտի եղբայրական գերազմանոց, որտեղ ևս տեղի ունեցավ միտինգ, հնչեցին Ցեղասպանությունը դատապարտող ելույթներ։
Ողջունելի է այն փաստը, որ տարեց-տարի ստվարանում են ջահակիրների շարքերը, սաստկանում ու խրոխտանում ցեղասպանությունը դատապարտող կոչերը։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Այն պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը՝ 1965 թվականին։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոսի Հանրապետություն, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա։
Հայ ժողովրդի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում` պատմության չավարտված գլուխ է, քանի դեռ ոճրագործն ըստ արժանվույն չի դատապարտվել, իսկ հայերը հատուցում չեն ստացել:
Մեր համազգային ցասումն ալեկոծվում է, ափեափ տալիս, հոխորտում հրաբխի նման, որն ուր որ է կժայթքի։ Սակայն մեզ հայ են ասում, ու մենք գիտենք մեր տեղն ու դերն աշխարհի պատմության մեջ ու հավատարիմ ենք մեր ազգային բնույթին ու արժեքներին։
Թեկուզ և դարեր գլորվեն, հազարամյակներ՝ մենք դատապարտել, դատապարտում ու դատապարտելու ենք Մեծ Եղեռնը, ու աշխարհի գերտերությունները վաղ թե ուշ ևս կճանաչեն ու կդատապարտեն այդ ոճրագործությունը։ Քանզի մենք մեր մանուկներին դաստիարակում ենք պահանջատիրական ոգով, ու մեր պահանջատիրությունը բռնազավթված և հայաթափված Հայերնիքի վերադարձի խնդիրն է նաև: Ու քանի կանք, շնչում ենք՝ մենք պահանջատեր ենք։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

alt

alt

 

alt

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter