Մայիսի 4-ին Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը մարդաշատ էր: Երկրորդ դասարանցի-ների ռուս այբուբենի տոնն էր: Օրը վերածված իսկական տոնի՝ մեծ խան-դավառություն և հետաքրքրություն էր շարժում դահլիճում: Դպրոցի տնօրինության գլխավորությամբ հավաքվել էին կրտսեր դպրոցի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ: Կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը
ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց. - Այսօր կարևոր օր է երկրորդ դասա-րանցիների համար: Նրանք գիտեն ինչպես մայրենիի, այնպես էլ ռուսաց լեզվի տառերը: Եկել է պահը տեսնելու, թե ինչպես են յուրացրել այբուբենը, ինչպիսի առոգանությամբ են արտասանում: Ցանկանում եմ շեշտել, որ մեր դարավոր բարեկամությունը ռուսների հետ հավիտյան է լինելու և երեխաները պարտավոր են լավ տիրապետել այդ լեզվին: Երկրորդցիները ներկայացրին ռուսաց լեզվի տառերը, նրանք սահուն և գեղեցիկ արտասանում էին ռուսերենով, իսկ ռուսական երգերն ավելի էին բարձրացնում ներկաների տրամադրությունը: Երեխաներից յուրաքանչյուրը ներկայացնում էր ռուսական հայտնի հեքիաթների հերոսներին և նմանակումն այնքան տիպիկ ու ոգևորիչ էր ու երեխաներն այնպես էին մտել դերերի մեջ, որ, պարզապես, ամեն ինչ կախարդական և ջինջ էր թվում: Դահլիճում տիրում էր անհոգ և ուրախ մթնոլորտ: Օրվա հերոսները ռուս այբուբենը պատվով հանձնեցին առաջին դասարանցիներին: ՀՀ, ԼՂՀ և ՌԴ ծածանվող պետական դրոշներն ազդարարեցին մեր ժողովուրդների բազմադարյա և հավերժ բարեկամությունը: Ներկաներին սրտի խոսք ասաց ռուսաց լեզվի ուսուցչուհի Անժելա Համբարձումյանը. -Այսօր մեզանից յուրաքանչյուրը հիշեց իր մանկությունը: Ներկայացված բանաստեղծությունները, երգերն ու հեքիաթները բոլորիս հրաշալի տրամադրություն և քաղցր հուշեր պարգևեցին: Անշուշտ, մեր առջև ոչ թե դերասաններ են, այլ ընդամենը երկրորդ դասարանի աշակերտներ, որոնք նախապատրաստվել ու ներկայացել են ամբողջ սրտով: Նրանք գիտակցում են, որ սովորել են հզոր և մեծ ռուսաց լեզվի տառերը, որի իմացությունը կարևոր է բոլորիս համար: Ցանկանանք, որպեսզի փոքրիկները մեծանան պայծառ արևի և խաղաղ երկնքի տակ, իսկ նրանց կյանքի ճանապարհը մշտապես կանաչ լինի: Դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը հատուկ շեշտ դնելով միջոցառման կազմակերպվածության վրա՝ փաստեց. -Մեր երեխաներն այսօր հիացրին ամենքիս: Նրանց սահուն խոսքը, ազատ և անկաշկանդ հանդես գալը, վկայում է, որ ուսուցչուհին իզուր չի ջանքեր գործադրել: Մատաղ սերունդը պետք է իմանա, որ մենք ռուս ազգի հետ վաղեմի բարեկամներ ենք: Քանզի միասին Հայրենիք ենք պաշտպանել, իսկ դա երբեք հնարավոր չէ մոռանալ: Այսօր, մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել խաղաղ կյանք, ստեղծել բարեկեցիկ ապագա: Համոզված եմ, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ մենք ունենք հզոր հայկական բանակ, որի ապագա զինվորներն են մեր առջև: Փոքրիկներն իրենց հիանալի ելույթով ցույց տվեցին այն, ինչ սովորել են մեկ տարվա ընթացքում: Ռուսերենի տառերը նրանց մատուցվել են վարպետությամբ ու պատասխանատվությամբ: Ակնհայտ է ռուսաց լեզվի մասնագետ Անժելա Համբարձումյանի նվիրված աշխատանքը, որի արդյունքի խոսուն վկան օրվա միջոցառումն էր: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |